Գրքեր

Երբ ձեռք ենք մեկնում կարիքավորին

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է իր աջակցությունը բերել սոցիալապես անապահով Եղիազարյան ընտանիքին: Նշենք, որ ընտանիքն արդեն կես տարի է, ինչ փորձում է 4-ամյա Հայկ Եղիազարյանի կյանքի համար անհրաժեշտ վիրահատության գումարը հայթայթել: Փոքրիկ Հայկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն և ըստ բուժստուգումների արդյունքների՝ երեխային անհրաժեշտ է նախնական և անհապաղ վիրահատություն Մոսկվա քաղաքում: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական օգնության կոչը, աջակցելու ընտանիքին, կրկին իր արձագանքներն ունեցավ: Դեկտեմբերի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Հայկի ծնողներին հանձնեց դրամական օգնություն, որ տրամադրել էին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ընծայարանի Հին և Նոր Ուխտի ուսուցչուհի Դինա Բրոկլանդը (500 ԱՄՆ դոլար), Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վարժարանի քարտուղար Աշոտ սարկավագ Ղազարյանը (50 ԱՄՆ դոլար), Արմեն Բադալյանը (50 000 դրամ) և Սամվել Խաչատրյանը (100 ԱՄՆ դոլար): Եղիազարյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձերին այն հոգևոր և նյութական աջակցության համար, որ այս ամիսների ընթացքում իրենց քաջալերել է և մխիթարել: Ընտանիքը հույսով է առ Աստված, որ գթասիրտ մարդկանց շնորհիվ կտեսնեն իրենց փոքրիկին ապաքինված և կենսուրախ, իրենց էլ՝ երջանիկ և խաղաղ:

Ընտանիքն այժմ Հայկի վիրահատության համար անհրաժեշտ գումարի (6 000 000 մլն դրամ) 50 %-ն ունի: Եղիազարյան ընտանիքին աջակցելու և դրամական փոխանցում կատարելու համար «Ինեկոբանկ»-ում Հայկի մոր՝ Թանգանուշ Սարգսյանի անունով բացվել են հետևյալ հաշվեհամարները՝

 

2052353430481001 AMD

2052353430481041 RUR

2052353430481020 USD

2052353430481040 EUR

094816977 հայր՝ Նարեկ Եղիազարյան

055122120 մայր՝ Թանգանուշ Սարգսյան

 

Գթասիրտ մարդկանց շնորհիվ մեղմանում են փորձության մեջ գտնվողների լուծը՝ ասացվածքի համաձայն, ձեռքը ձեռք է լվանում, այսինքն՝ երբ մարդիկ ցավակից ու աջակից են միմյանց: Ծառայասիրության ճանապարհին շատերն են երջանկանում, քանի որ բարին գործողը երջանկանում է երջանկացնելով:

Ծառայության մեծագույն շնորհն այն է, որ ծառայությունն օգնում է նաև ծառայողին: Սադհու Սունդար Սինգհ իմաստունի կյանքից այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք: Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհին և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով: Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում: Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

«Ողորմությունը պատրաստում է հավիտենական կյանք, փախցնում է մահվան ճիրաններից, փառավորում է թե՛ այս և թե՛ այն կյանքում՝ երկնքում պատրաստելով քեզ համար հավիտենական կացարաններ» (Ս. Հովհան Ոսկեբերան):

 

Կարինե Սուգիկյան

06.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․