Գրքեր

«Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»

Քաջությունը նախ և առաջ ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ուժի արտահայտություն է, որն անհրաժեշտ է մեղքի դեմ պայքարի, բարու մեջ կատարելագործվելու համար: Օգոստինոս Երանելին քաջությունը զուր չի համարել առաքինություն: Նա գրում է, որ քաջությունը սեր է՝ պատրաստ հանուն Աստծո ամեն ինչի համբերելու: Եկեղեցու հայրերը երկու տիպի քաջություն են տարբերակում՝ քաջություն պատերազմական սխրանքներում և քաջություն առօրյա ջանքերում, այսինքն՝ այլ մարդկանց հետ հարաբերություններում և ինքդ քո նկատմամբ: Մարդկային փոխհարաբերություններում քաջությունն արդարությունը վերականգնելու վճռականություն է, որը կարող է արտահայտվել ինչպես հայրենիքի հանդեպ սիրո, այնպես էլ հասարակական ծառայության մեջ: Մարդը քաջ է ինքն իր հանդեպ, եթե բարոյական ամուր հոգի ունի, ինքնատիրապետման բարձրագույն աստիճան: Իրականում նա է քաջ, ով կարողանում է ինքն իրեն հաղթահարել, այսինքն՝ հին մարդուն՝ իր կրքերով և մեղքերով, ով կարողանում է զսպել իր բարկությունը, դժբախտության մեջ չվշտանալ, երջանկության մեջ չհպարտանալ, չշփոթվել տարբեր դժվարություններից և իրադարձությունների փոփոխականությունից:

«Ամբարիշտը փախչում է առանց որևէ մեկից հալածված լինելու, բայց արդարը քաջ է առյուծի պես»,- ասում է առակագիրը (Առակ. 28:1): Սրբերը զենքով և ուժով չէ, որ հաղթանակում էին, այլ իրենց առաքինություններով: Պողոս առաքյալը, դատավորների և մարգարեների օրինակը նշելով, ասում է, որ իրենք իրենց հավատով պարտության մատնեցին թագավորներին, արդարություն գործեցին և տիրացան Աստծո խոստումներին: Նրանք փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը և ազատվեցին սրի բերանից: Իրենց տկարության մեջ զորացան Աստծով, անպարտելի դարձան պատերազմում և ընկճեցին օտարների բանակները (Եբր. 11:33-34):  

Քաջության առաքինությանը հակադիր են վախը, խառնաշփոթը, որոնք շատ անգամ կարող են հավատավոր մարդու կյանքում էլ տեղ գտնել: Եկեղեցու հայրերը, որոնց փորձն անգին է Եկեղեցու համար, շատ հաճախ վախին անդրադառնալով, նշել են, որ այս «հիվանդությունը» համարվում է մարդու անկյալ բնության մի մասը և որի դեղամիջոցը քաջությունն է: «Ով վախենում է մարդկանցից, նա Աստծուց չի երկյուղում, իսկ ով երկյուղ ունի Աստծո հանդեպ, նա ոչ ոքից չի վախենում»,- ասել է Ս. Բարսեղ Մեծը:  Մարդկանցից շատերն այսօր ապագայի հանդեպ վախ ունենալով՝ մոռանում են, որ թե՛ իրենց անցյալը, թե՛ ներկան և թե՛ ապագան Աստծո ձեռքում է: Ըստ էության՝ մարդը, վախի մեջ ապրելով, մարտահրավեր է նետում աստվածային նախախնամության դեմ ՝ չվստահելով Նրան: Իսկ քրիստոնյայի համար հստակ է, որ առանց Աստծո կամքի իր գլխից մի մազ անգամ չի կարող ընկնել: Ս. Գրքում ասված է, որ Աստված մարդուն իր ուժերից վեր փորձության չի ենթարկում, «Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղմ. 55:11):  «Ով Աստծուն է ծառայում, նա միայն Աստծուց է երկյուղում, իսկ ում մեջ բացակայում է Աստծո երկյուղը, նա շատ անգամ իր ստվերից էլ է վախենում»,- ասել է Ս. Հովհաննես Սանդուղքը:

Ս. Եփրեմ Ասորին քաջության մասին ասել է. «Բարեհոգի անձը, ով վտանգների մեջ քաջություն է դրսևորում, եթե անգամ մահանա, կմահանա քաջարի, իսկ եթե կենդանի մնա, կփառավորվի: Ուստի, եթե մահն է քաջարի և կյանքը փառաբանված, ապա քաջարին որքան օգուտներ է ձեռք բերում՝ ի տարբերություն նրա, ով փոքրոգի է և թուլակամ և ով կրկնակի չարիքների է արժանանում, քանի որ և՛ նրա մահն է անարգ, և՛ նրա կյանքն անփառունակ»: Սուրբ Գրքի Հայտնության գրքում գրված է՝ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների և բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծումբով այրվող լիճն է, որ երկրորդ մահն է (Հայտ. 21:8):

