Գրքեր

Աստված մարդուն իրական մխիթարությամբ է սփոփում վշտերի ժամանակ

Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն ու լիովին հուսահատ վիճակում է գտնվում: Այդպիսի մարդու կյանքն անիմաստ է: Նա միշտ անօգնական, տառապած ու անմխիթար վիճակում է գտնվում այս կյանքում, սակայն, դրանից բացի, առհավետ դատապարտության է մատնում իր հոգին:

Իսկ հոգևոր մարդիկ սեփական վշտեր չունեն, որովհետև իրենց պատահող ամեն մի փորձություն հաղթահարում են Քրիստոսին մոտ գտնվելով: Այդպիսի մարդիկ ուրիշների վշտերի մեծ դառնությունն են հավաքում, սակայն, միաժամանակ, նաև Աստծո մեծ սերն են հավաքում: Երբ ես երգում եմ. «Ամենասուրբ Տիրամայր, մի թողնիր ինձ իմ հույսին», ապա երբեմն կանգ եմ առնում «… այլ ընդունիր ծառայիդ աղաչանքը…» բառերի վրա: Եթե ես վիշտ չունեմ, ապա ինչպե՞ս կարող եմ արտասանել «…չեմ կարող համբերել ինձ պատած վշտին…»* բառերը: Ինչպե՞ս կարող եմ ստել:  Փորձությունների հանդեպ հոգևոր վերաբերմունքի մեջ վիշտ չկա, որովհետև եթե մարդ իրեն ճիշտ, հոգևոր կերպով տրամադրի, ապա ամեն բան կփոխվի: Եթե մարդն՝ իր ցավի դառնությամբ, Քաղցրաբույր Հիսուսին դիպչի, ապա իր բոլոր դառնություններն ու տառապանքը մեղրի կվերածվեն:

Ըմբռնելով հոգևոր կյանքի խորհուրդներն և այն խորհրդավոր միջոցը, որով Աստված է գործում՝ մարդը դադարում է դառնանալ իր հետ պատահածի պատճառով: Նա ուրախությամբ է ընդունում այն դառը հաբը, որ Աստված իր հոգու առողջության համար է տալիս: (Իր հետ կատարվող) ամեն բան, այդպիսի մարդն, իր աղոթքի արդյունքն է համարում, որովհետև անընդհատ խնդրում է Աստծուն մաքրել իր հոգին: Սակայն, փորձություններին աշխարիկ կերպով վերաբերվելով՝ մարդիկ տանջվում են: Բայց, քանի որ, Աստված հետևում է մեզանից յուրաքանչյուրին, ապա մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն անմնացորդ կերպով նվիրի Աստծուն: Հակառակ դեպքում՝ մարդու կյանքը տանջանքի է վերածվում. նա ցանկանում է, որպեսզի իր կյանքում ամեն ինչ իր կամեցածի պես լինի: Սակայն ոչինչ էլ իր ուզածի պես չի ընթանում և այդ պատճառով էլ նրա հոգին չի հանդարտվում:

Մարդը պետք է ուրախանա և ամեն ինչին խոնարհությամբ և համբերությամբ վերաբերվի՝ լինի սոված, թե՝ կուշտ, գովաբանեն նրան, թե անարդարացի վերաբերվեն: Այդ ժամանակ Աստված նրան օրհնություններ կտա այնքան ժամանակ, մինչև հոգին այն աստիճանի չհասնի, որ այդ օրհնություններն արդեն չտեղավորվեն դրանում: Աստծո օրհնություններն արդեն այդ հոգու ուժերից վեր կլինեն: Եվ մարդը որքան մեծ հոգևոր զարգացում ապրի, այնքան ավելի հստակ կտեսնի Աստծո սերն ու կխանդաղատի դրանից:

 

* Տե՛ս. Ժամագիրք, Մ., 1990, 288 էջ:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

09.07.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․