Գրքեր

Ապրիլ 24

«Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք,

Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդա նախատինք» (Ավետիս Ահարոնյան):

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս,

Այս տողերը պատկանում են 19-րդ դարի վերջում Իգդիրում ծնված հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, 1919թ.-ին Հայաստանի առաջին հանրապետության նախագահ Ավետիս Ահարոնյանին: Ես որոշեցի հենց դրանք ընտրել որպես քարոզիս բնաբան, քանի որ կարծում եմ՝ այսօր մեր ազգը հայտնվել է մի այնպիսի վտանգավոր իրավիճակում, երբ տարբեր կողմերից փորձ է արվում մեզ թմբիրով պատելու, զրկելու գենետիկ հիշողությունից, մեր ազգային իմունիտետից, մեր ինքնապաշտապանական բնազդից, որը հայը երբևէ չպետք է թույլ տա, եթե ցանկանում է ապրել:

Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է, սիրելինե՛ր, և մենք հայի մեր անկոտրում ոգին ու աներեր կամքը բոցավառ ջահ դարձրած, պարզել ենք ընդդեմ աշխարհի խավարի՝ ասելու, որ մեր ցեղասպանված նախնիների հիշատակը հավերժ վառ է մեր հիշողության մեջ: Այսօր մենք միակամ ու միասիրտ խնկարկում և աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված մեր միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակին: Այսօր հայկական եկեղեցիների զանգերն այլ հնչողություն ունեն, շարականները՝ մեկ այլ նրբերանգ, աղոթքը՝ մեկ այլ ոգի: Այսօր բոլորիս հայացքը մեկ ուղղություն ունի՝ դեպի Արևմտյան Հայաստան, որտեղ պատմության ընթացքը մեզ համար կանգ է առնել՝ Դեր-Զորի անապատում ձգվող մեր ազգակիցների արնաներկ քարավանի անմարդկային պատկերի վրա:

Այսօր շատերը միգուցե ուղիղ ժառանգները չեն Արևմտյան Հայաստանում կոտորվածների, սակայն մի այնպիսի սարսափելի ոճիր, ինչպիսին ցեղասպանություն ասվածն է, մեզ պարտավորեցնում է վառ պահել մեր ազգակիցների հիշատակը և նրանց անունից դատապարտել ու պահանջատեր լինել, որպեսզի հանցագործն ի լուր աշխարհի ընդունի իր հանցանքն ու դրանով իսկ կանխվեն հետագայի ոճիրները: Մենք, որպես քրիստոնյաներ, սեփական օրինակից գիտենք, որ մեղքը, հանցանքը չի շտկվում այնքան ժամանակ, քանի դեռ չենք ընդունել, որ այն գործել ենք, չենք գիտակցել, որ այն իսկապես կործանարար է ու մահացու և զղջալով՝ ներողություն չենք խնդրել դրա համար: Մեղսագործությունը շտկելու և չկրկնելու միակ ճանապարհն այս է:

Հրաչյա Աճառյանի «Արդի հայրենի բացատրական բառարան»-ում ցեղասպանությունը բացատրվում է որպես՝ «Ծայրահեղ վայրենի՝ բարբարոսական գործողությունների ամբողջությունը, որ կատարվում է բնակչության մի որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբը լրիվ կամ մասնակիորեն ոչնչացնելու դիտավորությամբ»: Մեր ազգը, ցավոք, այդ անմարդկային ոճրի զոհն է դարձել և՛ Օսմանյան կայսրությունում՝ Համիդյան ջարդերից մինչև Մեծ Եղեռն, և՛ Ադրբեջանում՝ Մարաղայի, Սումգայիթի, Բաքվի և Գանձակի ջարդերի ժամանակ: Եվ այս ամենն աշխարհի լուռ համաձայնությամբ, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, չարի կողմից կառավարվող, աստվածուրաց աշխարհն ընթանում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքով և ինչպես Գարեգին Նժդեհն է նկարագրել. «Գողգոթայէն` Արևմտահայաստանէն կբարձրանար աղաղակը հավաքավառ խաչեցյալի, օգնությու՜ն, փրկությու՜ն ինձ: Իսկ մարդկությունը` հանցավոր ու անտարբեր կպատասխաներ.«….Կոտրվու՞մ ես՝ որովհետև թույլ ես… Թուլությունը ծնված է սնուցանելու ուժը: Ուժն է ծնում իրավունքը... Այս էր աշխարհը հայկական Գողգոթայի հանդեպ: Այսպես կպատասխաներ մարդկությունը մահվան դատապարտված այս ժողովրդին»:

