Գրքեր

Անկարելին եղաւ կարելի. աներեւակայելին մարմին զգեցաւ, Յիսուս Յարեա՜ւ

«ԱՆԿԱՐԵԼԻՆ ԵՂԱՒ ԿԱՐԵԼԻ. ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻՆ ՄԱՐՄԻՆ ԶԳԵՑԱՒ, ՅԻՍՈՒՍ ՅԱՐԵԱ՜Ւ»

Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալ և հավատարիմ հայորդիք,

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 12֊ին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Խորանից ավետելով ամենքին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

«Հարեա՜ւ»…

Այս մեկ բառի մեջ խտացված է քրիստոնեական հավատքի էությունն ու զորեղությունը, Քրիստոսի եկեղեցու հարատևության գաղտնիքը, անմահության խորհուրդը… Հրաշափառ և աստվածավայելուչ հարությունը փոխեց պատմության ընթացքն ու հեղաշրջեց մարդկային կյանքը. լույսը հաղթեց խավարին, սերը՝ ատելությանը, ճշմարտությունը՝ կեղծիքին…, կյանքը գերեզմանեց մահվանը. «Մահը կուլ գնաց հաղթությանը: Ուր է, մա՛հ, քո հաղթությունը, ուր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթացիս ԺԵ 55):

Արդ, եկե՛ք Զատկական այս առավոտ մեր մեջ նորոգենք հավիտենական կյանքի ձգտումն ու փափագը: Բյուրեղացնենք և զորացնենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի Հարությամբ շնորհված ճշմարտության վրա: Ապրենք մեր երկրային կյանքը՝ վեհագույն արժեքների գիտակցությամբ՝ երկրայինի մեջ ամրագրելով հավիտենությունը, քանզի Երկնքի արքայությունը միայն երկնքում չէ, այն մե՛ր մեջ է, մեր ներաշխարհում, Տիրոջ խոսքերով՝ «արքայութիւնն երկնից ի ներքս ի ձեզ է» (Ղուկաս ԺԷ 21):

Աղոթում ենք և հայցում մեր Երկնավոր Տիրոջից, որ Հարության հոգեպարար խնդությունն առ Աստված փառատրության վերածի ամենքիս կյանքը, և Զատկական զորեղությամբ վերակերտվի մեր Ազգն ու Հայրենին՝ ի փառս Փրկչի և ի պայծառություն հայազարմ ժողովրդի:

 

Զատկական բերկրությամբ և Հարուցյալ Տիրոջ օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

12.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․