Գրքեր

«Չհամարձակվե՛ք երեխաներին դիպչել»

- Հա՛յր, իսկ ի՞նչ դուրս կգա այն երեխաներից, որոնք առանց կարգապահության են մեծանում:

- Նրանք մեղքը մեղմող որոշ հանգամանքներ ունեն: Մանկության տարիներին նրանց ծնողները չէին հասկանում, թե կարգապահությունն ինչի համար է պետք, և այդ պատճառով էլ այժմ ազատություն են տալիս իրենց երեխաներին՝ այդ կերպ նրանց իսկական փոքրիկ խուլիգանների վերածելով: Դու նրանց մի բառ ես ասում, նրանք քեզ հինգն են պատասխանում և այն էլ ինչպիսի՜ անամոթությամբ: Նման երեխաները կարող են հանցագործ դառնալ: Այսօր երեխաների պտուտակները լրիվ հանել են: «Ազատությո՛ւն»: «Չհամարձակվե՛ք երեխաներին դիպչել»: Իսկ երեխաները շատ ուրախ են. «Էլ որտե՞ղ նման պետական կարգ կգտնես»,- ասում են նրանք: Այսինքն, որոշ մարդիկ ձգտում են երեխաներին խռովարարների վերածել, ովքեր չեն ցանկանա ո՛չ ծնողներից, ո՛չ ուսուցիչներից կախում ունենալ, ոչ ոքի չեն լսի: Դա ձեռնտու է որոշ մարդկանց, խռովարար երեխաները կօգնեն իրագործել նրանց մտահղացումները: Քանի որ, եթե [այժմ] երեխաներին խռովարար չդարձնես, ապա հետո ինչպե՞ս կստիպես նրանց ամեն ինչ ջարդուփշուր անել: Եվ հիմա տեսնում ես, թե խեղճ երեխաներն ինչպես են արդեն համարյա դիվահար դարձել:

Եթե ազատությունը ըստ հարկի չօգտագործվի հոգևոր կյանքում, ապա ինչպե՞ս պիտի աշխարհիկ կյանքում օգտագործվի: Ի՞նչ պիտի անես նման ազատության հետ: Նման ազատությունը աղետ է: Այդ պատճառով էլ պետության հետ այժմ տեղի է ունենում այն, ինչ տեսնում ենք: Արդյո՞ք այժմյան մարդիկ կարող են ըստ հարկի գործածել իրենց տրված ազատությունը: Ազատությունը աղետ է հանդիսանում, եթե մարդիկ ի վիճակի չեն այն դրական զարգացման համար գործածել: Աշխարհիկ էվոլյուցիան՝ մեղավոր ազատության համադրությամբ, մարդուն հոգևոր ստրկություն է բերել: Հոգևոր ազատությունը հոգևոր հնազանդությունն է Աստծո կամքին: Բայց տես, թե ինչպես է. հնազանդությունը ազատություն է, սակայն թշնամին՝ իր չարությամբ, այն որպես ստրկություն է ներկայացնում, և երեխաները՝ հատկապես մեր դարաշրջանի խռովության ոգով թունավորվածները, սկսում են ըմբոստանալ: Պարզ բան է, նրանք նաև քսաներորդ դարի տարաբնույթ համակարգերից են հոգնել, որոնք, դժբախտաբար, ավելի ու ավելի են այլանդակում ինչպես բնությունը՝ Աստծո զարմանահրաշ աշխարհը, այնպես էլ մարդկանց՝ Աստծո արարածներին: Այդ համակարգերը տագնապով են լցնում մարդկանց հոգիները և հեռացնում են նրանց ուրախությունից, հեռացնում են Աստծուց:

Իսկ գիտե՞ք, թե մենք ինչ վերապրեցինք, երբ զորացրվեցինք: Եթե այժմյան երիտասարդությունը լիներ մեր փոխարեն, ապա ամեն ինչ փոշու կվերածեր: 1950թ.-ին էր: Քաղաքացիական պատերազմը նոր էր ավարտվել: Մեզ՝ տարբեր զորակոչերի զինվորներիս, միասին զորացրեցին: Մեկը չորս ու կես տարի էր ծառայել, մյուսները՝ չորս, երրորդը՝ երեք ու կես: Եվ ահա, պատկերացրեք՝ պատերազմում կրած այդքան տառապանքներից հետո, Լարիսա քաղաք(1) գալով և ներկայանալով զորացրվածների տեղաբաշխման կետեր, տեսնում ենք, որ դրանք արդեն լի են այլ զինվորներով: Մենք փորձեցինք հյուրանոցներում խցկվել, բայց այնտեղ էլ մերժեցին. «Մի՞թե կարելի է զինվորներին ներս թողնել,- ասացին,- բոլոր ծածկոցները կաղտոտեն»: Բայց չէ որ մենք առաջարկում էինք վճարել գիշերակացի համար: Դրսում մարտ ամիսն է, ցուրտ: Ի երջանկություն մեզ, մի սպա մեզ օգնեց, Աստված նրան քաջ առողջություն տա: Նա երկաթգծի կայարան գնաց, ճշտեց, թե գնացքները երբ են գալիս, երբ՝ գնում, երբ են գնացքակազմի տեղաշարժեր անում, պայմանավորվեց երկաթգծի պետի հետ և մեզ թույլ տվեցին դատարկ վագոններում գիշերել: «Գիշերը,- զգուշացրեց մեզ սպան,- վագոնները մի քիչ այս ու այն կողմ կգնան, տեղաշարժեր կանեն, բայց դուք չվախենաք, մինչև վաղը առավոտյան այս ժամը գնացքը չի գնա»: Այդպես ողջ գիշեր ետ ու առաջ գնացինք: Վերջապես Սալոնիկ [Թեսաղոնիկե] հասանք: Ովքեր մոտ էին ապրում, իրենց տները գնացին: Իսկ մենք կրկին տեղաբաշխման կետեր գնացինք, բայց այստեղ էլ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին փորձեցինք հյուրանոցներում տեղավորվել, կրկին՝ անարդյունք: Հիշում եմ, թե ինչպես էի հյուրանոցում խնդրում. «Ուղղակի մի աթոռ տվեք, որ գիշերը նստած անցկացնենք, իսկ ես ձեզ կրկնակի կվճարեմ, քան անկողնու համար»: «Ո՛չ,- պատասխանեցին,- չի կարելի»: Նրանք վախենում էին, որ ինչ որ մեկը կտեսնի, որ իրենց մոտ հյուրանոցում զինվորը գիշերը աթոռին նստած է եղել, և կմատնի նրանց: Նշանակում է ողջ գիշեր կանգնած մնա փողոցում ու պատին հենվիր: Եվ ահա, խեղճ զինվորները կանգնում էին փողոցներում՝ հյուրանոցների մոտ, մայթերին, պատին հենված: Բոլոր մայթերին զինվորներ էին, ինչպես շքերթի ժամանակ: Հասկանալի՞ է քեզ: Իսկ եթե դա ժամանակակից երիտասարդությունը լիներ, ապա ողջ Լարիսան կայրեր, ողջ Թեսալիան և Մակեդոնիան(2) էլ միասին վերցրած: Քանի որ նրանք, այժմ ոչ մի դժվարություն չկրելով, տեսեք, թե ինչ են անում: Ջարդուփշուր են անում, դպրոցներ ու համալսարաններ գրավում: Իսկ այն ժամանակվա խեղճ տղաների մտքով անգամ նման բան չէր անցնում: Իհարկե ցավալի էր նրանց համար, բայց վրեժխնդիր լինելու, ինչ-որ չարիք գործելու մտադրություն չունեին: Իսկ չէ որ պատերազմի ժամանակ, ձյան մեջ նրանք այնքա՜ն տառապանք էին կրել: Խեղճերը խեղվել էին պատերազմից, ինչպիսի՜ ինքնազոհություն, և ի վերջո նրանց «շնորհակալ եղան» բաց երկնքի տակ անցկացրած գիշերով: Վերջին «շնորհակալությունը»: Ես էլ ահա համեմատում եմ, թե ինչպիսին էր այն ժամանակվա երիտասարդությունը և այժմ ուր է այն հասել: Դեռևս հիսուն տարի էլ չի անցել և մարդիկ այդքան փոխվել են…

