Գրքեր

Չկա մեկը, որ երբևէ չի արժանացել այս երանությանը

Դեկտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ շարունակելով սոցիալական ծրագրերի իր շարքը, հերթական տնայցով եղավ Անդրանիկի 92/1 հասցեում բնակվող սոցիալապես անապահով Ինջյան ընտանիքում: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, համայնքն աջակցեց 14 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքին, որ բնակվում է երեք սենյականոց բնակարանում: 58-ամյա Մանյա Խալաթյանը հինգ զավակ ունի, նրանցից երեքն ընտանիք են կազմել, նա ինը թոռների տատիկ է:

«Ես շաքարային դիաբետ ունեմ, ամուսինս սրտի վիրահատություն է անցել և ի վիճակի չէ աշխատելու: Երեք տղաներիցս ոչ ոք չունի հիմնական աշխատանք: Ընտանիք են կազմել, բայց աշխատանքի բացակայության պատճառով չեն կարողանում անգամ վարձով ապրել, մեր տունն էլ վարկի տակ է դրված»,- ասաց տիկին Մանյան:

Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ինջյան ընտանիքը զգացված էր այն ուշադրության և հոգածության համար, որ ցուցաբերեց իրենց հանդեպ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը: Տեր Գրիգորը Սուրբ Աննայի հղությունը Սուրբ Աստվածածնով օրվա տոնի առիթով մաղթեց ընտանիքին, որ Ս. Մարիամ Աստվածածնի և նրա ծնողների բարեխոսությամբ Տերը օրհնի և պահպանի Ինջյան բազմանդամ ընտանիքին և որ նրանցից յուրաքանչյուրն իր կյանքում իրապես զգա Երկնային Սիրող Մոր՝ Ս. Մարիամ Աստվածածնի խնամքն ու հոգատարությունը, քանի որ Երկնային Մայրը ոչ մի վայրկյան չի դադարում իր երկրային զավակների մասին հոգ տանել և հատկապես մեծ սիրով ու ուշադրությամբ է վերաբերվում բոլոր կարոտյալներին և իր մայրական ջերմությամբ մխիթարում նրանց սրտերը:

Չկա մեկը, որ երբևէ չի ողորմել իր մերձավորին և երբևէ չի արժանացել այն երանությանը, որ խոստացավ Տերը՝ երանի ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն (Մատթեոս 5:7): Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ տարբեր են ողորմության կերպերը և լայն է այս պատվիրանը: Երանելի են բոլոր նրանք, ովքեր մերձավորին ողորմածություն են ցուցաբերում, լինի դա հոգևոր կամ նյութական, երանելի է քաղցածին կերակրողը, ծարավյալին հագեցնողը, մերկին հագցնողը, օտարին հյուրընկալողը, հիվանդին և բանտարկյալին այցելողն ու մխիթարողը: Երանելի է որբին կերակրողը, այրի կնոջն օգնողը, ծերին և հաշմանդամին ապաստան տվողը, երանելի է մոլորյալին ճշմարիտ ուղին ցույց տվողը, անհավատին դեպի Աստված առաջնորդողը, անգետին բարին և ճշմարիտը ուսուցանողը, չարին չարով չպատասխանողը և վիրավորանքները սրտանց ներողը: Երանելի են աղոթողները, առավել ևս թշնամու համար աղոթողը, ինչպես նաև երանելի են նրանք, ովքեր չեն մոռանում ննջեցյալներին, հիշում են նրանց աղոթքով և ողորմածությամբ:

Եկեղեցու հայրերից մեկն ասել է՝ ով երեկ ողորմած է եղել և այսօր, երբ կարիքի մեջ հայտնվի, մարդիկ մեծ սիրով կողորմեն նրան, իսկ եթե մարդիկ էլ մոռանան նրան, ապա Աստված չի մոռանա: Աստծո ողորմածությունը և մարդու ողորմածությունը, ինչպես նշում է Ս. Հովհան Ոսկեբերանը, այնքան տարբեր են, որքան բարին և չարը:

«Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան: Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին» (Սաղմոս 40:2-3):

 

 

Կարինե Սուգիկյան

09.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․