Ես գիտեմ, թե որքան ծանր է ցեղասպանության մասին լսելը, կադրերը դիտելը, սիրելինե՛ր. մահն ինքնին մերժելի ու խորթ երևույթ է հավիտենության համար արարված մարդու հոգու համար, էլ ուր մնաց թե բռնի մահը: Հենց սրանով պայմանավորված մեզնից շատերը փորձում են ամեն կերպ իրենցից հեռու վանել այդ սարսափելի տեղեկությունները՝ խնայելով սեփական հոգու անդորրը: Ես դա հասկանում եմ, բայց գիտեմ, որ քանի դեռ ոճրագործը չի ընդունել իր գործած հանցանքն ու ներողություն չի խնդրել մի ողջ ազգ ցեղասպանելու համար, մենք պարտավոր ենք հիշել և ողջ աշխարհին հիշեցնել մեր ազգի տառապյալ զավակների մասին, որոնք գազանաբար սպանվեցին նրա համար, որպեսզի թուրքական պետության ծավալապաշտական նկրտումներն անարգել իրականություն դառնան: Դրանք ցայսօր էլ արդիական են:

20-րդ դարասկզբի այդ ցավագին դեպքերն այսպես է նկարագրում գերմանացի գրող Արմին Վագները. «Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով»: Ռուս արվեստագետ Վալերի Դորդլեվսկին էլ ասել է. «Հողը մեկ անգամ չէ, որ կարմիր է ներկվել հայերի արյամբ, բայց պատերազմը ահռելի չափեր հաղորդեց կոտորածին: Եղեռնը իրագործվում էր որոշակի դրոշմակերպով՝ բնակչությունը քաղաքներից տարվում էր ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ կոտորվում էր կամ սովամահության մատնվում: Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ ջարդ»: Ահա ևս մեկ մտածողի խոսքերը. «Ցանկացած մեկը, ով անձամբ կծանոթանա փաստերի հետ, կհամոզվի, որ մարդկային լեզվի ուժը չի բավականացնի նկարագրելու այն, ինչն իրականում կատարվել ու կատարվում է և որ չափազանցումը, եթե մենք նույնիսկ հակված լինեինք դրան, մեր ուժերից վեր կլիներ…»: Ես միանգամայն համամիտ եմ այս խոսքերին և հակված՝ պնդելու, որ ցեղասպանության վայրագությունը մարդատյաց դարավոր թշնամու հստակ ձեռագիրն է: Այն նույնն էր առաջին դարերի քրիստոնյաների հալածանքների ժամանակ և չի փոխվել մինչ օրս: Ուզո՞ւմ եք տեսնել անկյալ հրեշտակի իրական դեմքը, նրա հրեշավորության և մարդու հանդեպ տածած ատելության չափը: Բա՛ց արեք ցեղասպանության մասին ականատեսների հուշերը և կճանաչեք նրան: Կտեսնեք նրա երևացող ու աներևույթ արբանյակներին, որոնց միջոցով ջանում է մարդկությանը տանել ֆիզիկական ու հոգևոր բնաջնջման: Քարոզիս բոլոր մեջբերումները համացանցային հայտնի հանրագիտարանից են, որտեղից էլ կարող եք սկզբնաղբյուրները գտնել և ուսումնասիրել: Եվ այսպես. Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուն իր «Հայոց ցեղասպանության գաղտնիքները» գրքում գրում է. «Չնայած թուրքական կառավարության սահմանած գրաքննությանը` բազմաթիվ ամերիկացիներ՝ հատկապես միսիոներները, գալիս էին ինձ մոտ, ժամերով նստում էին իմ գրասենյակում և արցունքն աչքերին պատմում էին այն սարսափազդու տեսարանների մասին, որոնք նրանք տեսել ու վերապրել են: Նրանցից շատերը` թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, հիվանդագինորեն ստանում էին հոգեկան ցնցում: Նրանք ինձ բերում էին ամերիկացի կոնսուլների նամակները, որոնցում մանրակրկտորեն նկարագրվում էին մղձավանջային տեսարանները, որոնք անհնար է բառերով նկարագրել: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքը գերազանցել է իր սատանայական վատ կերպարը, որը դարերի ընթացքում լավ հայտնի է դարձել բոլորին»: Ցեղասպանության կազմակերպիչներից՝ Թալեաթը հրամայել էր. «Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ արվի հայերի գոյությանը։ Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՛չ տարիքին, ո՛չ սեռին և ո՛չ էլ խղճմտանքին». այս ու նմանատիպ մյուս հրամանների համաձայն՝ «ծերունիներից, կանանցից և երեխաներից կազմվում էին քարավաններ, որոնք մեկնում էին շարասյուներով՝ ժանդարմների հսկողության տակ։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին այլևս քայլելու, սպանվում էին. բացառություն չէր արվում անգամ հղի կանանց հանդեպ»:

Թուրքական բանակի զինվորներից բացի, հայերի հարցով զբաղվում էր նաև «Հատուկ կազմակերպությունը», որ ստեղծվել էր այս առիթով, ուներ մինչև 34 000 անդամ, որոնց գերակշիռ մասը կազմում էին «չեթերը»՝ բանտերից ազատ արձակված հանցագործները: Կային նաև «մսագործի գումարտակներ» կոչվող խմբերը, որոնց անունն արդեն իսկ ամեն ինչ ասում է, և ահա այս գազանաբարո զանգվածը նետվեց իր զոհին հոշոտելու: Հայերն անպաշտպան էին, որովհետև նախ սպանվել էին ազգի մտավորականները, ապա զորակոչվել, զինաթափվել և սպանվել 18-ից 60 տարեկան բոլոր տղամարդիկ: Վանդակում մնացել էին անպաշտպան գառնուկները՝ կանայք, երեխաներն ու ծերերը, որոնց բնաջնջելն ամենևին էլ բարդ չէր գիշատիչ գազանի համար: Նրանցից շատերը սպանվեցին անապատներում, ոմանց կիրճերի լանջերից նետեցին գետը, հազարավոր հայերի կենդանի այրեցին խարույկի վրա, խաչեցին, ոտքերը մեխեցին, կանայք և երեխաներ փակվեցին ախոռներում և կենդանի հրկիզվեցին, աղջիկներն ու կանայք հրապարակայնորեն բռնաբարվեցին, ապա սպանվեցին: 1900 թվականին ծնված Թագուհի Լևոնյանի հիշողություններից է. «Բալուից Տիգրանակերտ (Դիարբեքիր) մեզ տանջում էին, և մենք տանջվում էինք… Վերջապես մենք հասանք Տիգրանակերտ։ Շշուկներ տարածվեցին, որ նահանգապետը հայերից պահանջում է 12-ամյա գեղեցիկ աղջկա... Գիշերը նրանք լապտերներով եկան՝ փնտրելու այդպիսի աղջկա։ Գտան նրան, կտրեցին ողբացող մորից և ասացին, որ նրան հետո կվերադարձնեն։ Ավելի ուշ նրանք համարյա մեռած երեխային վերադարձրին, սոսկալի վիճակում՝ թողնելով նրան մոր ծնկներին։ Մայրն աղեկտուր ողբում էր, իսկ երեխան, չկարողանալով տանել տեղի ունեցածը, մահացավ։ Կանայք չէին կարողանում հանգստացնել մորը։ Վերջապես կանայք փորձեցին մի ժանդարմի զենքով փոս փորել և թաղեցին աղջկան։ Այնտեղ մեծ պատ կար, և իմ մայրը և մի քանի կանայք դրա վրա գրեցին. «Այստեղ թաղված է Շուշանը»։

«Հայերն անվանվում էին «վտանգավոր մանրէներ», նրանց վերագրվում էր կենսաբանական ավելի ցածր կարգավիճակ, քան մուսուլմաններին։ Այս քաղաքականության գլխավոր քարոզիչը բժիշկ Մեհմեդ Ռեշիդն էր՝ Դիարբեքիրի նահանգապետը, ով առաջինը հրամայեց տեղահանվողների ոտքերը պայտել։ Ռեշիդը նաև կիրառում էր հայերի խաչելությունը՝ նմանակեղծելով Քրիստոսի խաչելությունը։ [Իսկ] 1978 թվականին թուրքական պաշտոնական հանրագիտարանը [այս գազանին] բնութագրում է որպես «հոյակապ հայրենասեր»։

