Գրքեր

Արարչագործության շարքի մանրանկարները

Արարչագործության շարքը պատկերող մանրանկարների հանդիպում ենք Հին կտակարանների սկիզբը զարդարող էջերում: Արարչագործության առաջին օրը պատկերող մանրանկարներում աշխարհը ծածկված է ջրով, իսկ ջրերի վրա որպես լույս ճախրում է Աստծու հոգին: Արարչագործության երկրորդ օրը Աստված իրարից բաժանեց երկինքն ու երկիրը: Մանրանկարիչները աստվածային ոսկեդեղին լույսով են գծում երկնքի ու երկրի սահմանը: Մանրանկարների մեկ այլ խմբում պատկերվում է ջրբաժան կամար Աստվածաշնչում նկարագրածի համաձայն՝ Աստված տարածության ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից: Երրորդ օրը ներկայացնող պատկերներում ջրային հորձանքն է և բույսերով պատած ցամաքը: Չորրորդ օրը Աստված ստեղծեց երկնային լուսատուները, իսկ հինգերորդ օրը՝ ջրային կենդանիներին, զեռուններին և թռչուններին, որոնք էլ պատկերված են այդ օրերը ներկայացնող տեսարաններում: Արարչագործության պսակը դարձավ վեցերորդ օրը, երբ Աստված ստեղծեց սողուններին ու գազաններին և ընդհանրապես չորքոտանի բոլոր կենդանիներին, ապա՝ մարդուն: Դրախտը պատկերվում է եդեմական թռչուններով ու բույսերով, վառ, պայծառ գույներով: Ինչպես գրում է Փիլոն Ալեքսանդրացին, դրախտը ուրախության և զվարթության խորհուրդն ունի: Ծննդոց գրքի համաձայն՝ պատկերվում են դրախտից ելնող չորս գետերը, որոնցից յուրաքանչյուրի կողքին գրված է անունը՝ Փիսոն, Գեհոն, Եփրատ և Տիգրիս: Խաչատուր Խիզանցու 1591թ-ին նկարազարդած ավետարանում դրախտի կենտրոնում Կենաց ծառն է, որը բարձրանում է խաչադրոշ վեմ սեղանի վրա, որից սկզբնավորվում են նաև դրախտի չորս գետերը: Պատկերագրական նման կառուցվածքը հիմնված է Կենաց ծառ-խաչափայտ զուգահեռի վրա: Ինչպես դրախտի չորս գետերն են նյութականորեն ոռոգում աշխարհը, այնպես էլ խաչից Քրիստոսից բխող չորս ավետարաններն են ոռոգում, հոգևոր կենդանություն պարգևում մարդկային հոգուն:

Հայերեն Հին կտակարանի նկարազարդված օրինակներ հայտնի են XIII դարից: Դրանք մեծ մասամբ Կիլիկիայում ընդօրինակված ձեռագրեր են: Այդպիսիք են Հովհաննես Արքաեղբոր պատվերով ընդօրինակված Աստվածաշնչերը: Նույն դարում է նկարազարդվել նաև Երզնկայի Աստվածաշունչը: Հիշված ձեռագրերում Հին կտակարանի պատկերագրությունը սկսվում է ոչ թե Ծննդոց գրքի բովանդակությանը համապատասխան նկարներով՝ արարչագործության տեսարաններով, այլ Մովսես մարգարեի դիմապատկերով, որտեղ վերջինս ներկայացված է որպես Ծննդոց գրքի հեղինակ և անվանաթերթերի վրա նա պատկերված է այն գրելիս:

XIV դ. Հայաստանում ստեղծված Աստվածաշնչերի Ծննդոց գրքում պատկերագրական նոր հորինվածքների ենք հանդիպում: Արարչագործության շարքի հնագույն օրինակներից են Գլաձորի մանրանկարիչ Թորոս Տարոնացու ՄՄ 206 (1318 թ., 4ա) և նրան վերագրվող ՄՄ 353 (1317 թ., 8ա) Աստվածաշնչերի Ծննդոց գրքերի անվանաթերթերում «Ի» գլխատառի առանցքների փոքրիկ ձվաձև շրջանակների մեջ պատկերված աշխարհի ստեղծման օրերը

