Գրքեր

«Դուք Իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, մշտապես հոգևոր և նյութական աջակցություն է ցուցաբերում սիրիահայ ընտանիքներին: Սիրիայում սկիզբ առած պատերազմական տարիներից ի վեր Հայաստան գաղթած սիրիահայ ընտանիքներից, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ձևավորվեց սիրիահայ համայնք: Մարտի 9-ին Տեր Գրիգորը սիրիահայ համայնքից Լուսին Չոփուրյանին (84 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Լուսին իր որդու՝ Կարապետ Գասպարյանի (52 տ.) հետ Հայաստան է եկել 2016 թ.-ին և վարձակալությամբ բնակվում է Աջափնյակի Էստոնական փ. 7 հասցեում: Նա նշեց, որ որդին շինարարությամբ է զբաղվում և նրա նվազագույն աշխատավարձն ու իր կենսաթոշակի գումարը չեն բավարարում, որ հոգան իրենց նվազագույն կարիքները, վճարեն տան և կոմունալ վարձերը: Նա անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձին՝ հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար:

«Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ»,- ասում է մեր Տերը (Հովհ. 15:14): Այս տողերը վկայում են Արարչի անսահմանելի սիրո արտահայտությունն Իր արարածների հանդեպ, ովքեր պատվիրանապահությամբ կարող են արժանանալ Աստծո բարեկամը լինելու մեծ պատվին: Եկեղեցու հայրերը նշում են, որ եթե մեծ նշանակություն ունի երկրային արքայի ընկեր լինելը, ապա որքան մեծ պատիվ է երկնային արքայի բարեկամ և ընկեր լինելը, Նրա, Ով պահպանում է ողջ աշխարհը: Զարմանալի է Աստծո Որդու սերը մարդկանց հանդեպ. միայն նրա համար, որ սիրում ենք մեր նմանին, Նա արժանացնում է մեզ Իր ընկերը լինելու մեծագույն պատվին:

 

Կարինե Սուգիկյան

09.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․