Գրքեր

Երբ Աստված է հրամայում…

Մի շատ հավատացյալ աղքատ կին կար: Եվ մի անգամ, երբ նա նույնիսկ երեխաներին սնունդ գնելու համար գումար չուներ, ռադիոկայան զանգահարեց և առ Աստված ուղղված օգնության խնդրանքը բարձրաձայնեց:

Ռադիոկայանի աշխատակիցներն ըմբռնումով մոտեցան հավատացյալ կնոջը, իսկ ունկնդիրներից մեկին նրա խոսքերը գրգռեցին: Նա աթեիստ էր և որոշեց անծանոթուհուն ծաղրելու միջոցով ինքն իրեն հաճույք պատճառել:

Տղամարդը ճշտեց նրա հասցեն, կանչեց իր քարտուղարուհուն և հրահանգեց շատ մթերք գնել: Աղջիկը վերադարձավ թարմ մսամթերք, լավագույն պանրի տեսականի և քաղցրավենիք գնած, և որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ պետն իրեն հրամայեց այդ մթերքները նշված հասցեով տեղ հասցնել ու եթե տանտիրուհին հարցներ, թե այդ սնունդն ով է ուղարկել, պատասխաներ՝ սատանան:

Երբ քարտուղարուհին մթերքները կնոջը հանձնեց, վերջինս այնքան շնորհակալ էր, որ աչքերից երախտագիտության արցունքներ հոսեցին: Նա անդադար շնորհակալություն էր հայտնում և օրհնում աղջկան: Բայց երբ սկսեց հրաժեշտ տալ, քարտուղարուհին հարցրեց.

- Իսկ Դուք չե՞ք ուզում իմանալ, թե ով է այս ապրանքները ձեզ ուղարկել:

Կինը պատասխանեց.

- Ո՛չ, ամենևին էլ կարևոր չէ, որովհետև երբ Աստված հրամայում է, նույնիսկ սատանան է ենթարկվում:

 

 Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

24.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․