ներկայացնող մանրանկարները: Թորոս Տարոնացին իր ընդօրինակած Աստվածաշնչերից մեկում Մովսեսի պատկերի հետ մեկտեղ նկարել է Ադամին ու Եվային իմացության ծառի մոտ: Նման պատկերներ առկա են նաև XIV դ. կիլիկյան մանրանկարիչ Սարգիս Պիծակի գործերում և նույն դարի Վասպուրականի մանրանկարիչ Զաքարիա Աղթամարցու ընդօրինակած Ճաշոցի լուսանցազարդերից մեկում:

Արարչագործության շարքը փոքր-ինչ ընդարձակվում է Տաթևի և Վասպուրականի XIV-XVII դդ. մանրանկարներում: Արարչագործության շարքի պատկերներ են ներկայացված մանրանկարիչ Անանուն Սյունեցու ծաղկած ավետարանի էջերում. կենաց ծառի տակ պառկած Ադամի կողից ելնում է Եվան, որը ձեռքերը պարզել է դեպի Արարիչը, մեղսագործություն, դրախտից արտաքսում: Ադամի կողից Եվայի ստեղծման հայկական հնագույն մանրանկարներից է Անանուն Սյունեցու նկարազարդած ավետարանի պատկերը, ուր ներկայացված է այն պահը, երբ Աստված թմրություն է իջեցրել Ադամի վրա և նրա բացված կողից աստվածային աջով ստեղծվում, վեր է ելնում Եվան: Այստեղ Ադամն ու Եվան գտնվում են դրախտի պայծառ ու գեղեցիկ համապատկերում հրեշտակների փառաբանության ու օրհներգությունների ներքո, իսկ կենտրոնում՝ Կենաց ծառն է՝ դրախտի կախարդական թռչուններով: Այս ավետարանում Անանուն Սյունեցին ներկայացրել է դրախտի եռամաս կառուցվածք ունեցող պատկերաշար: Առաջինը Եվայի ստեղծումն է, երկրորդը՝ մեղսագործությունը, արգելված պտղի ճաշակումը, երրորդը՝ իմացության պտղի ճաշակումից հետո Ադամի ու Եվայի երկնչելն ու Աստծուց թաքնվելը: Այս երեք մանրանկարներում էլ Հայր Աստված պատկերված է Քրիստոսի նմանությամբ, քանի որ մինչև 16-17-րդ դարերը Սուրբ Հոգին և Հայր Աստված առանձին կերպավորում չէին ստանում:

Ծաղկող Սարգիս Խիզանցին պատկերել է դրախտը, ապա՝ Ադամի ու Եվայի մեղսագործությունը և նրանց արտաքսումը դրախտից: Նկարի տակ կա հետևյալ մակագրությունը. «Ադամ և Եւայեն դէմ դրախտին կուլան»: Նման բովանդակություն է արտահայտված նաև XVII դ. ծաղկող Առաքել Գեղամեցու գործերում: Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային: Նկարի տակ մակագրված է. «Ուրբաթ աւուրն Ադամ ստեղծեց և Եվայ ի կողեն քաշեց»:

Արարչագործության երկրորդ տարբերակը հանդիպում է Ղրիմի XIV դ. հայերեն Աստվածաշնչում (ՄՄ 352), որտեղ համադրված են արարչագործության օրերը, Ադամի և Եվայի ստեղծումը, մեղսագործությունը և վտարումը դրախտից: Ձեռագիրն ընդօրինակվել է 1367-1371 թթ. Սուղտա-Սուրղաթում, որի Ծննդոց գրքի արարչագործության տեսարանը տեղավորված է մեկ էջի վրա և ունի հետևյալ պատկերագրությունը. վերևի աջ անկյունում նստած է Հայր Աստված, Նրա առջևում հրեշտակներն են, ձախ կողմում՝ աշխարհաստեղծման պատկերաշարը: Նկարի կենտրոնական մասում հորիզոնական երեք շարքով պատկերված է Ադամի ու Եվայի պատմությունը: Առաջին շարքում՝ Ադամը դրախտում և Եվայի ստեղծումը նրա կողից, երկրորդ շարքում՝ Ադամի ու Եվայի մեղսագործությունը, ապա՝ նրանք զգեստավորված, երրորդում՝ Աստված նրանց դուրս է

