Գրքեր

Անմիտ մարդը

Շիկահեր տղան թռչկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով՝ փորձելով բռնել նրա ձեռքը: Իսկ նա միայն սաստում էր նրան՝ քթի տակ փնթփնթալով.

- Ի՞նչ պատիժ է գլխիս: Ծնվել է, որպեսզի խանգարի ինձ ապրել:

- Մամ, իսկ երբ վերադառնանք, մորեխի մասին հեքիաթը կկարդա՞ս:

- Խեղճ երեխա,- վշտանում էին մարդիկ,- հիմարիկը չգիտի, որ իրեն մանկատուն է տանում:

Երբ տղան մեծացավ և կարողացավ մորն այցելել, ապա աշխատում էր հնարավորինս երկար ժամանակ նրա հետ անցկացնել: Պատանին հաճախ էր մորը սաստիկ հարբած վիճակում գտնում, շտապ օգնություն էր կանչում և մինչ բժիշկների գալը քնքշությամբ շոյում էր նրա ձեռքն ու համբուրում կեղտոտ այտը.

- Ախր ինչո՞ւ ես այսպես անում, մայրիկ: Համբերիր, ամեն ինչ լավ կլինի:

- Աննորմալ երեխա, ուղղակի անմիտ: Սեփական անձի հանդեպ ոչ մի հարգանք չունի: Մայրը նրան չէր սիրում, իսկ նա վազում է, փրկում,- զարմանում էին ծանոթները:

Արագ անցան դպրոցական տարիները, թռավ ուսանողական ժամանակը: Երիտասարդը գերազանցությամբ ավարտեց ուսումը և բոլորը նրա համար լավ ապագա էին գուշակում: Սակայն, ի զարմանս ամենքի, նա գնաց դպրոցում աշխատելու:

- Կարմիր դիպլոմդ էլ քեզ չօգնեց: Հիմարը կործանեց իր ապագան, գնաց օտար անբաններին դաստիարակելու,- վրդովվում էին ծանոթները:

Մայրը մահացավ: Հոգատար որդին չէր մոռանում դեպի գերեզման տանող ճանապարհը, բայց այժմ իր կնոջ հետ միասին, ով հարևան մուտքից էր:

Անմիտ,- քննադատում էին բակի տատիկները,- ինչպիսի գեղեցկատես տղա է, քանի աղջիկ էր պատրաստ նրա հետ ամուսնանալ: Իսկ նա տգեղ ու կաղ մեկին ընտրեց:

Նրանք ի զորու չէին հասկանալ, որ գլխավորն աչքով չես տեսնի: Իսկ երիտասարդները սիրով ու համերաշխ էին ապրում: Միայն երեխաներ չունեին: Սակայն շուտով հարևանները նրանց տեսան այգում զբոսնելիս՝ երկու փոքրիկների հետ՝ մի աղջկա ու տղայի: Ինչ-որ մեկի կողմից լքված երեխաները հարազատ էին դարձել այդ զույգի համար:

- Անմիտ,- եզրակացրեցին շրջապատի մարդիկ,- այդ կինը ծնել չի կարող, իսկ նա խենթանում է նրա համար: Դե հիմա թող ուրիշների երեխաներին մեծացնի:

Սակայն դա ամենևին էլ չէր անհանգստացնում երջանիկ ընտանիքին: Տարիներն անցնում էին: Երեխաները մեծացան, լավ ուսում ստացան, իրենց ընտանիքները կազմեցին և ոչ մի օր չմոռացան ծնողների մասին:

Մի անգամ ձմռանը հայրը զբոսնում էր գետափին: Նա մոտեցավ հավաքված մարդկանց, ովքեր հետևում էին սառույցի պոկված կտորին հայտնված շանը: Կենդանին աղիողորմ վնգստում էր՝ մարդկանցից օգնություն հայցելով: Սակայն դա ոչ մի կերպ չէր ազդում մարդկանց սրտերի վրա: Եվ միայն տարեց տղամարդն, առանց երկար-բարակ մտածելու, սառցե ջուրը նետվեց…

- Ի՜նչ անմիտ մարդ,- ասում էին հարևանները,- Վերջերս տարած ինֆարկտից հետո այդպես վարվել: Խելք չուներ և չավելացավ էլ: Հիմար ծնվել էր, հիմար էլ մեռավ:

Իսկ նա իր հերթին էր սպասում դրախտի դարպասների մոտ:

- Անունդ ի՞նչ է,- հարցրեց մուտքի մոտ կանգնած հրեշտակը:

- Ինքս էլ մոռացա, թե ինչ է անունս,- պատասխանեց մարդը,- բայց շրջապատիս մարդիկ ինձ Անմիտ էին անվանում:

- Ներս արի, անունդ գրված է Կյանքի Գրքում, սակայն այն այլ կերպ է հնչում՝ Սեր:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

03.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․