Գրքեր

Եկեղեցում առկա ներքին, կենդանի սերը

Քրիստոսահիմն եկեղեցու ծառայության անբաժանելի մասն է կազմել և կազմում ավետարանական ճշմարտությունները գործնականորեն կյանքի կոչելու առաքելությունը: Իրական քրիստոնյայի հոգևոր առաքինության նկարագիրն է կազմում քրիստոնեական ողորմածությունն ու կարեկցանքը:

Աստվածադիր ծառայասիրության կոչմանը հավատարիմ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, մարտի 10-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աջակից եղավ սիրիահայ Գյուլումյան ընտանիքին: Տեր Գրիգորը Գյուլումյան Հակոբին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երկու տարի է, ինչ Գյուլումյան ընտանիքը բնակություն է հաստատել Հայաստանում և ապրում է վարձակալությամբ Արցախի 22/2, 52 բնակարանում: Երեք անչափահաս զավաների հայրը՝ Գյուլումյան Հակոբը, նշեց, որ չի կարողանում հոգալ ընտանիքի նվազագույն կարիքները, տան վարձը վճարել, քանի որ չի կարողանում աշխատանք գտնել: «Մի քանի անգամ աշխատել եմ իմ մասնագիտությամբ՝ դարբնագործությամբ, բայց ամեն անգամ ստիպված եմ եղել թողնել աշխատանքը՝ չվարձատրվելու պատճառով»,- ասաց նա:

Գյուլումյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, հոգևոր հովվին և աջակից անձին:

Գարեգին Ա Հովսեփյանցն ասել է. «Գործնականում աղքատների խնամատարությունն ունի էական նշանակություն, քանի որ բացահայտում ու շոշափելի է դարձնում եկեղեցում առկա ներքին, կենդանի սերը, որը քրիստոնեական ոգու պահպանման ու հարատևության երաշխիքն է: Այդ սերն անշուշտ բխում է Քրիստոսի անձի օրինակից, Նրա ավանդած պատգամներից, ավետարանական սկզբունքներից, և տեսանելի է դարձնում իրական քրիստոնեական կյանքը: Միաժամանակ հենց այդ կենդանի սերն է, որ ստիպում է քրիստոնյաներին օգնության հասնելու կարոտյալներին: Եվ ամենահատկանշականն այն է, որ այդ բարեգործությունն արվում է առանց փոխհատուցման որևէ սպասելիքի. «Բայց դուք… բարությո՛ւն արեք նրանց. փոխ տվեք նրանց, որոնցից հույս չունեք ձեր տվածը հետ վերցնելու» (Ղուկաս 6:35)»:

 

 

Կարինե Սուգիկյան

10.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․