Հատկապես մահվան ժամին է անհրաժեշտ հավատքի մեջ քաջ լինել ՝ հուսալով Տիրոջ ողորմությանը: Քրիստոնյան պետք է մշտապես գիտակցի, որ Աստված Նա է, Ում համար ասված է. «Նրանով է, որ ապրում ենք, շարժվում ենք և կանք» (Գործք Առաք. 17:28), իսկ առանց Աստծո կյանքը դժոխք է, որ կարող է սկսվել այս կյանքից և շարունակվել ապագայում: Ինչպե՞ս էին սրբերը կարողանում հաղթահարել մահվան հանդեպ վախն ու տագնապը: Օրինակ Ս. Բարսեղ Մեծի համար հալածանքի սպառնալիքը որևէ նշանակություն չուներ. «Նա չի կորցնում ունեցվածքը, ով ոչինչ չունի, հնամաշ հագուստն ու մի քանի գրքերն են կազմում իմ ամբողջ հարստությունը: Ինձ համար չկա աքսոր, որովհետև ես կապված չեմ ոչ մի վայրի հետ, քանի որ այն տեղը, ուր ես ապրում եմ այժմ, իմը չէ: Եվ ուր էլ, որ ինձ կուղարկեն, իմը կլինի: Իսկ չարչարա՞նքը, ի՞նչ կարող են ինձ անել: Ես այնքան թույլ եմ, որ առաջին իսկ հարվածը զգալի կլինի: Մահն ինձ համար բարերարություն է, այն ինձ արագ կտանի Աստծո մոտ, Ում համար ապրում եմ, ջանք թափում և Ում վաղուց ձգտում»: Հայտնի է նաև Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը» (Փիլիպ. 1:21):   

Կա մի կարևոր տեսակետ, որին պետք է ուշադրություն դարձնել: Ոմանց թվում է, թե քաջությունը բացառում է խոնարհությունը, բայց դա քաջության մասին կեղծ պատկերացում է: Ինչպես հայտնի է. «Աստված հակառակ է ամբարտավաններին, մինչ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պետրոս 5:5): Իրական քաջությունն անհնար է առանց խոնարհության: «Մեջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ հզոր, քո վայելչությամբ ու գեղեցկությամբ: Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր և թագավորի՛ր հանուն ճշմարտության, հեզության և արդարության, և քո աջը թող սքանչելապես առաջնորդի քեզ» (Սաղմ. 44:4-5): Այստեղ նկարագրվում է զինվորը՝ գոտևորված սրով, ով հանուն ճշմարտության և խոնարհության հերոսական սխրանք է գործում: Քրիստոնյայի ուղին մի ուղի է, որով մարդն ընթանում է քաջաբար, և որը նրան թույլ չի տալիս ընկնել հուսահատության մեջ, ինչպես ասված է՝ Նա կենդանացրեց ինձ, հանուն Իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով: Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն (Սաղմ. 22:4-8):  

«Հոգևոր կյանքով ապրողը, անգամ փոքրոգի և վախկոտ մարդը կարող է քաջ դառնալ, եթե իրեն ամբողջությամբ հանձնի Քրիստոսին: Նա կարող է անգամ պատերազմի գնալ և հաղթանակել: Աստծուն մերձ գտնվողը ուժ է առնում Նրանից: Պետք է երկյուղել Աստծուց և չվախենալ մարդկանցից, որքան էլ նրանք վատը լինեն: Աստծո երկյուղը ձեռք բերելով՝ անգամ ոչ քաջարի մարդը կարող է քաջ դառնալ: Ինչ չափով, որ մարդը մոտենում է Աստծուն, նույն չափով էլ դադարում է ինչ-որ բանից վախենալուց, քանի որ դժվարին իրավիճակներում իր հույսն Աստված է: Որքան շատ է մարդը վախենում, այնքան թշնամին նրան ավելի է փորձում, այդ պատճառով պետք է հեռու վանել վախը»,- ասել է Հայր Պաիսիոս Աթոսացին:

Հավատը քաջություն է հաղորդում մարդուն, ինչի շնորհիվ մարդն ամբողջովին հանձնվում է աստվածային նախախնամությանը, այն հույսով, որ Տերն իր հետ է և որ պահպանելու է իրեն ողջ կյանքի ընթացքում: Սաղմոսերգուի խնդրանքն էր Տիրոջը. «Մինչև իմ ալևորությունն ու ծերությունը ինձ մի՛ լքիր, Աստվա՛ծ իմ, մինչև որ գալիք սերունդներին պատմվի ուժը Քո բազկի: Քո զորությունն ու արդարությունը հասնում են մինչև բարձունքները» (Սաղմ. 70:18): Քաջությունը հոգու ուժն է, որ պետք է մարդն ունենա, որպեսզի հասնի վերջնական նպատակին՝ Երկնային Արքայությանը: «Քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին»,- ասում է Քրիստոս Իր հետևորդներին (Հովհ. 16:33):  

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

08.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․