Գրքեր

«Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի»

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։

«Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի»։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․

Այսօր Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հայտարարված է Արցախյան այս պատերազմում նահատակված զինվորների հիշատակի օր։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերում կմատուցվի սուրբ պատարագ՝ ի հիշատակ նահատակված բոլոր զինծառայողների և կամավորականների հոգիների հանգստության։ Այս օրերին մեր զորականների սխրանքը բնութագրվել է ամենաշատը հնչած ավետարանական հետևյալ խոսքերով. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհաննես 15:13)։ Հիրավի, աննկարագրելի է նրանց սխրանքը, նրանց քաջությունը՝ անասելի։ Ճիշտ է, յուրաքանչյուր հայ փորձում էր իր օգտակարությունն ու աջակցությունը բերել հայրենիքին, սակայն զինվորականների նվիրատվությունը անհամեմատելի էր, նամանավանդ մատաղ սերնդի դեպքում, որոնք, դեռ կյանք չմտած, դարձան հայրենիքի հերոսներ։ Թե որքան պարտավորեցնող է նրանց անձնազոհությունը, բառերով ձևակերպել հնարավոր չէ։ Մեր քաջերը գնացին մարտադաշտ՝ սեփական ժողովրդից առանց որևէ ակնկալիքի, առանց որևիցե սպասելիքի։ Նրանք գնացին այդ քայլին՝ ի մտի ունենալով ոչ միայն իրենց ընտանիքները, զավակներին, ծնողներին, այլև բոլորիս օգնության կարոտ մեր հայրենիքը և մեզ՝ ամենքիս։ Այն հայրենիքը, որ բազմադարյան անկախության կորստից հետո իր արժանի անկախությունն էր ձեռք բերել և ծնել նրանց նման առյուծասիրտ որդիներ։ Չար թշնամին և նրա հաղթական քրքիջը անզոր են նսեմացնելու մեր լավագույն զավակների ազնվագույն վաստակը մեր սրտերում և մեր հիշողության մեջ։ Նրանք զոհվեցին, բայց սովորեցրին մեզ, թե ինչպես են լինում ճշմարիտ հայրենասիրությունը, ճշմարիտ սերը, ապացուցելի հավատքը՝ իրական գործերով և անմնացորդ նվիրումը սեփական ազգին։ Պատերազմի դաշտ շտապելը և յուրայինների պաշտպանության գործը օր առաջ ստանձնելը վկայությունն են այն բանի, որ հայրենասիրությունն ու ժողովրդասիրությունը նրանց երակներով հոսող արյան մեջ են, և թշնամու զինավառությունն ու հզորությունը ուղղակի անզոր են ոչնչացնել դրանք մեր մեջ։ Անկախ ամեն ինչից, պատերազմի նմանօրինակ ելքից և ավարտից՝ մեր զինվորականների արյունը թանկ է մեզ համար և անգնահատելի։ Նրանք փրկեցին մեր կյանքը և մեր զավակներին։ Մեզ համար անգնահատելի է նաև նրանց վաստակը, ովքեր պատերազմի դաշտում կորցրին իրենց ձեռքն ու ոտքը, իրենց առողջությունը զոհեցին՝ հանուն մեզ և մեր հայրենիքի պաշտպանության։ Անկախ նրանից, թե ինչ ելք ունեցավ պատերազմը, և թշնամին որքան ուժեղ էր, և ինչպիսի զենքերով էր զինված, միևնույնն է, մեր զորականների սխրանքները իսկական հերոսություն են մեզ համար։ Հերոսություն են, որովհետև, ինչպես սրբերից մեկն է ասում. «Ազնիվ հոգին պահանջներ ունի միայն ինքն իրենից, այլ ոչ ուրիշներից։ Զոհաբերվում է ուրիշների համար՝ առանց փոխհատուցման ակնկալիքի»։ Գրականության մեջ անթիվ են սիրո, հայրենասիրության, քաջության, ասպետականության նկարագրությունները, սահմանումները, բայց մենք այս քառասուն և ավելի օրերի ընթացքում ականատեսը եղանք դրանց դրսևորման, որոնք ստացան մեկ անվանում՝ անձնազոհություն, որի օրինակները այս պատերազմում բազմաթիվ էին և իրական։

