Գրքեր

Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին

- Հա՛յր, երբ պատրաստվում եմ խցումս հսկում կատարել և ինչ-որ խոչընդոտ է առաջանում, պատճառը ո՞րն է:

- Եթե Աստված թույլ է տալիս, որ խոչընդոտ առաջանա, ուրեմն մի լավ բան դուրս կգա դրանից:

- Իսկ եթե դա մշտապես է տեղի ունենո՞ւմ:

- Նշանակում է՝ հպարտություն կա:

- Հա՛յր, չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հպարտություն կա:

- Կախված է նրանից, թե ինչին ես առաջնահերթություն տալիս: Եթե առաջին տեղում գործերն ես դնում, իսկ հետո աղոթքը, նշանակում է, որ փորձությանն իրավունք ես տալիս՝ քեզ խոչընդոտելու: Երբ մարդը գործերին ավելի մեծ նշանակություն է տալիս, քան աղոթքին, մի՞թե դրանում հպարտություն չկա: Իսկ հպարտությունը նշանակում է նաև անհարգալիր վերաբերմունք սրբությանը:

- Հա՛յր, սատանան ի՞նչ է անում մարդուն աղոթքից շեղելու համար:

- Ի՞նչ է անում: Հազար ու մի միջոց է գտնում: Հենց մարդը սկսում է աղոթել, նա սկսում է նրան կողմնակի մտքերով շեղել, միտքը ցրում է երազանքներով, աղմուկով և այլն: Մի տեսնեիր, թե ինչ էր ինձ հետ կատարվում Ստոմիոն մենաստանում*: Մի անգամ ուշ երեկոյան գնացի՝ եկեղեցում աղոթելու: Մենաստանի դարպասները փակ էին, իսկ եկեղեցու դռները ինքս կողպեցի: Կեսգիշերին մոտ բանսարկուն սկսեց կողպեքով առանց դադարի թխկթխկացնել, որպեսզի ստիպի ինձ գնալ՝ նայելու, թե ինչ է կատարվում: Ես խորան մտա, որպեսզի չլսեմ և այնտեղ մինչ առավոտ մնացի սուրբ սեղանի հետևը՝ խաչի մոտ:

Քրիստոսի խաչը մեծ զորություն ունի: Երբ ես միաբան էի, դևերը շատ էին մարտնչում իմ դեմ: Գիշերները, երբ խցում էի, անդադար թակում էին դուռն ու ասում. «Մեր սուրբ հայրերի աղոթքներով»: Ես բացում էի դուռը և չնայած՝ ոչ մեկի չէի տեսնում, ուժգին սարսափի էի մատնվում: Հետո արդեն ի վիճակի չէի խցում մնալու: Տանջվում էի, արտասվում, աղոթում. անօգուտ էր: Խցից դուրս էի գալիս բակ: Մի անգամ երեկոյան ժամերգությունից հետո ավագ վանականներից մեկն ինձ տեսավ բակում և ասաց. «Ինչո՞ւ խուցդ չես գնում, որդյա՛կ: Մի՞թե հայրերից որևէ մեկին տեսնում ես բակում: Բոլոր հայրերն իրենց խցերում աղոթում են»: Այդժամ ես սկսեցի լաց լինել և ամեն ինչ պատմեցի նրան: Նա սուրբ Խաչի մի մասունք բերեց ինձ ու ասաց. «Այժմ հանգիստ գնա խուցդ»: Հազիվ էի դուռս փակել, երբ մեկը ուժգին թակեց այն. «Մեր սուրբ հայրերի աղոթքներով»: Ես ասացի. «Ամեն»: Դուռը բացվեց, և մի ոստիկան ներս մտավ: Ուսադիրների փոխարեն թեք նշանաքուղեր էին թևքին, ինչպես նախկինում էին ոստիկանները կրում: Ներս մտավ ու սկսեց բղավել. «Դո՛ւ, կեղտո՛տ վանական, այդ ի՞նչ տաշեղ է մոտդ»: Այնուհետև սկսեց ծիծաղել իր «հմայիչ» ծիծաղով: Բղավում էր, բայց չէր կարողանում մոտ գալ, որովհետև սուրբ Խաչը ձեռքս էր: Ես բարձրաձայն ասացի. «Տե՛ր Հիսուս Քրիստոս» և «ոստիկանը» ծխի վերածվեց:

 

* 1958-1962 թթ.

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

02.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․