Այժմյան երիտասարդությունը քացի տվող ցլիկի է նման, որին կապել են մարգագետնում, որ արածի: Նա անընդհատ ձգում է պարանը, հետո ցիցն է քաշում հանում, որին կապված է, փախչում է, բայց ինչ որ բանից է կառչում, վերջնականապես խճճվում է, և ի վերջո վայրի գազանները խժռում են նրան: Երեխային պետք է «արգելակել», զսպել, քանի դեռ փոքր է: Օրինակ՝ տեսնում ես, որ փոքր երեխան ցանկապատի վրա է բարձրանում և կարող է ընկնել, վնասվել: Գոռում ես. «Չի՛ կարելի, չի՛ կարելի» և բացի դրանից վզակոթին ես տալիս: Հաջորդ անգամ երեխան միևնույն է չի մտածի, որ կարող է ընկնել մեռնել, բայց կհիշի, որ կարող է մի անգամ էլ վզակոթին ստանալ և իրեն զգոն կպահի: Բայց այժմ ո՛չ դպրոցներում են ֆիզիկապես պատժում, ո՛չ բանակում փայտով խփում: Այդ պատճառով էլ պատանիները և՛ ծնողներին են տանջում, և՛ ժողովրդին: Իսկ նախկինում որքան հրամանատարներն ավելի խիստ էին լինում ուսումնական մասում, այնքան ավելի մեծ արիություն էին զինվորները դրսևորում մարտի ժամանակ:

Պատանին հոգևոր ղեկավարի կարիք ունի: Նա պետք է խորհրդակցի նրա հետ և լսի նրան, որպեսզի հոգևոր հուսալիությամբ առաջ շարժվի՝ վտանգներից, վախերից ու փակուղիներից խուսափելով: Մարդը որքան մեծանում է, որքան շատ է ապրում, այնքան հարստանում է իր և ուրիշների փորձով: Պատանին այդ փորձը չունի: Հասուն մարդը օգտագործում է ինչպես սեփական, այնպես էլ ուրիշներից փոխ առած փորձը, որպեսզի անփորձ պատանուն օգնի խուսափել վրիպումներից: Եթե պատանին փորձառուներին չի լսում, ապա ինքն իր վրա փորձեր է կատարում, բայց իրեն խրատողներին լսելով՝ հարստանում է:

Մի անգամ քրիստոնեական մի եղբայրակցությունից(3) պատանիներ եկան իմ խուց: Ինքնավստահությամբ, մինչ խռպոտելը գոռում էին. «Մենք ոչ ոքի կարիքը չունենք: Ինքներս կգտնենք մեր ճանապարհը»: Ով գիտե ինչո՞ւ էին այդպիսին դարձել: Երևի շատ էին ճնշել նրանց, այդ պատճառով էլ ըմբոստացել էին: Երբ պատրաստվում էին հեռանալ, հարցրեցին ինձ, թե ինչպես դուրս գան մեծ ճանապարհի վրա, որը Իվերական մենաստան էր տանում: «Ո՞ւր գնանք»,- հարցրեցին: «Լավ, եղբայրնե՛ր,- պատասխանեցի նրանց,- դուք ասացիք, որ ինքներդ ճանապարհը կգտնեք, որ ոչ ոքի կարիքը չեք զգում: Մի՞թե հենց դա չէիք պնդում հենց նոր: Այս ճանապարհը դեռ ոչինչ, եթե կորցնեք այն, ապա մի փոքր տանջվելուց հետո, քիչ հեռու կհանդիպեք էլի ինչ-որ մեկին, և նա կհուշի ձեզ, թե ինչպես դուրս գաք դրա վրա: Բայց ինչպե՞ս ինքներդ, առանց ղեկավարի, կկարողանաք գտնել այն ճանապարհը, որ դեպի Երկինք է տանում»: Այդժամ նրանցից մեկն ասաց. «Եղբայրնե՛ր, իսկ հայրը կարծես, թե ճիշտ է»:

 

1) Քաղաք Կենտրոնական Հունաստանում:

2) Մարզեր Հունաստանում:

3) Քսաներորդ հարյուրամյակի երկրորդ կեսին Հույն Եկեղեցում իշխում էր այսպես կոչված «արտաեկեղեցական կազմակերպությունների» կամ «եղբայրակցությունների» գաղափարախոսությունը: Համաձայն այդ գաղափարախոսության, որն ըստ էության բողոքական էր, վանականությունը համարվում էր Եկեղեցու համար օտար երևույթ: Սուրբ հայրերը, հատկապես նրանք, ովքեր գրում էին հոգևոր կյանքի խորությունների մասին, մոռացության էին մատնվել: 60-ից 70-ական թվականներին այդ գաղափարախոսությունը սկսեց իրեն սպառել և սկսվեց վերադարձը դեպի հայրաբանական ավանդույթները:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

24.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․