Իրական սիրո դիմաց նահանջում են վախը, երկչոտությունը, երկմտությունը, կասկածն ու թերահավատությունը։ Ինչպես կյանքում շատ-շատ բաներ մեր ընտրության արդյունքն են, այնպես էլ անձնազոհությունը։ Հետևաբար մեր հերոսները ինքնակամ ընտրեցին այդ անձնազոհությունը՝ հանուն հայրենիքի և հանուն ժողովրդի։ Նրանց սրտերում սերն անափ էր, և գործով նրանք դա ցույց տվեցին։ Եվ այդ սերն ու զոհաբերությունը անպայմանորեն իրենց ծիլերը տալու են, կասկածել պետք չէ, ինչպես ասում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկը ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհաննես 12։24)։ Նրանք կարող էին ընտրել կյանքը, բայց մահը նախընտրեցին կյանքից։ Ճշմարիտ անձնազոհությունը հենց դա է, երբ չես մտածում կորուստների կամ սեփական կյանքի կորստի մասին, այլ աչքիդ առջև այն փրկությունն է, որ բերելու է քո կատարած քայլը, և քո գործը կյանք է շնորհելու։ Աստծու համար ոչինչ կորած չէ, ինչպես սրտանց արված աղոթքները չեն կորչում, այնպես էլ իզուր և կորած չեն մեր նահատակների և վիրավորում ստացած զինվորականների մասնակցությունը պատերազմին։

Եկեղեցու մարտիրոսներին նվիրված առավոտյան ժամերգության աղոթքում ասվում է. «Քրիստո՛ս, այսօր տոնելով Քո սրբերի ճգնությունը անմարմինների զորքերի հետ, անլուռ օրհնաբանությամբ երգում ենք Քեզ։ Մերկանալով մարդկային տկարության զգեստից, զինավառված հավատի զգեստներով՝ հակառակամարտին հաղթեցին պատերազմում։ Մկրտվելով Քրիստոսի արյան հեղման մահվամբ՝ Աստվածության հրաշակերտներ եղան՝ ի վայելչություն Սուրբ Արքայության»։

Այս նույն խոսքերով կարելի է բնորոշել նաև մեր նահատակված զորականներին, որովհետև Հիսուս Քրիստոսի ավետարանական սիրո բոլոր պատգամները մենք այս ընթացքում տեսանք մարմին առած՝ ի դեմս մեր քաջարի զինվորների։ Բառերն ու խոսքերը գործեր դարձան և այլ ապացույցների կարիք չունեն։ Այո՛, այսօր պատերազմի այն արդյունքն ու ավարտը չեն, ինչ որ մենք կուզենայինք, բայց Աստված չի թողնի իր զավակներին։ Բազում ընտանիքներ որբացել են, և այժմ հերթը մերն է մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահելու նրանց զավակներին, այրիներին և ծնողներին։ Մենք պարտավորված ենք հավերժ հիշելու նրանց, որովհետև նրանց շնորհիվ է, որ մենք անկողին ենք մտնում և հանգիստ առնում։ Նրանք մեր պետության և պետականության, մեր հոգևոր-մշակութային ժառանգության պահապաններն ու պաշտպանները եղան։ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի բարձր գիտակցությունը նրանց դրդեց անձնուրացության, որն էլ մեր կողմից պետք է ըստ արժանվույն հիշվի և գնահատվի։ 

Եկեք այժմ միասին աղոթենք ճաշու ժամերգությունից վերցված այս աղոթքով մեր ննջեցյալների համար․

«Հա՛յր Բարեգութ, որ գթացիր մարդկանց որդիներին, Միածնիդ փրկության առաքեցիր, հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և հանգստացրո՛ւ Քո սրբերի հետ։ Միածի՛ն Որդի, որ հարություն առար մեռելներից, մեզ հարություն խոստացար Քո մյուս անգամ գալստյանը, հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ։ Հոգի՛ Ճշմարիտ, Մխիթարի՛չ սգավորների, Սուրբ Աստվածածնի և Քո բոլոր սրբերի աղաչանքներով հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և հանգստացրո՛ւ Քո սրբերի հետ»։ 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

22.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․