Գրքեր

«Աստված քեզ ստեղծեց առանց քո կամքի, բայց առանց քո կամքի քեզ չի փրկի»

Մարդիկ հաճախ են խոսում հնարավորությունների մասին. հնարավորություններ կրթություն ձեռք բերելու, մասնագիտության մեջ աճելու, ընտանիք կազմելու, մի շարք նպատակներ իրականացնելու համար: Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ են հնարավորություններ, որը կարծես մշտական մի ընթացք է: Աշխարհի Արարիչն արարչագործության պսակին՝ մարդուն, դեռևս դրախտից մի շարք հնարավորություններ ընձեռեց: Թեև մարդկության նախածնողները, գայթակղվելով, անտեսեցին այդ հնարավորություններից կարևորագույնը, ինչի հետևանքով արտաքսվեցին դրախտից և մահկանացու դարձան, բայց Արարչի սերը փրկության նոր հնարավորություն ընձեռեց նրանց և ողջ մարդկությանը. Նա Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի, ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:16): Ցավալիորեն, մարդիկ երբեմն չեն նկատում այդ հնարավորությունը, կամ նկատում են, բայց չեն կարևորում:

Աստված մարդուն ազատ կամք է շնորհել, և մարդն ինքը պետք է ցանկանա օգտվել դեպի կատարելություն տանող բոլոր հնարավորություններից: Աստված պատրաստ է օգնելու Իր արարածներին, բայց ոչ նրանց փոխարեն գործելու: Մարդն իր ազատ կամքով կարող է ոչնչացնել կամ տնկել, մահապատժի ենթարկել կամ ողորմել, լինել Աստծու կամ չարի զավակ: Աստվածապարգև ազատությունը մի հզոր միջոց է՝ արարելու կամ ոչնչացնելու: Մարդուց է կախված, թե նա Աստծու կողմից շնորհված հնարավորությունները ի բարի՞ն, թե՞ ի չարս կգործածի: Արարչագործության պսակը համարվող մարդը կարող է հասնել ինչպես չարագործության, այնպես էլ արդարության բարձունքին:  Նախածնողների՝ Աստծու պատվիրանի հանդեպ անհնազանդությունն ու դրա հետևանքը կարևոր օրինակ է, որ առանց Աստծու հանդեպ հնազանդության և մեղքերի թողության հնարավոր չէ մուտք գործել Երկնային Արքայություն:

Հաճախ մարդը չի արժևորում աստվածապարգև իր կյանքը և թե ինչ կարող է ձեռք բերել՝ Աստծու կամքի համաձայն ապրելով: Արդյունքում, իր կյանքը «նվիրելով» կուռքերին և հաճույքներին, չի ստանում պատշաճը, ինչի հետևանքով կորցնում է ամենակարևորը՝ հավիտենական կյանք ունենալու հնարավորությունը: Աստծու խոսքը զգուշացնում է՝ ասելով, որ Աստծուց հեռու ճանապարհը թեև լայն է և դյուրին, բայց դրա ավարտը տխուր է և կործանարար  (Մատթ. 7:13-15): Այդ ճանապարհով ընթացողը կարծում է, որ լիարժեք ազատ է, երբ գործում է այն, ինչ կամենում է: Իսկ արդարության ուղին թեև դժվարին է, բայց դեպի կյանք է առաջնորդում, նրանով ընթացողներն առաջնորդվում են աստվածային պատվիրաններով, որոնցով իրենց աստվածահաճո ցանկություններն են կյանքի կոչում: Վերջիններս լիարժեք ազատ են, քանի որ ջանում են մեղքերի գերին չդառնալ:

Ունեցած հնարավորությունների մասին իմացությունը թույլ է տալիս մարդուն իր կյանքը կառուցել գիտակցաբար ու խելամիտ: Հետևյալ պատմությունը ցույց է տալիս, թե ինչ բարի պտուղ կարող է տալ, երբ մարդն ի բարին է գործածում իրեն ընձեռված հնարավորությունը: Մի անգամ մի երիտասարդ անցորդների մեջ ճանաչեց տարրական դասարանի իր ուսուցչին: Նա շրջվեց դեպի ծերունին և հարցրեց. «Դուք ինձ չե՞ք հիշում: Ես ձեր աշակերտն եմ եղել»: «Այո, հիշեցի քեզ, ինչո՞վ ես հիմա զբաղվում»,- հարցրեց ծերունին: Երիտասարդը պատասխանեց, որ ինքը դասավանդում է: Իսկ ծերունու այն հարցին, թե ինչը նպաստեց, որ նա ընտրի մանկավարժությունը, երիտասարդ մանկավարժը պատասխանեց. «Ոչ թե ինչը, այլ ով: Դուք այնպիսի ազդեցություն թողեցիք ինձ վրա, որ ես ցանկացա մանկավարժ դառնալ: Դուք, իրապես, չե՞ք հիշում: Մի օր իմ դասընկերը դասարան մտավ՝ գեղեցիկ ժամացույցը ձեռքին, որ նրան նվիրել էին իր ծնողները: Նա այն հանեց և դրեց իր դպրոցական սեղանի դարակում: Ես միշտ երազել էի այդպիսի ժամացույց ունենալ, չկարողացա ինձ զսպել և որոշեցի այն վերցնել: Շուտով այդ տղան ձեզ մոտեցավ արցունքն աչքերին և պատմեց գողության մասին: Դուք խնդրեցիք, որ նա, ով վերցրել է ժամացույցը, ետ վերադարձնի: Ես շատ ամաչեցի, բայց չցանկացա բաժանվել ժամացույցից, այդ պատճառով չխոստովանեցի: Այնուհետև դասասենյակի դուռը փակեցիք և կարգադրեցիք, որ բոլորը կանգնեն պատի երկարությամբ՝ նախազգուշացնելով, որ ստուգելու եք բոլորի գրպանները մի պայմանով, որպեսզի բոլորը փակեն իրենց աչքերը: Մենք հնազանդվեցինք և ես զգացի, որ դա իմ կարճ կյանքի ամենաամոթալի պահն է: Դուք մի աշակերտից անցնում էիք մյուսին, մի գրպանից մյուսը, երբ իմ գրպանից հանեցիք ժամացույցը, շարունակեցիք ստուգել բոլորին՝ մինչև վերջին աշակերտը: Այնուհետև ասացիք. «Երեխաներ, ամեն ինչ կարգին է, կարող եք բացել ձեր աչքերը և վերադառնալ ձեր տեղերը»: Դուք վերադարձրիք ժամացույցն իր տիրոջը և ոչ մի խոսք չասացիք այդ միջադեպի հետ կապված: Դուք այդ օրը փրկեցիք իմ պատիվն ու հոգին, չարատավորեցիք ինձ՝ որպես գող, ստախոս և անպետք երեխա: Անգամ ինձ հետ չխոսեցիք դրա մասին, ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչու, քանի որ որպես ճշմարիտ ուսուցիչ, չցանկացաք արատավորել դեռ չձևավորված աշակերտի պատիվը: Այդ պատճառով ես դարձա մանկավարժ»: Պատմության ազդեցության տակ երկուսն էլ լռեցին: Այնուհետև երիտասարդ ուսուցիչը հարցրեց՝ մի՞թե այս միջադեպը ձեզ չհիշեցրեց իմ անունը: Ծեր ուսուցիչը պատասխանեց՝ բանն այն է, որ ես նույնպես փակ աչքերով էի ստուգում ձեր գրպանները…»

Եթե մանկավարժի կողմից ընձեռված հնարավորությունն ամբողջովին փոխեց աշակերտի կյանքը, ապա որքան հիմնային փոփոխություններ կարող է ունենալ մարդը, եթե գործածի Աստծու կողմից իրեն շնորհված հնարավորությունները, որ ուղղված են իր փրկությանը: Անչափ կարևոր է նկատել Տիրոջ ընձեռած հնարավորությունները, գործածել և նպաստել, որ մեր շուրջը գտնվողները ևս նկատեն ու գործածեն: «Աստված միշտ էլ առիթ է տալիս, որ նրանք հետ դառնան իրենց սխալից ու ճանաչեն ճշմարտությունը» (Բ Տիմոթ. 2:25):

Մարդու ձեռքում է իր սեփական կյանքը, իր ներկան և ամենակարևորը՝ իր հավիտենական ապագան: Նա է ընտրում, թե ինչպես ապրի և նա է իր ընտրությունների հետևանքների պատասխանատուն: Քրիստոս բռնի ուժով չի գրավում մարդկանց սրտերը: «Աստված քեզ ստեղծեց առանց քո կամքի, բայց առանց քո կամքի քեզ չի փրկի»,- ասել է  Օգոստինոս Երանելին:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

05.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․