Գրքեր

Երբ նախատել և երբ գովել երեխային

Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի երեխաներին երեկոյան չնախատեն, որովհետև երեկոյան երեխաներն իրենց վատ տրամադրությունը ոչնչով չեն կարող փարատել: Իսկ գիշերային խավարն էլ ավելի է մթագնում նրանց հոգեվիճակը: Երեխաներն սկսում են մտածել, թե ինչպես ավելի շատ դիմադրեն ծնողներին: Նրանց գլուխները սկսում են լցվել «պաշտպանության» զանազան տարբերակներով, նաև չարն է խառնվում դրան և այդ կերպ նրանք կարող են հուսահատության հասնել: Իսկ ահա ցերեկը, եթե նույնիսկ երեխաներն իրենց ծնողներին սպառնան տարբեր եղանակներով վրեժ լուծել, ապա փողոց դուրս գալով՝ նրանց ուշադրությունը կշեղվի, վատ տրամադրությունն էլ կանցնի:

- Հա՛յր, ֆիզիկական պատիժներն օգնո՞ւմ են երեխաներին ուղղվել:

- Ծնողները որքան հնարավոր է պետք է խուսափեն դրանից: Նրանք պետք է փորձեն բարությամբ և համբերությամբ երեխային հասկացնել, որ իրեն ճիշտ չի պահում: Եթե երեխան փոքր է և չի հասկանում, որ իրեն վտանգի է ենթարկում, միայն ադ դեպքում վզակոթին տալը նրա համար օգտակար կլինի, որպեսզի հաջորդ անգամ նա ավելի ուշադիր լինի: Վզակոթին ևս մեկ հարված ստանալու միտքը արգելակ է հանդիսանում երեխայի համար և պաշտպանում է նրան վտանգից: Երբ ես փոքր էի ավելի մեծ օգուտ մորիցս էի ստանում, քան հորիցս: Նրանք երկուսն էլ սիրում էին ինձ ու բարին էին կամենում: Սակայն ծնողներից յուրաքանչյուրն իր ձևով էր ինձ օգնում: Հայրս խիստ մարդ էր: Երբ մենք՝ երեխաներս, չարաճճիություն էինք անում, նա մեզ ապտակներ էր հասցնում: Ապտակից ստացած ցավն ինձ օգնում էր մի փոքր հանդարտվել, սակայն, երբ ցավն անցնում էր՝ ես մոռանում էի թե՛ դրա մասին և թե՛ հայրական խորհուրդների: Եվ բանը նրանում չէր, որ հայրս ինձ չէր սիրում, ո՛չ, նա ինձ սիրուց էր ապտակում: Հիշում եմ, մի անգամ, երբ ես երեք տարեկան էի, հայրս մի այնպիսի ապտակ հասցրեց, որ ես մի քանի մետր հեռու թռա: Իսկ գիտե՞ք թե ինչի համար: Մեր տան հարևանությամբ մեկ այլ տուն կար, որտեղ ոչ ոք չէր ապրում: Տանտերերն Ամերիկա էին մեկնել և տունն ամայության էր մատնված: Այդ տան բակում մի թզենի էր աճում, որի ճյուղերը փողոց էին ելել ու կախվել ճամփի վրա: Ծառն առատ պտուղ էր տվել: Երբ մենք երեխաներով խաղում էինք փողոցում, հարևաններից մեկը մոտեցավ մեզ և բարձրացրեց ինձ, որպեսզի ես նրա համար մի քանի թուզ քաղեմ, որովհետև ինքը ճյուղերին չէր հասնում: Ես հինգ-վեց թուզ քաղեցի և նա դրանցից երկուսն ինձ տվեց: Երբ հայրս իմացավ դրա մասին՝ շատ բարկացավ: Ահա այդ ժամանակ էլ ապտակը ստացա: Ես սկսեցի աղիողորմ լաց լինել: Մայրս, որի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շրջվեց հորս կողմն ու ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում երեխային: Չէ՞ որ նա դեռ փոքր է, ոչինչ չի հասկանում: Ինչպե՞ս կարող ես հանգիստ նրա լացը լսել»: «Եթե նա լաց լիներ այն ժամանակ, երբ նրան բարձրացնում էին թուզ պոկելու՝ հիմա լաց չէր լինի: Բայց երևում է նա ինքն էլ էր ցանկանում ուրիշի պտուղներով բերանը քաղցրացնել: Նշանակում է՝ թող լաց լինի»: Մի՞թե դրանից հետո ես կարող էի կրկնել այն՝ ինչ արել էի: Իսկ ահա մայրս վշտանում էր իմ չարաճճիությունները տեսնելով, սակայն նա վեհանձն էր: Տեսնելով, թե ինչպես եմ անկարգություն անում՝ շրջում էր դեմքն ու ձևացնում, թե չի նկատում ինձ, որպեսզի ես չվշտանամ: Սակայն մայրական այդ «խորամանկությունից» իմ սիրտը բառացիորեն պատառ-պատառ էր լինում: «Տե՛ս, տե՛ս,- ասում էի ինքս ինձ,- դու այդպիսի անկարգություն ես արել, իսկ մայրդ ոչ միայն չի ծեծում քեզ, այլև՝ ձևացնում է, թե չի տեսնում: Վե՛րջ, այլևս նման բան չի կրկնվի: Ինչպե՞ս կարող եմ մայրիկին  նորից վշտացած տեսնել»: Այդպես վարվելով մայրս ինձ ավելի էր օգնում՝ քան, եթե ապտակներ հասցներ: Սակայն, ես ինքս էլ չէի չարաշահում դա և չէի ասում. «Դե քանի որ նա ինձ հիմա չի տեսնում՝ ավելի շատ չարություն կանեմ»: Իսկ ահա հայրս այլ հարց էր, հենց մի փոքր չարաճճիություն՝ միանգամից վզակոթիս էր հասցնում: Տեսնո՞ւմ ես ինչպես է լինում. նրանք երկուսն էլ ինձ սիրում էին, սակայն մորս վեհանձն վերաբերմունքն ինձ ավելի օգնեց:

- Հա՛յր, սակայն որոշ երեխաներ չափազանց անկարգ են՝ նրանք գոռում են, վազում, չարաճճիություն անում: Նրանց ծնողներն ինչպե՞ս կարող են չկիրառել ֆիզիկական պատիժները:

- Լսի՛ր, ախր երեխաները մեղավոր չեն: Որպեսզի երեխաները նորմալ մեծանան, նրանց բակ է հարկավոր, որտեղ կարող են վազվզել ու խաղալ: Իսկ հիմա խեղճ երեխաները փակված են բազմահարկերում և դա էլ նրանց անհանգիստ լինելու պատճառն է: Նրանք չեն կարող ազատ վազվզել, չեն կարող խաղալ, չեն կարող ուրախանալ: Ծնողները չպետք է տխրեն, եթե աշխույժ երեխա ունեն: Աշխույժ երեխան իր մեջ ուժեր ունի և դրանք տեղին օգտագործելով՝ կարող է կյանքում շատ բաների հասնել:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

26.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․