Գրքեր

Բուն բարեկենդանը սիրիահայ համայնքում

Ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը մարտի 2-ին «Տերյան» ռեստորանում ազգային երգ ու պարով, խաղերով և ավանդական ուտեստներով նշեց Բուն բարեկենդանը: Բարեկենդանյան ուրախ տոնախմբությունից բացի սիրիահայ համայնքը նշում էր նաև  իր գործունեության հնգամյակը: Հինգ տարի է, ինչ «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, գործում է  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս՝ սիրո և նվիրումի ճանապարհով իրականացնելով իր եկեղեցանվեր ծառայությունը:

Մինչ տոնախմբությունը «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Համալյանը շնորհավորեց ներկաներին Բուն բարեկենդանի տոնի և իրենց ծառայության հնգամյակի առթիվ: Այնուհետև տիկին Զարուհին իր շնորհակալական խոսքը հղեց Նավասարդ Սրբազանին, Տեր Գրիգորին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասին, որոնց օրհնությամբ ու առաջնորդությամբ սիրիահայ համայնքը, հայրենիքում հաղթահարելով բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ, իր ծառայությունն է բերում եկեղեցուն և հայրենիքին:

Ուրախ տոնախմբության ընթացքում չնվազեց ուրախ տրամադրությունը. միմյանց հաջորդում էին ազգային երգն ու պարը, խաղերն ու անակնկալները: «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության անդամները երախտիքի և շնորհակալական խոսքեր ուղղեցին տիկնանց միության ատենապետուհի Զարուհի Համալյանին, որը մոտ օրերս ընտանիքով մեկնելու է ԱՄՆ՝ մշտական բնակության: 

«Ուրախալի է տեսնել սիրիահայ համայնքի գործունեության հնգամյա պտուղները: Գնահատելի է այն նվիրյալ ծառությունը, որ իրականացնում է «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Շնորհակալ եմ ատենապետուհի Զարուհի Համալյանին, որն այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի համայնքը հայրենիքում ևս իր հավատաշեն և բարեգործական ձեռնարկներով իր ծառայությունը բերի եկեղեցական համայնքային կյանքին:  Մաղթանքս է, որ տիկնանց օժանդակ միությունը նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակի իր ջանադիր ծառայությունը՝ ի պայծառություն Հայ եկեղեցու և հայրենիքի»,- ասաց Տեր Գրիգորը:

Բուն բարեկենդանը կոչում է մարդուն Աստծո ուրախ ներկայության մեջ ապրել: Բուն բարեկենդանի հաջորդ օրն արդեն քրիստոնյան ոտք է դնում պահեցողության՝ ապաշխարության շրջան, որպեսզի վերադառնա իր բնական վիճակին, իր ուրախության Աղբյուրին՝ Աստծուն, Ով մարդ դարձավ, որպեսզի փրկի մարդկանց՝ հոգ տանելով նրանց հավիտենական ուրախության մասին:

 

Կարինե Սուգիկյան

03.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․