Գրքեր

«Բաց մի թողեք ձեզ տրված որևէ հնարավորություն»

ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, իր վեցամյա գործունեության ընթացքում շահառուներին՝ ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին, տրամադրում է ինչպես սոցիալական և հոգեբանական աջակցություն, այնպես էլ՝ հովվական խնամք և աջակցություն: Ամեն շաբաթ հոգևորականը կենտրոնի շահառուների համար իրականացնում է քարոզներ, որ նպաստում են շահառուների հոգևոր աճին ու հոգեկրթմանը: Կազմակերպվում է նաև ֆիլմերի դիտում և քննարկում: Իրականացվում են ուխտագնացություններ Հայաստանի տարբեր եկեղեցիներ ու սրբավայրեր: Հոգևորականի կողմից կատարվում է նաև անհատական խորհրդատվություն, խոստովանություն, իրականացվում են տնայցեր, կատարվում տնօրհնեքի կարգ, որոնց նպատակն է նվազեցնել ներքին հոգեբանական լարվածությունն ու խարանը:

Շաբաթ օրը շահառուների երեխաները ևս մասնակցում են աստվածաշնչյան սերտողություններին՝ հոգևոր թեմաների շուրջ նկարելով և հոգևոր մուլտֆիլմեր դիտելով:

Հերթական շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, քարոզի և աստվածաշնչյան սերտողության ավարտին, կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության աջակցությամբ, ՄԻԱՎ-ով ապրող շահառուների երեսունմեկ երեխաներին հանձնեց դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ և հագուստ: Երեխաներին մեծ ուրախություն էր պատճառել անակնկալ նվերները: Կենտրոնի շահառուներն իրենց շնորհակալությունը հայտնեցին հոգևոր հովվին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանը հերթական աջակցության համար:

Եկեղեցու հայրերից մեկը հորդորում է. «Բաց մի թողեք որևէ հնարավորություն, մարդկանց հանդեպ ձեր բարի վերաբերմունքով, աստվածահաճո կյանքով ապրելու»: Իսկ այդ հնարավորությունները բազմաթիվ են և ամենուր, քանի որ Տերն իր արարածներից յուրաքանչյուրին փրկության առաջնորդող լայն հնարավորություններ է ընձեռնում, հարկ է միայն ուշադիր լինել և օգտվել կյանք պարգևող ամեն մի հնարավորությունից:

 

Կարինե Սուգիկյան

29.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․