Գրքեր

Աստվածային շնորհը մարդուն մղում է արդարության և բարեպաշտության

Այսօրվա գերծանրաբեռնված ժամանակաշրջանը բազմաթիվ ճանապարհներ է առաջարկում մարդուն, որոնք շատ հաճախ խճճում են նրան՝ ինքնաճանաչողության մեջ խոչընդոտ հանդիսանալով: Դարեր ի վեր սրբակենցաղ անձանց վարքը փաստում է, որ ինքնաճանաչողության ուղին սկիզբ է առնում դեպի Աստված տանող ուղուց: Այդ ուղին օգնում է մարդուն բացահայտելու և առատացնելու այն շնորհներն ու կարողությունները, որ պարգևել է իրեն Աստված: Եվ գործածել պարգևածը, ըստ կարողության, ժամանակի և ուժի ներածին չափով, ոչ միայն կենդանացնում և զվարթացնում է մարդու հոգին, այլ դառնում է Արարչին ուղղված երախտիքի և փառաբանության մեծագույն արտահայտություն: Եկեղեցական համայնքներից ներս գործող սոցիալական ծրագրերն Աստծո պարգևածը գործածելու, գնահատելու և Արարչին փառաբանելու ամենավառ արտահայտությունն են:

Սեպտեմբերի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դրամական օգնություն (50 000 դրամ) հանձնեց Բաբայան Արևիկին (22 տ.), որ տրամադրել էր համայնքի անդամ Անի Բաղդասարյանը: Երիտասարդ կարիքավոր ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արտաշատ քաղաքում: «Մեկ ամիս է, ինչ ամուսինս մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Մինչ այդ ամուսինս աշխատանք ուներ և կարողանում էինք հոգալ մեր կարիքները, բայց իրեն աշխատանքից հեռացրեցին այն պատճառով, որ առողջական խնդիր ուներ և երկու ամիս ի վիճակի չէր եղել աշխատելու»,- ասաց Արևիկը:

Ընտանիքի մայրը նշեց, որ այժմ ճարահատյալ իր երեք զավակների հետ միասին բնակվում է մայրիկի տանը՝ Արտաշատի տարածաշրջանի Այգեզարդ գյուղի Շիրվանզադե փ. 20 հասցեում, քանի որ միայն ընտանեկան նպաստով չի կարող տան ու կոմունալ վարձերը վճարել և մյուս կարիքները հոգալ: Արևիկն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

«Քանզի Աստված Իր շնորհը հայտնեց, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն: Այդ շնորհը մղում է մեզ, որ հեռանանք անհավատ կենցաղից և աշխարհիկ ցանկություններից, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, արդարությամբ ու բարեպաշտությամբ և հույսով սպասենք այն երջանիկ օրվան, երբ մեր Աստվածն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, կհայտնվի Իր փառքով, որովհետև Քրիստոսն Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ ազատի մեր բոլոր անօրենություններից և մաքրելով մեզ դարձնի իր սեփական ժողովուրդը՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտոս 2:11-15):

 

Կարինե Սուգիկյան

14.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․