Գրքեր

Եկեղեցու համայնքն աջակցեց և քաջալերեց իր երիտասարդ անդամին

Մայիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ որպես քաջալերանք, աջակցեց համայնքի երիտասարդ անդամ, ուսանողուհի Հարությունյան Մելինեին (20 տ.)՝ նրան հանձնելով դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր արտերկրում բնակվող Մարտիրոս Պենկլիանը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ հարազատի՝ ֆրանսահայ ուսուցիչ, գիտնական Վանիկ Հակոբջյանի:

Մելինեի հայրը մահացել է տասնչորս տարի առաջ և նրան խնամում է մայրը՝ Թագվորյան Կարինեն (41 տ.), ով 3-րդ խմբի հաշմանդամ է: Մելինեն իր մայրիկի հետ վարձակալությամբ բնակվում է Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 15, բն. 26 հասցեում: Նա ուսանում է ԵՊՀ-ի ռոմանոգերմանական բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսում և որպես միակողմանի ծնողազուրկ ուսանողուհի՝ կիսով չափ է վճարում իր ուսման վարձը: Հարությունյան ընտանիքն այժմ մի շարք խնդիրների առջև է կանգնած. Մելինեի մայրն առողջական վիճակի վատթարացման պատճառով չի կարողանում աշխատել, իսկ Մելինեի ծնողազրկության թոշակի և նրա մորը հատկացվող հաշմանդամության գումարները չեն բավարարում տան, կոմունալ և ուսման վարձերի վճարման համար: Մելինեն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ որպես մի մեծ ընտանիք, քաջալերելով ընտանիքի երիտասարդ անդամներին, նպաստում է, որ նրանցից յուրաքանչյուրն՝ իր ազգաշեն ու եկեղեցանվեր ծառայությամբ, գործի՝ ի փառս Աստծո և ի շինություն Հայ ազգի ու Հայ եկեղեցու: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Կարծում եմ, որ երիտասարդությունը եկեղեցու կյանքում էական նշանակություն ունի: Զորեղ և հզոր է Հայոց ազգը և եկեղեցին՝ իր ընտանիքից ներս ունենալով ծառայելու պատրաստակամությամբ լծված երիտասարդ զավակների: Ես ասել, եմ, որ ինձ համար երիտասարդությունը մարտահրավեր ընդունելու քաջությունն է, այլ ոչ թե դրանցից խույս տալը: Երիտասարդներին հատուկ է որևէ բան փոխելու ձգտումը, նույնիսկ այն, ինչը միշտ համարվել է անփոփոխ: Եթե երիտասարդների մեջ այդպիսի վճռականություն կա, կարծում եմ, որ նրանք կգտնեն բոլոր ձևական արգելքները հաղթահարելու միջոցները և կբերեն այն թարմ օդը, որի կարիքն ունեն եկեղեցիները: Մի խոսքով, երիտասարդությանը պետք է վստահել…»:

 

 

Կարինե Սուգիկյան

02.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․