Գրքեր

«Բարին երբեք չի մահանում»

Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր ոք հարատևի բարի գործերի մեջ: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, եթե մենք նախաձեռնեինք շրջագայություն արքայական մայրաքաղաքով և նրա մեծ մասն անցնելով՝ հանկարծ ծուլանայինք և կանգ առնեինք, չվերջացնելով ուղին, ապա այդպիսի շրջագայությունն անօգուտ կլիներ մեզ համար: Այդպես և մարդը կոչված է բարին գործելու և պետք է դրա մեջ մնա, մինչև որ ավարտի բոլորը՝ արժանորեն քայլելով դեպի Նրան, ով կոչել է իրեն բարության: Անկասկած, մենք կոչված չենք մեկ բարի գործ անելու, այլ բոլորը: Նման նրան, որ ունենք հինգ զգայարաններ, և բոլորից պետք է օգտվենք պատշաճ կերպով, այդպես և պետք է կատարենք բոլոր առաքինությունները: Եթե որևէ մեկն այդպիսին է, բայց ողորմած չէ, կամ էլ ողորմած է և կաշառակեր, կամ էլ չի վերցնում ուրիշինը, բայց և իր ունեցածից էլ բաժին չի հանում, այդպիսի մեկի համար զուր է ամեն ինչ: Մեկ առաքինություն մեզ իրավունք չի տա համարձակորեն կանգնելու Քրիստոսի գահի առջև, դրա համար հարկավոր է շատ, բազմազան ու տարաբնույթ առաքինություններ, ավելի շուտ բոլոր առաքինությունները: Լսեք, թե ինչ ասաց Քրիստոս Իր առաքյալներին. «Գնացե՛ք, ուրեմն և սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ» (Մատթեոս 28:19):

Բարու մեջ հարատևմանն է ուղղված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերը, որի շրջանակներում, հունվարի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Զեյնալյան Հերմինեին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարիքավոր բազմազավակ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի 7/5 հասցեում: Չորս անչափահաս երեխաների մայրը՝ Հերմինեն, նշեց, որ իր զավակներից Աշխատոյան Թամարան (7 տ.) ունի ԴՑՊ հիվանդություն, և երեխան այժմ բուժում է ստանում Գյումրիի «Երեխաների տուն» հաստատությունում, քանի որ ընտանիքն ի վիճակի չէ հոգալու երեխայի բուժման ծախսերը: «Ամուսինս միկրոինֆարկտ է տարել, ժամանակ առ ժամանակ է կարողանում աշխատել, իսկ ընտանեկան նպաստի գումարով հնարավոր չէ ապրել: Ուրախ եմ, որ եկեղեցին մեր կողքին է և պատրաստակամորեն ու սիրով ձեռք մեկնեց նաև մեզ»,- ասաց Հերմինեն:

«Բարին երբեք չի մահանում, եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի: Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով»,- ասել է Վիլյամ Սարոյանը:

 

 

Կարինե Սուգիկյան

24.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․