Գրքեր

Դիվահարություն. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Քանի որ դարերի խորքից մեզ հասած վկայությունները հոգեղեն աշխարհի, այս դեպքում` խավարի հրեշտակների մասին, ներկայիս շատ մարդկանց երբեմն թվում են իբրև սոսկ պատմություններ, որոնք անիրական և մտացածին են, որոշեցինք ներկայացնել մեր ժամանակներում ապրող որոշ անձանց վկայությունները տվյալ երևույթի շուրջ, ովքեր ամենևին նպատակ չունեն հորինելու պատմություններ և դրանցով ճանաչում ձեռք բերելու, այլ ականատես են եղել, առնչվել, բախվել հոգեղեն իրականության հետ:

Երբ իսկապես հանդիպում ես այդ աշխարհին և ականատես լինում, զարմանք ես ապրում հավատքի և հոգեղեն իրականության վերաբերյալ, որովհետև կյանքի որոշակի փուլում մենք իրապես թերահավատորեն ենք ընդունում այդ ամենը, սակայն երբ քո առջևից անհետանում է սահմանավոր շղարշը և բացվում կյանքի իրական պատկերը, և ինքդ ականատես ես լինում այն ամենին, ինչի մասին վկայում է Ավետարանը, այդժամ փլուզվում են քո բոլոր պատկերացումներն աշխարհի ու աշխարհաճանաչողության մասին, և այն հարցերն ու նպատակները, որոնք կարևորում ու արժևորում էիր այս կյանքում, լիովին կորցնում են իրենց կարևորության և առաջնահերթության արժեքը, որովհետև տեսնում ես մի այլ իրականություն, որտեղ երկրայինն ու երկնայինը հատվում են և բացահայտում կյանքի ամբողջական պատկերն ու անսահմանությունը: Դրանից հետո, եթե մարդը շարունակում է ապրել նախկին կյանքով, դա միանշանակորեն անմտություն է, որովհետև, ինչպես օրինակ՝ տեսնել օվկիանոսը և շարունակել այդ օվկիանոսի մոտ ջրավազան կառուցել, անմտություն է, թեև մարդկային եսասիրությունն ու ինքնակենտրոնությունը մշտապես կուրացնում են անհատի հոգևոր աչքերը և մանավանդ նա, ով ձգտում է փառքի և աղճատված մարմնավոր կյանքի վայելքին, մշտապես գտնում է որևէ ինքնարդարացում, որպեսզի մերժի հոգևոր իրականությունն ու քրիստոնեությունը, որ կարողանա լռեցնել իր հոգու ներսում խղճի ձայնը և շարունակի ապրել երկրային թմբիրով պատված՝ գահավիժելով իր մեղավոր ցանկությունների սողանքների ազդեցությամբ դեպի խավարչտին, անհատակ անդունդը, ուր այլևս չի փայլատակում երկնային լույսը և տիեզերքի անպատմելի երփնավառ երկնային իրականության հայտնությունը: Համենայն դեպս, այդ ամենը մեզ հիշեցնում է աղքատ Ղազարոսի առակը, ուր հանդերձյալում գտնվող մեծահարուստի խնդրանքին ի պատասխան հնչում է. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն» (Ղուկ. 16:31): Այնուամենայնիվ հարկ ենք համարում արձանագրել ժամանակակից ականատեսների վկայություններ, որպեսզի նրանք, ովքեր կամա թե ակամա հայտնվելիս լինեն հոգևոր պատերազմի դաշտում, կարողանան հասկանալ, թե ինչի հետ գործ ունեն և ինչպես վարվեն: 
