Գրքեր

Երախտագիտությունը մեզ մոտեցնում է Աստծուն

Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ ուշադիր լինելու պարագայում կնկատի Տիրոջը փառաբանելու բազմաթիվ պատճառներ՝ այն մի շարք բարիքները, որ Աստված շնորհել է իրեն և ողջ տիեզերքին: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է այդ պատճառները՝ ասելով. «Գիշերով տեսնում ես երկինքը՝ զարդարված աստղերով, որոնց մեջ փայլում է լուսինը, նրանք ծառայում են քեզ, փառաբանիր Արարչին՝ «լուսինն ու աստղերը՝ գիշերվա տիրակալ» (Սաղմոս 135:9): Օրը բացվելուն պես արևն սկսում է լուսավորել ողջ տիեզերքն իր ճառագայթներով, քեզ համար է փայլում նրա լույսը, փառաբանիր Արարչին՝ «Արեգակը կարգեց ցերեկվա տիրակալ» (Սաղմոս 135:8): Ամպերից անձրև է տեղում քեզ համար, փառաբանիր Խնամողին՝ «Երկիրը Նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրևն Իր» (Սաղմոս 146:8)»:

Հիշենք, երկիրը, որտեղ ապրում ենք, սնունդը, որ ճաշակում ենք, հագուստը, որ հագնում ենք, տունը, որտեղ ապրում ենք, մեր կյանքը պահպանող օդը, ջուրը, մեզ լուսավորող արևը, լուսինը, աստղերը և ամեն ինչ «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ» (Սաղմոս 23:1):  Աստվածատուր բարիքները վայելելով՝ հիշո՞ւմ ենք արդյոք մեր Բարերարին և Նախախնամողին: Թեև չենք տեսնում Աստծուն, բայց գիտենք, որ Նա մշտապես հոգ է տանում մեր բարօրության համար. մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը պարգև է՝ Նրա կողմից մեզ շնորհված: Ամենամեծ շնորհը փրկության շնորհն էր, որ Տերը պարգևեց համայն մարդկությանը. Նա Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նա, ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհաննես 3:16):  

Հետևելով Սուրբ Գրքին՝ կարդում ենք, որ երանելի Հոբը, երբ զրկվել էր իր զավակներից և ունեցվածքից, փառաբանում էր Տիրոջը՝ ասելով. «Տերը տվեց, Տերն էլ հետ առավ: Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1:22): Դավիթ արքան իր բազմաթիվ սաղմոսներում ուրախ սրտով և հոգով գովերգում է Տիրոջն իր բարերարությունների համար: Տիրոջից գոհանալու օրինակը տվեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, երբ Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ասաց. «Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, շնորհակալ եմ, որ այս բաները ծածկեցիր իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց» (Ղուկաս 10:21): Ս. Մարիամ Աստվածածինն էլ գոհացավ Տիրոջից՝ ասելով. «Կգովերգեմ Տիրոջը. ահա հոգիս ցնծում է Աստծով՝ իմ Փրկիչով» (Ղուկաս 10:21):

Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մենք ի վիճակի չենք արժանապես Տիրոջը փառաբանելու, բայց մեր պարտքն է ուժերի ներածին չափով անդադար փառաբանել Աստծուն խոսքով և առաքինի կյանքով: «Ուզո՞ւմ ես իմանալ, ինչպե՞ս արտահայտես շնորհակալությունդ՝ խոստովանիր մեղքերդ, ով խոստովանում է իր մեղքերը, նա այդ կերպ ցույց է տալիս, որ գիտակցել է իր մեղավոր լինելը և չի ստացել միայն արժանի պատիժը: Այս դեպքում նա առավել է շնորհակալ լինում Աստծուց: Յուրաքանչյուր օր իր հետ բերում է անթիվ բարերարություններ, ցանկանում ենք դա, թե՝ ոչ, գիտենք այդ մասին կամ չգիտենք: Աստված չի պահանջում մեզանից ոչինչ, միայն երախտագետ լինել այն ամենի համար, ինչ պարգևել է Ինքը, որպեսզի առավելը վարձատրի երախտագիության դիմաց»,- ասում է սուրբը: Նա կարևորում է այն, որ շնորհակալ պետք է լինեն ոչ միայն առողջները, այլ նաև հիվանդները, ոչ միայն բախտավորները, այլ նաև փորձությունների և զրկանքների մեջ գտնվողները:  Զարմանալի ոչինչ չկա շնորհակալություն հայտնել այն դեպքում, երբ համընթաց քամին օգնում է նավին ընթանալ իր ուղիով, բայց երբ նավը խորտակվելու վտանգի մեջ է, այս դեպքում շնորհակալությունը ծառայում է որպես մեծ ապացույց՝ համբերության և երախտագիտության: Լավ բան է պատահել քեզ հետ, փառաբանիր Աստծուն, և լավը կմնա: Վատ բան է պատահել, փառաբանիր Աստծուն, և վատը կդադարի: Նա, ով վայելում է բարիքները և ունի երախտագիտության զգացում, նա միայն իր պարտքն է կատարում, իսկ նա, ով համբերում է պատուհասներին և փառաբանում Աստծուն, նա իր համար պատրաստում է վարձատրություն: Դժվարության մեջ Տիրոջը վատաբանողն ընկնում է հուսահատության մեջ, իսկ փառաբանողն իմաստուն քայլ է դրսևորում, նախ՝ փառաբանում է Աստծուն, երկրորդ՝ անարգում է չարին, երրորդ՝ պատահածը համարում է ոչինչ: Այս դեպքում չարը հեռանում է, իսկ Աստված վարձատրում է Իրեն փառաբանողին, այս դեպքում Տիրոջը փառաբանողը ոչնչով չի տարբերվում մարտիրոսից և արժանանում է նույնպիսի պսակի: Մենք չգիտենք, թե ինչն է մեզ օգտակար այն չափով, ինչ չափով Աստված գիտի, հետևաբար՝ ստացել ենք կամ չենք ստացել՝ փառաբանե՛նք Տիրոջը: Փառաբանենք Աստծուն ոչ միայն նրա համար, ինչ գիտենք, այլև նրա համար, ինչ չգիտենք, քանի որ Աստված Իր բարերարությունն է տալիս ոչ միայն այն ժամանակ, երբ ցանկանում ենք մենք,  այլ նաև այն ժամանակ, երբ չենք ցանկանում:

Քրիստոնեական հավատը յուրաքանչյուրից պահանջում է տևական փառաբանություն: Ս. Սիմեոն Աստվածաբանն ասում է, որ ինչպես անհրաժեշտ է շնչելը, այնպես էլ անհրաժեշտ է փառաբանել Աստծուն փորձությունների և զրկանքների մեջ:

Սրբակյաց Իգնատի Բրյանչանինովը զորավոր է համարում «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված» խոսքերը, ուստի հորդորում է. «Երբ փորձությունների մեջ կընկնես և քեզ կշրջապատեն կասկածի, թերահավատության և տրտունջի մտքերը, ստիպիր քեզ հաճախակի, ոչ արագ և ուշադիր կրկնել հետևյալ խոսքերը՝ Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված»: Անշնորհակալ լինելը համահավասար է անհավատությանը, քանի որ, ըստ սրբակյաց Իգնատի Բրյանչանինովի, անշնորհակալը չի տեսնում փրկության ուղիները, որ Աստված տալիս է մարդկանց: Նրան թվում է, որ այն, ինչ կատարվում է իր հետ՝ անիմաստ է և պատահական: Այնինչ հակառակը. դժվարությունների և չարչարանքների ժամանակ առ Աստված փառաբանությունը ծնում է կենդանի հավատք, իսկ կենդանի հավատքից՝ լուռ, բայց զորավոր համբերություն Քրիստոսով: Նա բացատրում է, որ ճշմարիտ փառաբանությունը ծնվում է ոչ թե ինքնագոհությունից, այլ սեփական տկարությունները և Աստծո ողորմածությունն ընկած արարածի հանդեպ տեսնելուց: Փառաբանությունը միակ զենքն է, որով կարելի է հաղթել ամեն փորձություն և դառնություն:

Երբեմն մարդն իր ունեցածը գնահատում է այն կորցնելուց հետո միայն, այդ պատճառով գնահատենք այն, ինչ ունենք: Գոհանանք Տիրոջից, ձեռք բերելով անգին մի գանձ՝ հոգևոր ուրախությունը, որի լույսի ներքո այլ կերպ կընկալենք մեր կյանքը, անսանք Տիրոջ հորդորին՝ Ս. Պողոս առաքյալի միջոցով մեզ տրված. «Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թեսաղ. 5:18):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

24.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․