Գրքեր

Աստվածային սիրո շուրջ՝ մեկ սիրտ և մեկ հոգի

Սերը արարչագործության պսակի՝ մարդու, իրական նկարագիրն է: Ամեն ինչ կորցնում է իր ուժը, եթե հիմքում չկա առաքինություններից գլխավորը՝ սերը: Սիրո շուրջ միավորված մարդիկ համարվում են քրիստոնեական հավատի իրական պտուղը: Այդ պտղի վառ օրինակը տեսնում ենք դեռևս առաջին քրիստոնեական համայնքում՝ հավատացյալների ամբողջ բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր (Գործք Առաքելոց 4:32): Աստծուն դառնալով՝ շատ հոգիներ սիրո պարգևի շնորհիվ դառնում են մեկ հոգի, և շատ սրտեր՝ մեկ սիրտ:

Ս. Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված նամակում հորդորում է. «Հոգատար լինենք միմյանց հանդեպ՝ սիրո և բարի գործերի մղելով միմյանց» (Եբրայեցիներ 10:24): «Ինչպես երկաթը երկաթ է սրում, այդպես և միմյանց հետ հաղորդակցությամբ բազմանում է սերը: Եթե քարը քարին հարվածելով կրակ ենք ստանում, ապա առավել ևս, երբ հոգին է հաղորդակցվում հոգու հետ: Խրատի համար ավելի մեծ ուժ ունեն գործերը, քան խոսքերը, ուստի ունեցեք շատ ուսուցիչներ, ովքեր գործով կհաստատեն իրենց ուսուցումները»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր Մայր եկեղեցուց ծնվածների սրտերը լիանում են աստվածային անսպառ ուրախությամբ և վերածվում մեկ սրտի ու մեկ հոգու, երբ կյանքի է կոչվում եղբայրասիրության պատգամը:

Եղբայրասիրության պատգամին ընդառաջ՝ դեկտեմբերի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Արաքսյա Ղազարյանին (34 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները:

Արաքսյան իր երկու անչափահաս որդիների՝ Ռաֆայելի (12 տ.) և Մհերի (8 տ.) հետ բնակվում է վարձակալությամբ Արմավիր քաղաքի 23/5 հասցեում: «Ես չեմ աշխատում և մեր կարիքները փորձում եմ մասամբ լուծել ընտանեկան նպաստի գումարով: Ինձ մտահոգում է փոքր որդուս առողջական խնդիրը, նա երբեմն-երբեմն թուլանում է և ուշաթափվում: Ըստ բուժստուգումների՝ տղաս կալցիումի և երկաթի պակաս ունի, ինչը հնարավոր է կարգավորել ստացիոնար բուժմամբ և համապատասխան սննդակարգով, բայց այդ ամենի համար անհրաժեշտ գումարը չունեմ»,- ասաց Արաքսյան և շնորհակալություն հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձերին, որ իրենց հոգատար ուշադրությանը նաև իր ընտանիքին արժանացրին:

 

 

Կարինե Սուգիկյան

16.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․