Մեղքի տարածման պատճառով այս աշխարհում հաճախակի է դառնում չար ոգիների կամ խավարի հրեշտակների միջամտությունը երկրային աշխարհի անցուդարձին: Տարբեր մարդիկ խոսում են տվյալ երևույթի մասին, նկարագրում, սակայն կեղծիքն ու իրականությունը տարբերելը հաճախ դժվար է լինում: Արդի բժշկագիտությունը նման երևույթների մասին խոսելիս այն վերագրում է հոգեմտավոր խանգարումների շարքին: Այդուհանդերձ քրիստոնյա բժիշկները, ովքեր ունեն հավատք առ Աստված, իրենց եզրահանգումներով այլ դիրքորոշում ունեն, որովհետև հոգեմտավոր, հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդները տարբերվում են այն հիվանդներից, ովքեր բռնված են չար ոգիների կամ դևերի կողմից կամ գտնվում են լիովին նրանց տիրապետության ներքո: Հարցն այն է, որ նման մարդկանց չեն օգնում դեղամիջոցները կամ դրանք ունենում են կարճ, ժամանակավոր ազդեցություն և չեն փոխում տվյալ հիվանդի առողջական վիճակը, իսկ տվյալ հիվանդի բժշկական հետազոտությունները շատ հաճախ տարօրինակ արդյունք են տալիս, քանի որ այդ մարդկանց մոտ չի արձանագրվում որևէ ֆիզիկական կամ հոգեկան խախտում, սակայն նրանք իրենց վարքով ու առողջական վիճակով երբեմն չեն զանազանվում սովորական հիվանդներից: Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ ժամանակակից բժշկությունը դեռևս չունի հստակ պատասխաններ, այլ լոկ ենթադրություններ: Այնուամենայնիվ հոգեթերապևտների, հոգեբույժների, հոգեբանների մի մասը սերտ համագործակցության մեջ է հատկապես էկզորսիզմով (էկզորսիզմը հատուկ հոգևոր ծիսակարգ է, որի միջոցով մարդուն ազատագրում են չար ոգիներից, դևերից) զբաղվող կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հետ: Այդ բնագավառի ամենահայտնի հոգևորականներից մեկը հայր Գաբրիել Ամորթն է, ով կատարել է ավելի քան 70000 դիվահալածման, դիվահանության ծիսակարգ: Նա նշում է, որ յուրաքանչյուր մարդ զերծ չէ դևերի կողմից փորձության ենթարկվելուց. սատանան նույնիսկ մոտեցավ Հիսուս Քրիստոսին փորձելու համար: Նա ասում է, որ խավարի հրեշտակները խելացի ու խորամանկ են: Նրանք պահպանել են իրենց հրեշտակային ինտելեկտը: Մեկ այլ կաթոլիկ հոգևորական՝ հայր Գարի Թոմասը, նույնպես հայտնի է էկզորսիզմի իր փորձառությամբ և ներկայումս իր հոգևոր առաքելությունն է իրականացնում ԱՄՆ-ում: Նշում է, որ իրենք մշտապես համագործակցում են հոգեբանների, հոգեբույժների հետ, որովհետև մարդկանց զգալի մասը, որ դիմում է իրենց, հիմնականում հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են և ոչ թե դիվահարներ։ Բայց նույնիսկ վերջինիս դեպքում այդպիսի մարդկանց վրա նախքան էկզորսիզմի կարգ կատարելը, նրանց առողջական վիճակը հետազոտում է հոգեբույժը, եթե հայտնվում են ախտանիշներ, այդ դեպքում կատարվում է կարգը, այնուհետև էկզորսիզմից հետո երբեմն մարդիկ են լինում, որոնք այսահարության պատճառով դեռևս կարիք են ունենում բժշկական ապաքինման: Համենայն դեպս հայր Գաբրիելն ընդգծում է, որ իրենց դիմած, օրինակի համար, հազար մարդկանցից միայն հարյուրն են այս կամ այն կերպ ախտահարված եղել դևերի կողմից, մնացյալն ունեցել են հոգեբանական տրավմա և կարիք են ունեցել հոգեմտավոր, հոգեբուժական ապաքինման: 
Երբեմն հիվանդը միաժամանակ ունենում է և՛ դիվահարության, և՛ հոգեկան խնդիր, այդ ժամանակ միանշանակորեն հոգեբույժի աջակցության կարիք է լինում: Հայր Գաբրիելը շեշտում է, որ իրենք նախ հարցաքննում են հիվանդին, որպեսզի համոզվեն` անհրաժեշտություն կա՞ էկզորսիզմ կատարելու։ Նախապես հարցնում են` իրենց դիմած անձն ունի՞ գլխացավ կամ ցավեր որովայնի շրջանում (գլուխն ու որովայնն այն օրգաններն են, որոնք հաճախ դիվահարության դեպքում ախտահարվում են ու զգայուն են դևերի ներկայության ժամանակ մարդու ներսում): 
