Գրքեր

Աստվածային մխիթարությունը աղոթքի պահին

- Հա՛յր, Աստված ե՞րբ է մարդուն անուշահոտություն զգալու հնարավորություն տալիս:

- Աստված երբեմն անուշահոտություն է ուղարկում աղոթքի ժամանակ, երբեմն, երբ չես աղոթում, որպեսզի մխիթարի, քաջալերի, հայտնի, բայց միշտ՝ ինչ-որ նպատակով:

- Երբեմն աղոթելիս, երբ Աստծու ողորմությունն եմ հայցում, ներքին փոփոխություն եմ զգում, հուզմունք:

- Երբ մարդ խոնարհաբար խնդրում է Աստծու ողորմությունը և գիտակցում սեփական մեղավորությունը, այնժամ Աստված ուղարկում է Իր շնորհը, և մարդ հոգևորապես փոխվում է: Ցավում է, որ Աստծուն վշտացրել է իր մեղքերով, զղջում է, սիրտը փուլ է գալիս, և Աստված նրան պարգևատրում է նման աստվածային մխիթարությամբ:

- Հա՛յր, երբ ես աղոթում եմ, որոշակի սփոփանք և ուրախություն եմ զգում: Դա Աստծո՞ւց է, թե՞ պատրանք է:

- Դա լավ է, բայց ավելի լավ է ուշադրություն չդարձնել դրան: Երբ մարդ ուշադրություն չի դարձնում նման բաների, Աստված ավելի մեծ խանդաղատանքով է լցվում և այլ կերպով է տալիս Իր օգնությունը: Զգուշացի՛ր հաճույք և ուրախություն զգալու նպատակով աղոթքի ձգտելուց: Երեխան հոր մոտ չի վազում այն պատճառով, որ վերջինս նրան շոկոլադ է տալիս, այլ որովհետև սիրում է հորը։ Այլ բան է, եթե հայրն ինքը ցանկանա նրան շոկոլադ տալ: Աղոթքը, որ արվում է ուրախություն զգալու, այլ ոչ թե Աստծու հետ միավորվելու համար, ճշմարիտ աղոթք չէ:

- Երբեմն, հա՛յր, երբ աղոթում եմ որևէ դժվարության հանգուցալուծման համար, զգում եմ, որ ներքուստ փառաբանում եմ: Դա նորմա՞լ է:

- Իսկ աղոթքից հետո աստվածային մխիթարություն զգո՞ւմ ես:

- Չգիտեմ՝ արդյոք դա աստվածային մխիթարություն է, բայց ինչ-որ հանգստություն ու վստահություն եմ զգում:

- Հենց դրանում է կայանում աստվածային մխիթարությունն ու հույսն առ Աստված:

- Իսկ մարդ ինչպե՞ս կարող է հասկանալ, որ Աստծու հետ ճիշտ է հաղորդակցվում:

- Եթե ներքուստ ստանում է աստվածային մխիթարությունը: Այն անհամեմատելի է մարդկայինի հետ այնպես, ինչպես դրախտը՝ երկրի:

- Հա՛յր, ես ջանում եմ, ճիգ եմ թափում աղոթելիս, բայց մխիթարություն չեմ զգում:

- Դա լավ է, որովհետև անհատույց կերպով ես աշխատում: Մեր սիրտը Աստծուն հանձնենք՝ խոնարհաբար խնդրելով Նրա ողորմածությունը, իսկ Նա գիտե, թե ինչ է հարկավոր տալ մեզ: Հոգևոր մարդն այլ բան չի փնտրում իր հոգու փրկությունից բացի: Ճգնում է ոչ հանուն աստվածային վայելքների, այլ ճգնում է նախանձախնդրորեն և ընդունում այն, ինչ Աստված տալիս է:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

18.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․