Գրքեր

Ազգի մեծությունը

«Արդարությունը բարձրացնում է ազգը» (Առակ. 14.34)։

Հայրենիքից մեզ հասած թերթերը նկարագրում են մեր հայրենակիցների անդուլ ջանքերն ու աշխատանքը, որոնց շնորհիվ մեծապես առաջ է գնում վերաշինության գործը: Այդ մխիթարական լուրերը սփյուռքում ապրող հայերիս համակրանքն են առաջացնում Հայկական Խորհրդային Հանրապետության գործելակերպի հանդեպ:

Իսկապես, հայի համար հայրենասիրությունը ընտանեկան ավանդույթ և միաժամանակ նվիրական պարտականություն է: Դուք ամենքդ իբրև ճշմարիտ հայրենասերներ փափագում եք Հայաստանը մեծ, ճշմարտապես երջանիկ ու փառավորված տեսնել: Դա է Ձեր բոլորի սրտի երազանքը, դա նաև մեր մաղթանքն է: Ի՞նչ ենք հասկանում «ազգի մեծություն» կամ «ազգի բարձրացում» ասելով: Որտե՞ղ պետք է փնտրել այդ մեծությունն ու բարձրացումը: «Առակաց» գիրքը մեզ ցույց է տալիս ազգի ճշմարիտ մեծության աղբյուրը: Այն ասում է. «Արդարությունը բարձրացնում է ազգը»:

Ա.

Այն, որ «Առակաց» գրքի այդ խոսքը խորունկ ճշմարտություն է, կուզենայի բացատրել իմ սույն քարոզով: Նախ, ի՞նչ է նշանակում այն «արդարությունը», որի մասին խոսվում է այստեղ: Բառարանը մեզ պատասխանում է. «Մի բան, որ յուրաքանչյուրի իրավունքի համաձայն է, արդարություն է»: Ուրեմն արդարությանը լծակցված է իրավունքը:

Իրավո՜ւնք. արդյո՞ք կա ավելի զորեղահունչ բառ: Այս բառն արդեն իսկ նախամարդու սրտում էր արձագանքում, երբ նա մարտնչում էր իր բնակության վայրի ու սննդի ապահովության համար: Իսկ ապա, երբ «իրավունքի» գաղափարը վսեմ հարացույց դարձավ ժողովրդի համար, այնժամ այդ ժողովուրդը սկսեց վճռական ու բախտորոշ քայլ անել քաղաքական և սոցիալական առաջադիմության բնագավառներում:

Այս իրավունքի համար տակավին որքա՜ն պայքար է ընթանում, ու պետք է ասել, որ այդ ոգով կատարված ամեն պայքար նվիրական է բոլոր սերունդների համար: Արդարության գաղափարին զուգահեռ է ազատությունը: Արդարությունն առանց ազատության դադարում է արդարություն լինելուց:

Երբ մտածում եք միայն ձեր իրավունքի մասին ու վտանգում եք դիմացինի ազատությունը, երբ ձեր իրավունքը հարգել կամենալով չեք հարգում ուրիշների իրավունքները, երբ ձեր իրավունքը գործադրելու համար ոտնահարում եք այլոց ազատությունը, այդպիսով դուք ոչ թե արդարություն, այլ անարդարություն և բռնություն եք գործում ու հետևաբար վերացնում եք իրավունքը:

Տեսե՛ք մեկ անգամ ևս, մարդկանց իրավունքները «գործում» են միայն այնտեղ, որտեղ հարգվում են անհատական, քաղաքացիական և քաղաքական իրավունքները, ինչպես նաև ամենանվիրական ու ամենաանկողոպտելի՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը: Հայկական Խորհրդային Հանրապետությունն այս կետը լավ է ըմբռնել, երբ իր սահմանադրության մեջ ամրագրել է յուրաքանչյուր անհատի խղճի և կրոնի հավասարությունն ու ազատությունը:

