Գրքեր

«Առաքինության աստվածային լարերը երբեք չեն լռում»

«Տաճարը ոչ միայն հոգու բարձր թռիչքների, վեհ կրոնական զգացմունքների վայր է, այլ նաև մի տեղ, ուր մեր հոգին տրամադրվում է առաքինի գործեր հանդես բերելու: Արարիչը դրել է հոգու մեջ առաքինության աստվածային լարեր, որոնք երբեք չեն լռում: Այդ աստվածային լարերը մեր խիղճն է, որ անդադար պահանջում է քրիստոնեական առաքինությունները մարմնացնել կյանքի մեջ»,- ասել է հայոց հայրապետներից Գևորգ Զ Չորեքչյանը:

Բոլոր ժամանակներում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգության և կենդանության միակ աղբյուրը հանդիսացել է գործնական քրիստոնեությունը: Փրկչի խոսքի համաձայն՝ առայսօր Հայ եկեղեցին քայլում է սիրո և կարեկցության ճանապարհով՝ քրիստոնեական առաքինությունների լույսն ու ջերմությունն ամենուր տարածելով: Սիրո ճամփորդներն ամենուր ի չիք են դարձնում անտարբերությունը: Նրանց կյանքում քրիստոնեական հավատն ու քրիստոնեական կյանքը անբաժան են միմյանցից: Այդ ճամփորդների շարքում սիրո առաքելության բարձր գիտակցությամբ իրենց ճանապարհն են անցնում նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն ու հոգևոր դասը:

Փետրվարի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Միրզոյան ընտանիքին, որ բնակվում է Երևանի Շիրակի 20/23 հասցեում: Սոցիալապես անապահով ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Այժմ ընտանիքի կարիքները փորձում է մասամբ հոգալ ընտանիքի մայրը՝ Սաթենիկ Մարտոյանը (35 տ.), ով մանկապարտեզում որպես դայակ է աշխատում: Ընտանիքի մայրը նշեց, որ իր աշխատավարձի և սկեսուրի հաշմանդամության գումարները չեն բավարարում անգամ իրենց ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար: Սաթենիկի ամուսինը և սկեսուրն անկողնային հիվանդներ են: «Ամուսինս տասնմեկ տարի առաջ ծնոտի և ոտքի կոտրվածքներ է ստացել, տասնմեկ վիրահատություն տարել, սակայն տարեցտարի մեծ բարդություններ են առաջացրել նրա մոտ: Այժմ ամուսնուս մոտ թրոմբոզ վիճակ է, և ոտքը սկսել է սևանալ: Իսկ սկեսուրս շաքարային դիաբետ ունի, նրա մոտ ևս թրոմբներ են առաջացել, ոտքերը վերքոտվել են՝ գանգրենայի վտանգ ստեղծելով: Գումար չունենալու պատճառով նրանք չեն կարողանում պարբերաբար բուժումներ անցնել և օր օրի նրանց վիճակն ավելի է վատանում: Շատերին եմ դիմել օգնության, բայց՝ ապարդյուն: Արդեն ամսվա կեսից երկու անչափահաս աղջիկներս նայում են ձեռքիս, թե ինչ պետք է պատրաստեմ ուտելու»,- ասաց Սաթենիկը:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր սփյուռքահայ անանուն մի բարերար իր առաջին թոռնիկի՝ Լորին Մարիի ծննդյան առթիվ, նաև սննդի փաթեթ՝ եկեղեցու համայնքի կողմից տրամադրած:

Միրզոյան ընտանիքն անչափ երախտապարտ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իրենց ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

 

 

Կարինե Սուգիկյան

03.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․