Հայր Գարի Թոմասը պատմում է՝ երբ մարդը գալիս է իր մոտ, հաճախ սկզբում ասում է, եկեք աղոթենք մի որոշ ժամանակ, փորձում է ավելի շատ իմանալ տվյալ անհատի մասին: Փորձում է ճշտել՝ արդյոք կա՞ որևէ առնչություն սեռական չարաշահման կամ կապ օկուլտիզմի հետ: Կաթոլիկ հոգևորականը նշում է, որ իր մոտ եկած մարդկանց ութսուն տոկոսը եղել է սեռական բռնության զոհ, սովորաբար` երեխա հասակում: Նա հարցեր է տալիս պոռնոգրաֆիայի և թմրանյութերի օգտագործման վերաբերյալ, սովորություններ, որոնք աճում են: Ճշտում է` եղե՞լ են ցանկացած տեսակի վնասվածքներ, որոնք ինքնասպանության են դրդել անձին: Հայր Գարի Թոմասը չի բացառում, որ տվյալ երևույթները ժամանակին եղել են դևերի դրդմամբ, կամ մարդու նման մոտեցումը նրանց առջև դռներ է բացել, որպեսզի թափանցեն մարդու մեջ: Հայր Գաբրիելն ասում է, որ էկզորսիզմի կարիք ունեն միայն դևերի կողմից տիրապետվածները, մնացյալ դեպքերում հարցը կարելի է լուծել սովորական միջոցներով՝ աղոթքով, սուրբ խորհուրդներին հաղորդակից լինելով, ապաշխարությամբ, քրիստոնեական բարոյական կեցության ապրելակերպով: 
Էկզորսիստի աշխատանքը մարդկանց տառապանքները թեթևացնելն է, տանջանքներից ազատելը` վտարելով դևերին և մարդուն մոտեցնելով Աստծուն: Բազմիցս տպագրվել է նրա «Մի էկզորսիստ պատմում է իր պատմությունը» գիրքը: 
Հիշատակելի է նաև, որ 1982 թ. Հռոմի պապը կատարում է հանդիսավոր էկզորսիզմի կարգ Սպոլլետոյի բնակչուհի մի աղջկա վրա: Աղջիկն ընկնում է գետնին ու թավալվում, ճչում` շրջապտույտ տալով գետնին: Ականատեսները վախենում են: Այնուհետև այդ աղջկան ուղարկում են հայր Գաբրիելի մոտ, ով նրան օգնում է և ազատագրում դևի կապանքներից: Ամեն դեպքում պետք է իրապես հասկանալ, թե մարդն ինչպիսի վիճակում է գտնվում, որովհետև սահմանները նուրբ են, որպեսզի հնարավոր լինի տալ ճշգրիտ ախտորոշումը, մանավանդ որ դևերն աշխատում են իրենց չբացահայտել և հաճախ թաքնվում են հիվանդությունների թիկունքում։ Բայց մյուս կողմից էլ մարդու վարքի յուրաքանչյուր կասկածելի դրսևորում վերագրել նրա մեջ նստած դևին` սխալ է։ Որովհետև, ինչպես ասում է հայր Գարի Թոմասը, երբեմն նրանք կարող են, այսպես ասած, կցվել ինչ-որ մեկին և այդպես աշխատել։ Ասել է` լինեն այդ մարդու շուրջը, բայց ոչ իսկապես նրա մեջ: Այդ իսկ պատճառով դևերի հարձակումների տարբեր աստիճաններ կան: 
Առաջինը, այսպես կոչված, «վարակված» լինելն է: Սա ավելի շատ վերաբերում է որևէ առարկայի կամ ինչ-որ բանի, ինչպես, օրինակ, դևը կամ ոգին կարող է մնալ որևէ տան մեջ, եթե տվյալ տան մեջ կատարվել է սատանայական ծիսակարգ, երկար ժամանակ սատանայական պաշտամունք է եղել այդտեղ կամ առնչություն է եղել նման երևույթներին: 
Երկրորդը «ընկճվածությունն» է: «Ընկճվածությունը» վերաբերում է դեպրեսիայի որևէ տեսակի, որի դեպքում մարդ լցված է անհանգստությամբ, ներքին լարվածությամբ և շատ հաճախ հուսահատության ու հուսալքության զգացումի մեջ է ապրում: 