հանում դրախտից: Պատկերման այս տարբերակը հիշեցնում է Աղթամարի գմբեթի ներսի որմնանկարը:

Հայերեն Ծննդոց գրքի արարչագործության պատկերների երրորդ տարբերակն առաջին անգամ հանդիպում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում ընդօրինակված XIII դ. հայերեն Աստվածաշնչում: Ձեռագրի գրիչը, թերևս նաև նկարների հեղինակը, Առաքելն է: Ձեռագրի Հին և Նոր կտակարանների նկարազարդումները կատարված են մեծ վարպետությամբ: Այս Աստվածաշունչը XIV դ. բերվել է ղրիմահայ գաղթօջախ, և նշանավոր գրիչ Նատերի որդի Ստեփանոսն այն լրացրել է Նոր կտակարանի մի քանի պատկերներով: Բոլոնիայի Աստվածաշնչի Ծննդոց գիրքը ունեցել է հետևյալ պատկերագրությունը՝ ամբողջ էջը հորիզոնական ուղղությամբ բաժանված է երեք շարքի. առաջին շարքում հայր Աստված բազմած է չորեքկերպյան աթոռին, իսկ Նրա աջ և ձախ կողմերում հրեշտակներն են: Երկրորդ շարքում պատկերված են Ադամն ու Եվան դրախտում, Եվայի՝ օձի հետ խոսելու պահը, ապա՝ նրանք իրենց մերկությունը ծածկած: Երրորդ շարքում՝ Աստված Ադամին ու Եվային արտաքսում է, և հրեշտակը նրանց դուրս է հանում դրախտից: Այս պատկերագրությունը նման է IX դ. Տյուրի նկարազարդ Աստվածաշնչերի արարչագործության պատկերներին: Արարչագործության նման ձևեր հանդիպում են նաև իտալական վերածնության շրջանի քանդակագործության մեջ: Օրինակներ կարելի է տեսնել Բոլոնիայի XV դ. քանդակագործ Յակոբո Դելլա Կվերչայի կատարած Սան Պետրոնսո եկեղեցու խորաքանդակում, որտեղ դարձյալ հրեշտակն է Ադամին ու Եվային դուրս հանում դրախտից: Ուշագրավ են նաև Օրվետի տաճարի Լորենցո Մատյանի կատարած որմնաքանդակները: Սակայն այստեղ ևս Աստված է Ադամին ու Եվային արտաքսում դրախտից: Պրագայի Ս. Վիտա վանքում պահպանվել են XIV-XV դդ. լատիներեն Աստվածաշնչեր, որոնց Ծննդոց գրքերի արարչագործական պատկերներն ունեն իտալական ծագում: Այս ամենից կարելի է ենթադրել, որ Ղրիմի հայ նկարիչներն օգտվել են թե՛ հունական, թե՛ իտալական օրինակներից:

Պատկերագրության չորրորդ տարբերակն առաջին անգամ հանդիպում է 1619 թ. Լվովում ընդօրինակված Ղազար Բաբերդացու Աստվածաշնչում: Այստեղ ամբողջ հորինվածքը տեղավորված է մեկ էջի վրա, հորիզոնական և ուղղահայաց գծերով բաժանված չորս հավասար հատվածների: Պատկերների այդպիսի դասավորության հանդիպում ենք XI դ. իտալական արվեստում, օրինակ, Պարմայի պալատական գրադարանի ավետարաններից մեկում: Նման ձևավորում հայկական ձեռագրերում կիրառվել է XIV դ. գրչության տարբեր կենտրոններում: Բաբերդացու Աստվածաշնչում արարչագործությունը ներկայացված է հետևյալ տարբերակով. աշխարհաստեղծման առաջին չորս օրը, Ադամն ու Եվան դրախտում, մեղսագործություն, Նոյի տապանը: Այս Աստվածաշունչն ընդօրինակված է եվրոպական մի օրինակից, իսկ վերջինիս նախատիպը համարվում է Մայնց քաղաքում 1609 թ. հրատարակված Աստվածաշունչը, որի մանրանկարների հեղինակն է Թեոդոլ դ՝ Բրայը: Բաբերդացու ձեռագրից կատարված ընդօրինակությունների հանդիպում ենք Նոր Ջուղայի XVII դ. Աստվածաշնչերում:

Արարչագործության հինգերորդ տարբերակը հանդիպում է Էջմիածնում ընդօրինակված 1686 թ. Աստվածաշնչում, որի ծաղկողներն են Մարկոս Պատկերահանը և Մաղաքիա Կոստանդնուպոլսեցին: Այս ձեռագրի Ծննդոց գրքի պատկերագրությունը այլ հորինվածք ու ձևավորում ունի: Երկու էջերում առանձին շրջանակների մեջ տեղավորված վեց նկարները չեն կրկնվում նախորդ տարբերակներից և ոչ մեկում: Առաջին հինգ պատկերներում ներկայացված է արարչագործության հինգ օրը, իսկ վերջինում՝ միայն Ադամի ու Եվայի ստեղծումը: Պատկերման այս եղանակը մեզ հանդիպած միակ օրինակն է, որի նախագաղափարը եղել է Ոսկան Երևանցու 1666թ. Ամստերդամում հրատարակած հայերեն առաջին Աստվածաշունչը:

Արարչագործության շարքի մանրանկարներ են պահպանվել Մատենադարանում պահվող Օխուի ավետարանում (ՄՄ 10908): Ավետարանը սկսվում է ութ մանրանկարներով, որոնք ներկայացնում են «Արարչագործությունը»: Յուրաքանչյուր պատկերի վերնամասում պատկերված է Հայր Աստվածը՝ լուսապսակով, երևացող մեկ ականջով, ունի երկարավուն, մոնղոլական աչքեր, բեղեր և մորուք, երկար, ուղիղ քիթ: Ստորին հատվածում պատկերված է աշխարհի ստեղծման դրվագները՝ ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի արարումը, երկնակամարի առաջացումը՝ հրեշտակներով, ինչպես նաև մարդու արարումը:

Օխուի ավետարանի «Մեղսագործություն» պատկերում Ադամն ու Եվան պատկերված են կիսամերկ՝ արգելված պտուղը ճաշակելիս: Եվայի ձախ կողմում օձն է: Դրախտի ծառը պատկերված է գեղեցիկ, նախշազարդ ծաղիկներով: Գունային երանգներից են բաց կանաչը, դեղինը, բաց և մուգ շագանակագույնը, նարնջագույնին նմանվող կարմիրը, կապույտը:

Այս ավետարանի արարչագործական շարքի մանրանկարներից մեկը պատկերում է Հայր Աստծու հանգիստը աշխարհի արարման յոթերորդ օրը: Զբաղեցնելով ողջ էջը՝ երեք քառորդ չափով թեք դիրքով նստած է Հայր Աստվածը՝ կիսանդրու ձևով, աջ ձեռքով օրհնող ժեստ անելիս: Գլխին գեղեցիկ լուսապսակ է, որն իր հերթին շրջապատված է ևս մեկով՝ ծաղկանման կամ արև խորհրդանշող, իսկ խորքում աստղեր և բուսական տարրեր են: Հաջորդ մանրանկարը հանդիպակաց էջում կրկին Հայր Աստծու պատկերն է՝ կարծես իր ստեղծած աշխարհի վրա երկնքից թագավորելիս: Պատկերված է «Դուռն արքայութեան» տեսարանը: Նկարի վերին հատվածում Հայր Աստվածն է, իսկ ներքևում՝ հավանաբար քրիստոնեական եկեղեցու հաստատումը. պատկերված է գմբեթավոր եռանավ եկեղեցի, խորանի վարագույրը, որի վերևում այն հովանավորող Հայր Աստվածն է:

Օխուի ավետարանը սերտ առնչություններ ունի XVI-XVII դ. հայ մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցու արվեստի հետ: Ջուղայեցու՝ Մանչեսթրի № 20 ձեռագրում ևս մանրանկարների շարքը սկսվում է Արարչագործության պատկերներով, որտեղ կրկին երկմաս կամ եռամաս բաժանումներ են: Վերին հատվածում՝ կամարի ներքո, Հայր Աստծու պատկերն է՝ լուսապսակով, երեք քառորդ չափով թեք դեմքով, երկարավուն, իսկ ներքևում՝ աշխարհի արարման տեսարանները: «Ստեղծումն Եվայի» մանրանկարում քնած Ադամի կողոսկրից

ստեղծվում է Եվան՝ հրեշտակների, Աստծու օրհնող Աջի և աստվածային լույսի ներկայությամբ: Եվ այս ամենը ուղեկցվում է մակագրություններով: Ուշագրավ է Հիսուսի գույնզգույն հագուստը և հատկապես նրա տաբատը, որը հագել է պարեգոտի տակից: Տաբատով պատկերված Հիսուսի կերպարը հայկական մանրանկարչության մեջ բացառիկ է:

Հակոբ Ջուղայեցին ՄՄ 9691 ձեռագրում «Եվայի ստեղծումը», ինչպես նաև Ծննդոց ցիկլի մյուս տեսարանները, պատկերել է Ահեղ դատաստանից հետո՝ մանրանկարների վերջում, ի տարբերություն Օխուի ավետարանի, որտեղ դրանք արարչագործությունից հետո են, այսինքն՝ մանրանկարների սկզբում: Ջուղայեցու մոտ ևս տեսնում ենք Հիսուսի կերպարը Հայր Աստծու դերում՝ ձեռքերի նույն դիրքով՝ մեկով բռնել է Եվայի արմունկից, մյուսով օրհնում է: Նմանություններ կան նաև Եվայի կիսանդրու, Ադամի քնած դիրքի մեջ, բայց վերջինս պատկերված է հագուստով: ՄՄ 9691 ձեռագրի մանրանկարում՝ ձախ վերին անկյունում, տեսնում ենք նաև երկնքի սեգմենտից դուրս եկող երեք հրեշտակների գլուխներն ու թևերը, իսկ աջ անկյունում կրկին Աստծու լույսն է, որ իջնում է Հիսուսի և Եվայի վրա: Երկինքը գունավոր գնդիկներով է պատկերված, որ կրկնվում է երկու ձեռագրերում էլ: Նրանում կարելի է տեսնել Աստծու աջը: Ջուղայեցու ավետարանում շատ հարուստ և ճոխ մանրանկարչություն է՝ լցված բույսերով և զարդերով, հագեցած և՛ գունային, և՛ կառուցվածքային առումով, ետնախորքն ամբողջապես պատված է բրոնզով:

Մանրանկարիչ Զաքարիա Ավանցու նկարազարդած 1595թ. ՄՄ 2804 ավետարանում մանրանկարների շարքը սկսում է «Ծննդոց» գրքից՝ արարչագործության պատկերներով: Դրանք յոթն են՝ առկա բացատրական գրություններով, և ներկայացնում են աշխարհի ստեղծումը ըստ արարչագործության յոթ օրերի: Զաքարիա Ավանցին արարչագործության շարքի տեսարանները (թթ. 4բ-6բ) պատկերել է խորանատիպ մանրանկարչական կառույցների մեջ, որոնք վերից վար ունեն երկմաս կամ եռամաս բաժանում: Դրանց վերնամասը աստվածության ոլորտն է, իսկ ստորինը՝ բուն արարչագործության: Բոլոր մանրանկարներում կենտրոնականը Հայր Աստծու պատկերն է, ում Զաքարիան ներկայացնում է Քրիստոսի կերպարանքով՝ անմորուս, ծալապատիկ նստած կամ կիսանդրի: Ստորին մասում բուսական ու կենդանական աշխարհի և Ադամի արարումն է: Մարդը գերադասն է և իշխանը ողջ կենդանական աշխարհի: Ավետարանում Ադամի՝ իբրև գերադաս էակի ստեղծումը, պատկերի վերևում է, իսկ ներքևում՝ կենդանական աշխարհն է՝ իր ողջ բազմազանությամբ: Ադամը պատկերված է հագուստով: Հայր Աստծու պատկերը իշխող դիրք ունի իր ստեղծած աշխարհի վրա:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

25.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․