Արդարության գաղափարը բովանդակում է նաև համերաշխության, այսինքն՝ սիրո և եղբայրության ոգին: Ազգը միևնույն երկնքի տակ և նույն հողի վրա, սակայն յուրաքանչյուրն իր համար ապրող մարդկանց պատահական խմբավորում չէ, բնա՛վ: Ազգը կենսունակ և օրգանական մարմին է, որի անդամները ներքնապես կապված են իրար այնպես, որ, ըստ Պողոս առաքյալի գեղեցիկ նկարագրության. «Աչքը չի կարող ձեռքին ասել, թե «ինձ պետք չես», ոչ էլ գլուխը՝ ոտքերին, թե «ինձ պետք չեք», այլ ընդհակառակը, «անդամները նույն հոգածությունը պիտի ունենան միմյանց նկատմամբ»» (հմմտ. Ա Կորնթ. 12.21,25):

Ըստ ամենայնի կազմակերպված ազգի նշանաբանը պիտի լինի. «Մեկը ամենքի, ամենքը մեկի համար»: Հետևաբար արդարությունը ճշմարտապես իրականանում է սիրո և եղբայրության մեջ: Ամենաարդարի ու Ամենասրբի գաղափարն էլ այդ էր, երբ Նա Իր ժամանակակիցներին, ինչպես նաև բոլոր ժամանակների մարդկանց ասում էր. «Դուք ամենքդ եղբայրներ եք» (հմմտ. Մտթ. 23.8):

Պողոս առաքյալը ևս նույն միտքն է արծարծում, երբ ասում է. «Որովհետև մեզնից ոչ ոք չի ապրում ինքն իր համար» (Հռոմ. 14.7): Եթե մեր տեսած բոլոր թշվառությունների մեջ կա մի իրողություն, որը մեզ՝ Ավետարանի քարոզիչներիս մխիթարում և քաջալերում է, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ այն մի շարք բարեկարգություններն ու հաշտարար մերձեցումները, որոնք միտված են արդարությունից անբաժան պահելու սերն ու եղբայրությունը և այդպիսով լուծելու նյութական ու բարոյական վերականգնման, ինչպես նաև մարդկային կյանքը բարելավելու մեծագույն խնդիրը:

Արդարության գաղափարից բխում է մեկ այլ խորունկ միտք՝ ավելի մեծ ու վսեմ գաղափար. դա աստվածային արդարությունն է: Երբ հայացք ենք նետում աշխարհին, տեսնում ենք բարոյական անկարգությունների մի ողբալի պատկեր, որտեղ առաքինությունը մերժվում է, իսկ մոլությունը հաղթանակած է ներկայանում: Այս պատկերն ի՞նչ միտք է առաջացնում ձեր գիտակցության մեջ: Արդյոք չե՞ք նշմարում գոյությունը վեհագույն ու անսխալական մի արդարության, որ տիրապետում է տիեզերքի բարոյական ծիրում, որից ոչինչ չի կարող խուսանավել և որի ներգործությամբ մի օր անխուսափելիորեն պիտի շտկվեն բոլոր անկարգություններն ու պիտի պատժվեն բոլոր անարդարությունները, իսկ առաքինությունները պիտի վարձատրվեն:

Արդյոք չե՞ք զգում, որ արդարության գաղափարից բխած Աստծու գաղափարը կամ հավատքը չի կարող անբաժան լինել քաղաքական, սոցիալական ու անհատական բարոյականությունից: Ավետարանի Աստված, որ Հոգի է, մեր իրավունքների, ազատության ու առաջադիմության թշնամին չէ և չի կարող լինել, քանի որ Նա Ինքն է մեր մեջ դրել արդարության ու ազատության ոգին: Մի՞թե հնարավոր է, որ արդարության ծարավը մեր մեջ սերմանողը արդարությունից զուրկ լինի:

Եթե մի ժողովուրդ ուզում է պահպանել արդարությունն ու «ճառագայթել» այն, պիտի աննվաճ ուժգնությամբ և կորովով կառչի հավատքից այնպես, որ այդ հավատքը ներթափանցի օրենքների ու հաստատությունների, բարքերի, ավանդությունների ու սովորությունների մեջ և նախանձախնդրությամբ պահպանի իր անկախությունը՝ օրենսդրության մեջ հաստատապես ամրագրելով մարմնավորի ու հոգևորի հստակ զանազանությունը. կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն:

Ահա սրանք պիտի լինեն էական տարրերն այն արդարության, որը մեզ հանձնարարում է «Առակաց»-ը և որով միայն կարելի է ապահովել ազգի զարգացումը:

Բ.