Հայերի վրա կատարվում էին նաև բժշկական փորձարկումներ, ինչպես օրինակ՝ բծավոր տիֆի դեմ պատվաստանյութ գտնելու նպատակով և շատերն էլ դրանցից մահացան: «1919 թվականի ռազմական դատարանի անցկացրած հետաքննության արդյունքում հայտնի դարձան հայ երեխաների և հղի կանանց թունավորման փաստեր Տրապիզոնի սանիտարա-հիգիենիկ ծառայությունների և առողջապահության բաժանմունքի ղեկավար Ալի Սաիբի կողմից։ Թույնից հրաժարվողներին ստիպում էին այն ընդունել բռնի ուժով կամ խեղդում էին ծովում։ Տեղահանումների արդյունքում ողջ մնացած և Միջագետքի ճամբարներ հասած հայերին Սաիբը սպանում էր՝ ներարկելով մորֆինի մահացու չափաբաժին կամ թունավոր նյութեր։ Ֆրանսիացի և թուրք ականատեսները հաստատում են հիվանդանոցներում և դպրոցներում երեխաների թունավորվելու փաստերը։ Սաիբն օգտագործում էր նաև շարժական շոգեբաղնիքներ, որոնցում երեխաներին սպանում էին գերտաք շոգիով»: Եվ այս ողջ գազանության ֆոնին «հայ ժողովրդի դահճապետ Թալեաթը մարդասպանի գոռոզամտությամբ դեռևս 1915 թվականի օգոստոսի 31-ին գոչեց. «Հայկական հարցը լուծելու տեսակետից ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը՝ երեսուն տարում»… Եվ վերջում. «Լեհաստան ներխուժելու նախօրեին, ելույթ ունենալով գերմանական հրամանատարության գաղտնի մի խորհրդակցության ժամանակ, Հիտլերը հանդես է եկել երկարաշունչ ճառով, որի ընթացքում, համոզելու համար իր բարձրաստիճան հրամանատարներին, որ աշխարհն անմիջապես կմոռանա լեհ ժողովրդի հանդեպ ձեռնարկվելիք անողոք միջոցները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Մենք հիշում ենք և ամեն ինչ պիտի անենք, որպեսզի աշխարհն էլ հիշի ու դատապարտի, քանի դեռ վայրենաբարո հանցագործն իր հանցանքը չի ընդունել ու ներողություն խնդրել:

Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, սակայն ուրանում ենք մեր Արարչին, Քրիստոս Փրկչին թողած՝ մարդկանց մեջ ենք փնտրում «փրկիչներ», հավատում ու հետևում ենք բոլորին՝ Զորությունների Տիրոջից բացի, աստվածային ճշմարտությունն ու իմաստությունն անտեսած՝ անգիտանում ու մարդկային իմաստակությունն ենք ճառում և ապա շփոթահար հարցնում՝ ինչո՞ւ այսպես եղավ: Մենք ազգովի պիտի դառնանք դեպի հավատի զորագլուխ Քրիստոսը, սիրելինե՛ր, մաքրենք, սրբենք մեզ՝ հրաժարվելով մեր միջի կործանարար աղբից, որպեսզի Նա կարողանա բնակվել ու գործել մեր մեջ և այնժամ միայն կզորանանք Նրանով և կկարողանանք որդիական սիրով ու սրտացավությամբ նվիրվել այն բոլոր իրական արժեքներին, որ Աստծուց են պարգևված: Այնժամ կկարողանանք միասնաբար լծվել մեր վիրավոր հայրենիքի հին ու դեռևս արնածոր վերքերը բուժելուն, այն շենացնելուն և, ի վերջո, Աստծու սուրբ կամոք կկառուցենք առողջ, ուժեղ ու արժանապատիվ պետություն: Իսկ մինչ այդ Տիրոջով պայքարենք չարի ու մեղքի դեմ՝ և՛ մեր հոգում, և՛ աշխարհում: Ընկճվելու, հուսահատվելու և անգործության մատնվելու իրավունք չունենք: Եվ թող որ Ամենակարող Աստված ու մեր սրբադասված նահատակները օգնական լինեն մեզ այդ հարցում:

Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհն ու խաղաղությունը ձեզ և ամենքին. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

24.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․