Մյուս մակարդակը «բռնվածությունն» է, երբ անձը տիրապետված է սատանայի գաղափարներով՝ գտնվելով դրանց ազդեցության ներքո: Այս առումով բժիշկ Ավդիևն «Ուղղափառություն և բժշկություն» գրքում ասում է, որ դեպրեսիայի այդ վիճակում լինում են դեպքեր, երբ մարդ պարուրված է անհագ ցանկությամբ, ինչպես օրինակ` անհատը կարող է ձեռքերը մի քանի տասնյակ անգամ լվանալ նախքան հաց ուտելը կամ անընդհատ հաշվել անցորդների վերարկուների կոճակները և նմանատիպ երևույթներ: Այդպիսի վիճակներում հիվանդը սաստիկ տառապում է այդօրինակ վարքի համար, սակայն իր նման վարքագծի դրևսորման հետ ոչինչ անել չի կարողանում: Խավարի հրեշտակների կամքով, թե՛ «վարակվածության», թե՛ «ընկճվածության» դեպքում էլ մարդը կարող է այնպես գործել, որ հնարավոր չլինի գտնել որևէ դիվական հետք, եթե չեն բացահայտվում որոշակի յուրօրինակ իրողություններ տվյալ պահին:
Հաջորդ աստիճանը դևի կողմից «տիրապետված» լինելն է: Հարկ է նշել, որ դևը չի կարող վերահսկել մարդու հոգին, նա կարող է միայն վերահսկել մարդու մարմինը: Եթե դիտարկում ենք կամքի հարցը, այս պարագայում բարդ է, որովհետև, ինչպես ասում է հայր Գարի Թոմասը, կամքի միջոցով ամեն ինչ հնարավոր է անել հոգու հետ: Ամեն դեպքում կարելի է նշել, որ եթե մարդը «տիրապետված» է, նրա կամքը կարող է լինել սահմանափակված, ճնշված, քանի որ նրա ընդհանուր գործառույթը սահմանափակ է. Այդպիսի մարդիկ երբեմն նույնիսկ չեն կարող հոգալ իրենց սեփական ֆիզիկական կարիքները: Իսկ հայր Գաբրիել Ամորթը նշում է, որ դևերը կարող են գայթակղել, կարող են տիրապետել մարդու մարմինը, բայց ոչ մարդու հոգին, եթե մարդն իր ազատ կամքով այն չի հանձնում նրանց: 
Հայր Գարի Թոմասը մատնանշում է՝ մարդը, որ ընդունում է դևին, կոչվում է «ինտեգրացիա», իսկ «տիրապետումը» լինում է ակամայից: Այնուամենայնիվ, այն անձը, ով լիովին «տիրապետված» է, չի կարողանում իր սեփական որոշումները կայացնել: Այս դեպքերում զոհը չի կարողանում վերահսկել իր գործողությունները և պատասխանատու չի լինում իր արարքների համար: 
Հարկ է նշել նաև, որ դևերը ոգեղեն էակներ են։ Նրանց համար տեղ և ժամանակ հասկացություններն այլ իմաստ ունեն: Հայր Գարի Թոմասն ասում է, որ սատանան որոշակի իմաստով կարող է զգալ, հասկանալ մեր մտածումները, զգացումները, բայց նա մեզնից լավ մեզ չի կարող ճանաչել, ինչպես ինքներս ենք մեզ ճանաչում: Նա չի կարող ապագան կանխատեսել: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, ելնելով իր հազարամյակների կյանքի փորձառությունից և տեղեկատվության հագեցվածությունից, կարող է վերլուծել և հասկանալ, թե իրադարձություններն ինչպես կարող են զարգանալ, որոնք կարող են երբեմն համընկնել իրականության հետ, երբեմն՝ ոչ: Այս առումով դիվահար մարդուն կամ դևի հետ առնչություն ունեցող անձին սատանան կարող է հնարավորություն տալ կանխագուշակելու ապագա իրադարձությունները, վերծանել սովորական մարդու համար անհասկանալի հաղորդագրությունները, տեսնել սովորական աչքից ծածկված երևույթներն ու իրողությունները, մարդուն օգնել