Այդպիսի արդարությունը վեհացնում է ազգը նախևառաջ ներքնապես: Ո՞րն է ազգի զորության ու մեծության գաղտնիքը: Արդյո՞ք նյութական բարգավաճումը, հարստության առավելությունը կամ մեծ եկամուտները: Չեմ կարծում, քանի որ ազգի նյութական բարգավաճումն արժեք ունի միայն այն ժամանակ, երբ արդյունք է իմացական ու բարոյական առաջադիմության:

Եվ ընդհակառակը, այդ բարգավաճումը վտանգավոր է ու նույնիսկ անկումի և կորստյան պատճառ կարող է դառնալ, եթե զուրկ լինի իմացական ու բարոյական նորմերից: Հռոմեական կայսրությունը հասել էր հարստության և զորության փառահեղ գագաթնակետի, սակայն հայտնի է, որ դա հարստահարության ու բռնակալության, աշխարհակալության և ավարառության հետևանք էր: Իսկ ի՞նչ եղավ դրա հետևանքը: Օ՜հ, այն ամբողջ զորությամբ սարսափելի գահավիժեց՝ բարբարոսների արշավանքի հետևանքով մահացու հարված ստանալով:

Արդյո՞ք զինվորական փառքը պիտի լինի ազգի իրական մեծությունը: Արդարև, չենք կարող արհամարհել այդ փառքը, եթե այն ազգի ներքին ուժի ցոլքն ու ազնիվ ճիգերի արդյունքն է, հայրենիքի և ազատության պաշտպանը: Բայց չենք կարող անգիտանալ, որ սոսկ զինվորական փառքը խաբուսիկ է և մեկօրյա կյանք ունի, եթե պահվում ու «սնուցվում» է աշխարհակալական նպատակներով: Զինվորական այդպիսի փառքը մշտապես ծանր վտանգներ ու ներքին պառակտումներ է բերում հայրենիքի գլխին:

Արդյո՞ք իմացական բարձր մշակույթն է ազգի իրական մեծությունը: Ես չպիտի փորձեմ նվազեցնել գերազանցությունն իմացական հրաշալի կարողության, որը մեր ազգային փառքերից մեկն է եղել: Բայց չխաբե՛նք ինքներս մեզ: Իմացական բարձրարվեստ մշակույթը, այսինքն՝ գիտական, արվեստագիտական, փիլիսոփայական առաջադիմությունը բավարար չէ ազգի կենսունակությունն ու տևականությունը ապահովելու համար, եթե իմացական և բարոյական կյանքի միջև համեմատություն և ներդաշնակություն չկա:

Եթե ազգի բարոյական կյանքն իմացականից ցածր մակարդակի վրա է, վաղ թե ուշ անխուսափելիորեն վրա է հասնելու ազգի անկումը կամ կործանումը: Ասվածի ապացույցն է Հին Հունաստանի կյանքը: Հին աշխարհում նրա ունեցած դիրքը ո՞րն էր: Այն իսկապես կենտրոնն էր ուժի, լույսի և քաղաքակրթության: Ո՞ր երկիրն է այնքան հանճարներ ունեցել, որքան Հունաստանը: Այնտեղ «ծաղկեցին» Հոմերոսն ու Պինդարիոսը, Էսքիլեսն ու Սոֆոկլեսը, Սոկրատը և Պլատոնը, Ֆիդիասն ու Պրաքսիտելը:

Սակայն սրանցից ոչ ոք չկարողացավ ազգին այնպիսի ուժ ներշնչել, որ կարողանար փրկել այն անկումից այնժամ, երբ այդ նույն Հունաստանը պարտվեց ու Հռոմեական տիրապետության տակ անցավ: Իբրև ազգային արժեք Հին Հունաստանից միայն փայլուն հիշատակ մնաց պատմության մեջ: Ինչո՞ւ. որովհետև այդ ազգն այնքան կարևորություն չտվեց խղճին, որքան իմացականությանը, քանի որ հունական մտքի թերությունը եղավ բարությունից ու արդարությունից ավելի գեղեցիկի «զարգացումը»:

Ուրեմն ո՞րն է ազգի ներքնապես հզորացման գաղտնիքը: Պատասխանը միանշանակ է. ազգի ներքին զորացման գաղտնիքը բարոյական սկզբունքների գերակայությունն է, իրավունքի և պարտականության լուրջ զգացումը, ճշմարիտ ազատությունը ճանաչելու խելամտությունն ու այդ ազատության նկատմամբ հարգանքը, մտքի և սրտի ներդաշնակությունը, բարու նախապատվությունը և վերջապես ամեն տեսակի աններողամտությունից ու ավելորդապաշտությունից զուրկ կրոնական հավատքը:

Նայե՛ք սիրտը անզգայացրած մարդուն, որի երևակայությունը թմրել է, իսկ միտքը պաշարված է ռամկական գաղափարներով: Նրա կյանքը եսասիրական վայելքների շղթա է եղել և ոչ թե անշեղ պարտականություն: Սակայն այդ մարդու մեջ մեծ ու ազնիվ, ոգևորող գաղափար դրե՛ք, արդարության և զոհողության զորեղ շունչ ներարկե՛ք նրա հոգում, ու պիտի տեսնեք, որ այդ հոգում տակավին չեն չորացել բարոյական կյանքի աղբյուրները: Պիտի տեսնեք, որ նրա մեջ ամեն բան փոխակերպվում, բարոյական կյանքը վերականգնվում է, և նա հետզհետե առաջադիմում է: Թմրած ու անզգայացած այս մարդու հոգում ո՞վ գործեց այդ հրաշքը. բարոյական առաքինությունը, արդարության ու սիրո հոգին գործեցին այդ հրաշքը:

Այդպես է նաև ազգի դեպքում: Երբ ազգը նախապատվություն է տալիս վայելքներին ու ոչ թե պարտականության գիտակցմանը, երբ նյութական շահը գերադասում է բարոյական վսեմ սկզբունքներից, նա հետզհետե ենթարկվում է սարսափելի անկումի: Սակայն երբ վեհ ու ազնիվ մի գաղափար ծնվի ու ոգևորի այդ ազգին, երբ արդարության և զոհողության զորեղ շունչը թափանցի նրա մեջ, այնժամ, վստահեցնում եմ Ձեզ, Դուք ականատես կլինեք այդ ազգի վերածննդին ու բարոյական հարությանը: Այո՛, արդարությունը ներքնապես բարձրացնում է ազգը:

Գ.

Արդարությունը ազգը բարձրացնում է նաև արտաքնապես, այսինքն՝ ազդեցությամբ և բարոյական հեղինակությամբ: Գիտեմ, որ մանավանդ այս հարցի վերաբերյալ բախվելու եմ հակառակ տեսակետների: Քաղաքագետների հետ նաև շատ անկեղծ հայրենասերներ ինչպես անհատի, այդպես էլ ժողովրդի համար «ընդունելի» են համարում ու որոնում են նախևառաջ արտաքին գերակշռությունը, որը հաջողության գաղտնիք են կարծում:

Պետք է ասել, որ դժբախտաբար աշխարհում իշխանության գավազանը առաքինի ու խաղաղասեր ժողովուրդների ձեռքին չէ: Ամենքս էլ գիտենք, թե ինչպես է գործադրվում «իրավունքը ուժեղինն է» անբարո առածը: Սակայն առանց մազաչափ տարակուսելու կարող եմ հավաստել, որ այդպիսի ուժի վրա հիմնված մեծությունն ու բարձրացումը միայն ժամանակավոր է, և գալու է մի օր, որ արդարության ծարավ ունեցող ժողովուրդը բզկտելու և գահերից վար է գցելու «իրավունքը ուժեղինն է» գոչող բռնապետներին՝ ապացուցելով, որ նախընտրում է արդարությունը, քան թե տիրապետությունը:

Ուրեմն իմացե՛ք, որ երբ մի ազգ հիմնված չէ արդարության հավիտենական օրենքների վրա, այդպիսին արժեքազուրկ և ապատևական է: Արդարություն, արդարություն և միայն արդարություն. միայն այն պիտի կազմի ժողովրդի բարոյական հեղինակությունը: Ճշմարտասեր ժողովուրդն ու արդարությունը իրար են փնտրում: Ճշմարտությանը նախանձախնդիր ժողովուրդը, եթե անգամ արգելքներով բաժանված լիներ արդարությունից, վաղ թե ուշ նրանք պիտի գտնեին մեկմեկու և պիտի միանային իրար: Այնպես որ ազգի, ինչպես նաև անհատի համար ճշմարիտ է Քրիստոսի այս խոսքը. «Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, այն կկորցնի, իսկ ով կորցնի իր կյանքը Ինձ համար, այն կգտնի» (Մատթ. 16.25): Այո՛, արդարությունը բարձրացնում է ազգը:

Ուրեմն ջանա՛նք ձեռք բերել բարության և արդարության ոգին, որ նույն ինքը Ավետարանի, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի ոգին է: Եվ քանի որ ժողովրդի արժեքը որոշվում է այդ ժողովրդի ներկայացուցիչների նկարագրով, ուրեմն յուրաքանչյուրս ձգտենք մեր մեջ ամրացնել այնքա՜ն ազնիվ, այնքա՜ն գեղեցիկ և այնքա՜ն բեղուն առաքինությունները: Դրան հասնելու համար նախ սովորենք սիրել կենդանի Աստծուն, որ արդարության ու բոլոր շնորհների աղբյուրն է. Հիսուս Քրիստոսով սիրել ողջ մարդկությանը:

Սիրո առաքինությամբ թոթափե՛նք չար անձնասիրությունը՝ եսասիրությունը, որ բոլոր չարիքների արմատն է: Մաքուր ու անշահախնդիր սիրով սիրենք բոլոր նրանց, որոնց Աստված տվել է մեզ, որպեսզի սիրենք սրբությամբ, անձնվիրությամբ, ներողամտությամբ, քաղցրությամբ և բարությամբ:

Մաղթում եմ, որ արդարության ոգին համակի մեր բոլոր հայրենակիցների սրտերը, ամենքիս մեջ բորբոքի ճշմարիտ, այսինքն՝ լայնախոհ և ոչ թե անձուկ ու «աղմկոտ» հայրենասիրության հուրը, որպեսզի ազգի բարօրությունը չվտանգվի՝ փոխանակ բարգավաճելու: Ես նկատի ունեմ մեզ անհրաժեշտ վսեմ և իմաստուն հայրենասիրությունը, որ չի դրսևորվում  պոռոտախոսությամբ, այլ արդյունավոր գործունեությամբ: Ա՛յն հայրենասիրությունը, որ բոլոր դասակարգերի ու խմբակցությունների միջև համակրանք, համաձայնություն և խաղաղություն է հաստատում:

Աղոթում եմ, որ արդարության արևի ներքո փարատվեն ազգի բոլոր նախապաշարումները, միմյանց հանդեպ ունեցած չարակամությունը, բոլոր ցավալի անհասկացողությունները, ողջ ատելությունը, և թող ամենքի սրտում տեղ գտնի հայրենիքի պատվի ու բարոյական մեծության փափագը և ցանկությունը:

Մաղթում եմ, որ արդարության ներշնչող ոգին առաջնորդի բոլոր խմբակցություններին ու բոլոր գործիչներին, որոնք ստանձնել են հայրենիքի կառավարական և վարչական, քաղաքական ու տնտեսական, բարոյական և նվիրական պաշտպանությունը: Թող արդարությունն ավելի ոգևորի մեր հայրենիքի իմաստուն ղեկավարների ու կառավարության դժվար և պատասխանատու գործին սատարողների հայրենասիրական զգացումները, որպեսզի նրանք աշխատեն ամրացնել մեր հայրենիքը, մաքրագործել մեր բարքերը, միմյանց մերձեցնել մեր սրտերը, բարելավել ամենքի սոցիալական դրությունը և ի մի հավաքել գաղութներում սփռված, հայրենիքի սիրով տոչորվող հայությանը:

Վերջապես մաղթում եմ, որ արդարության ոգին տարածվի նաև մեր հայրենիքի դրացի երկրների, նրանց բոլոր ժողովուրդների ու ցեղերի վրա և մեզ հարևան հորիզոններից հեռացնի բոլոր մթաստվեր ամպերը, վերացնի հին թշնամանքն ու ոխը և համերաշխություն ներշնչի, որպեսզի արդարությունն ու խաղաղությունը թագավորեն մեր երկրի ներսում և երկրից դուրս՝ ի փառս հայրենիքի ու ազգի: Ամեն:

 

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատորՓարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

11.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․