Գրքեր

Եղիա մարգարեն և աշխարհի վախճանը

Սուրբ Եղիա մարգարեի տոնից առաջ շաբաթապահք է, որ կոչվում է եղիական պահք, որովհետև նախորդում է մարգարեի տոնին: Եղիա մարգարեն չի ներառված Աստվածաշնչի մեծ կամ փոքր մարգարեների շարքում, որովհետև նա գրավոր մարգարեություն չի թողել, սակայն, անկասկած, նա ամենանշանավոր մարգարեներից մեկն է մարդկության պատմության մեջ: Նրա անվան հետ է կապված Քրիստոսի երկրորդ գալուստը աշխարհի վախճանին: Հակոբոս առաքյալը և եկեղեցական շատ հեղինակներ ճշմարիտ հավատն են ուսուցանում Եղիա մարգարեի օրինակով: Քրիստոս համեմատեց Հովհաննես Մկրտչին Եղիա մարգարեի հետ (Մատթ. 11.14, 17.12, Մարկ. 9.12): Իսկ Հակոբոս առաքյալն իր թղթում ասում է. «Եղիան մարդ էր մեզ նման` կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը» (Հակ. 5.17-18): Մաղաքիա մարգարեն իր մարգարեության մեջ ցույց է տալիս, որ Քրիստոսի երկրորդ գալստից առաջ Եղիան պետք է գա (4.4): Օրենսգետները ևս ուսուցանում էին, որ Մեսսիայի գալստից առաջ Եղիան պետք է գա (Մատթ. 17.10, Մարկ. 9.10): Դրա համար էլ առաքյալները այլակերպության լեռան վրա Տիրոջը հարցրին այս մասին, իսկ Քրիստոս ասաց, որ Հովհաննես Մկրտիչը ինքը Եղիան է, այսինքն` այն իմաստով, որ Հովհաննես Մկրտիչն ուներ նույնպիսի նախանձախնդրություն, ինչպիսին Եղիան:

Եղիան գալու է Քրիստոսի փառավոր գալստից առաջ, ինչպես որ տեսնում ենք Մաղաքիայի մարգարեության մեջ, ով Տիրոջ գալստյան մասին այս հատվածում խոսում է աշխարհի վախճանի մասին: Հովհաննես Ավետարանիչը Հայտնության գրքում խոսում է երկու վկաների մասին, ովքեր գալու են հակաքրիստոսի թագավորության շրջանում և հայտարարելու են, որ նրա թագավորությունը չարից է: Այդ ժամանակ հակաքրիստոսը` նեռը, սպանելու է նրանց, և նրանց մարմինները երեք օր ընկած են լինելու Երուսաղեմի հրապարակում: Սակայն երեք օր հետո նրանք հարություն են առնելու և երկինք են համբարձվելու (11.3-12): Հովհաննես առաքյալը որևէ բան չի հայտնում այդ երկու վկաների անունների մասին, բայց Եկեղեցու Հայրերը, հիմնվելով Սուրբ Գրքի վկայության վրա, ասում են, որ Հովհաննու Հայտնության մեջ հիշատակվող երկու վկաները Ենովքն ու Եղիան են, ովքեր չեն մահացել, այլ երկինք են համբարձվել իրենց կենդանության օրոք (Ծննդ. 5.24, Դ Թագ. 2.11, Եբր. 11.5): Նրանք կրկին երկիր են գալու և մեռնելու են մարդկանց հատուկ մահով, այնուհետև հարություն են առնելու, իսկ հակաքրիստոսի զորությունը վերացվելու է աշխարհի վախճանից և Դատաստանի օրվանից առաջ:

 

Տեր Ադամ քհն Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

 

23.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․