հոգով մարմնից դուրս գալ և վերադառնալ, ինքդ քեզ երկակի զգալ՝ լսելով ինչ-որ ձայներ, հաղթահարել երկրի ձգողական ուժը, գետնից կտրվել որոշակի բարձրության վրա և այլն: Իսկ մտքեր կարդալու հետ կապված մի ականատես վկայում է, որ դևեր կան, որոնք կարողանում են իրապես կարդալ մարդու մտքերն ու մտածումները: Մեկ այլ դեպքում էլ՝ կարող են որևէ միտք հաղորդել, այնուհետև դրան հաջորդիվ այլ միտք հաղորդել և մարդուն կարող է թվալ, թե կարդում են իր մտքերը: Հայր Գաբրիելն ընդգծում է, որ դևերը, որպես կանոն, հակված են հարձակվելու մարդու վրա հետևյալ դեպքերի ընթացքում՝ մարդու առողջության վատթարացման ժամանակ, որը կարող է բերել ֆիզիկական կամ հոգեբանական հիվանդության: Այդժամ որոշ հիվանդություններ կարող են լինել երկարատև, հատկապես գլխի և որովայնի շրջանում, նաև ստամոքսին առնչվող խնդիրներ, որոնք կարող են արտահայտվել ուռուցքների տեսքով, կտրվածքներով, կապտուկներով: Երբ էկզորսիզմի ժամանակ դրանց վրա Սբ. Խաչի նշանով խաչակնքում ես, օրհնված ջուր ցողում, տվյալ երևույթներն անհետանում են: 
Դևերը հարձակվում են նաև սիրահարների միջև ընդհատված փոխհարաբերությունների դեպքում, ովքեր միմյանց սիրում են, բայց գտնվում են գժտված և լարված վիճակում: Դևերն առկա են հակառակ սեռի հետ երկարատև հարաբերություններ հաստատելու անկարողության, հոմոսեքսուալ կապերի դեպքում: Մարդուն փորձության են ենթարկում, երբ անհատն անկարող է լինում աշխատանք գտնելու կամ աշխատանքը պահպանելու, բիզնեսի ձախողման դեպքում, հատկապես, երբ մարդն այն կորցնում է առանց որևէ լուրջ պատճառի: Հարձակում են գործում, երբ անձը դեպրեսիայի մեջ է և գլորվում է հուսահատության խորխորատ, լցվում մեռնելու ցանկությամբ: Կաթոլիկ հոգևորականը նշում է, որ դևերը նաև սիրում-նախընտրում են գործ ունենալ քաղաքական գործիչների և գործարարների հետ: Նա ասում է` չենք կարող եզրակացնել, թե նրանք բռնված կամ դիվահարված են բառի բուն իմաստով, այլ որ քաղաքական գործիչների, գործարարների մի զգալի մասը իր կամքի հավանությունն է տալիս սատանայի առաջարկություններին: Ընդհանուր առմամբ չար ոգիների դեմ հոգևոր այդ պայքարում հրեշտակները մեր դաշնակիցներն են, յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը: Իսկ խավարի հրեշտակներն առանց հիմնավորման չեն ախտահարում, այսահարում, որովհետև պահապան հրեշտակները, նախքան դևերի հարձակումը, հարվածելն ու ներխուժումը մարդու մեջ, հիմնականում խանգարում, թույլ չեն տալիս, բայց դևերը վիճարկում են իրենց իրավունքները՝ ցույց տալով տվյալ մարդու այս կամ այն առնչությունը խավարի թագավորությանը կամ ծանր մեղքը և տվյալ անձի շարունակական մեղանչական կյանքը: 
Հայր Գաբրիելն ասում է՝ անշուշտ, քրիստոնեական կյանքը հեշտ չէ, դժվարին է, բայց այն դեպրեսիայի, տխրության ուղի չէ: Այդ ամենը մշտապես հնարավոր է հաղթահարել, եթե մարդը հաղորդակից է Աստծուն, եկեղեցուն և ապրում է քրիստոնեական բարոյական նորմերով ու աղոթական կյանքով:


 

Հրապարակման պատրաստեց` Հովհաննես սրկ. Մանուկյանը

Աղբյուրը՝ irates.am

01.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․