Գրքեր

«Երանելի է այն մարդը, որն իր մեջ Աստծո սերը ունի»

Հուլիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց վիրավոր ազատամարտիկ Նելսոն Ղոջիկյանին (65 տ.), ով տասը օրից ավել է, ինչ ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկը վիրավորվել է գլխից և ոտքից: Ազատամարտիկի որդին՝ Սերգեյ Ղոջիկյանը (38 տ.), նշեց, որ հայրը բուժում է ստացել նաև Մոսկվայում, ոտքն ամպուտացիա է արված, անկողնային հիվանդ է և տարիների ընթացքում նրա մոտ առողջական այլ խնդիրներ են առաջ եկել, նա սրտային անբավարարություն և հեպատիտ B հիվանդությունն ունի, որովայնում հեղուկ է կուտակվում և ժամանակ առ ժամանակ հիշողության կորուստ է ունենում:

Վեց հոգուց բաղկացած Ղոջիկյան ընտանիքը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 30-Ա շ. 34/2 բն. հասցեում: Ընտանիքն այժմ հայտնվել է ֆինանսական դժվարության մեջ. երեք ամիս է, որ երկրորդ խմբի հաշմանդամ, բազմաթիվ պարգևների արժանացած Նելսոն Ղոջիկյանը թոշակ չի ստանում, իսկ ընտանիքի միակ աշխատողը՝ ազատամարտիկի որդին, ով տասնչորս տարի որպես իրավաբան է աշխատել, մեկ ամիս է, ինչ գործազուրկ է:

«1993 թ-ից հայրիկիս նշանակել էին անժամկետ երկրորդ խմբի հաշմանդամության թոշակ և ըստ օրենքի՝ եթե անձը տասը տարուց ավել հաշմանդամության կարգ ունի, ապա այն վերանայման կարիք չունի: Այս երեք ամիսների ընթացքում ստիպված եղանք նորից թղթաբանությունը վերանայել, որպեսզի վերականգնենք հայրիկիս հասանելիք հաշմանդամության թոշակը, օգոստոս ամսին նա արդեն թոշակ կստանա: Բացի այդ տասնհինգ տարի է, որ հայրս դեռ բնակարանային հերթի մեջ է, քանի որ մեր փոքր բնակարանային պայմաններում և իր հիվանդության պարագայում իրեն առանձին խնամք է անհրաժեշտ»,- ասաց Սերգեյը:

Տեր Գրիգորը զրույցից հետո բժշկության աղոթք կարդաց և ազատամարտիկին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վիրավոր ազատամարտիկն իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

Մարդուն՝ որպես արարչագործության պսակի, սիրտը տրվել է սիրելու համար, սիրով է ապրում քրիստոնեական հոգին, սիրո մեջ է նրա երջանկությունն ու երանությունը: Սիրո առաքյալը՝ Հովհաննես ավետարանիչը, ասում է, որ Աստված սեր է և ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան (Ա Հովհ. 4:16):

«Երանելի է մարդը, որն իր մեջ ունի Աստծո սերը, որովհետև նա իր մեջ Աստծուն է կրում: Ում մեջ սեր կա, նա Աստծո հետ միասին վեր է ամեն ինչից» (Ս. Եփրեմ Ասորի):

 

Կարինե Սուգիկյան

27.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․