Գրքեր

Երբեք մի՛ խոսիր ավանակների հետ

Ավանակը վագրին ասաց․

- Խոտը կապույտ է։

Վագրը պատասխանեց․

- Ո՛չ, կանաչ է։

Վեճի բռնվեցին ու գնացին անտառի արքայի՝ առյուծի մոտ, որպեսզի նա լուծի իրենց տարաձայնությունը։

Մինչ կհասնեին առյուծի գահին, ավանակը սկսեց հեռվից կանչել․

- Ձե՛րդ Գերազանցություն, իսկ ճի՞շտ է, որ խոտը կապույտ է։

- Ճիշտ է, խոտը կապույտ է,- պատասխանեց առյուծը։

Ավանակն ուրախացած շարունակեց․

- Իսկ վագրը համաձայն չէ ինձ հետ, վիճում է ու բարկացնում ինձ։ Խնդրեմ պատժեք նրան։

- Վագրը պատժվում է 5 տարի լռությամբ,- հայտարարեց կենդանիների արքան։

Էշն ուրախությամբ թռչկոտելով շարունակեց ճանապարհը՝ գոհունակությամբ կրկնելով․

- Խոտը կապույտ է, խոտը կապույտ է․․․

Վագրն, ընդունելով իր պատիժը, հարցրեց առյուծին․

- Ձերդ Մեծություն, ինչո՞ւ պատժեցիք ինձ։ Չէ որ խոտը կանաչ է։

- Իսկապես կանաչ է,- պատասխանեց առյուծը։

- Այդ դեպքում ինչո՞ւ պատժեցիք ինձ,- հարցրեց զարմացած վագրը։

Առյուծը պատասխանեց․

- Դա ոչ մի կապ չունի նրա հետ, թե խոտն ինչ գույնի է։ Պատժվեցիր, քանի որ այնպիսի քաջ ու խելացի կենդանին, ինչպիսին վագրն է, չի կարող իր ժամանակը վատնել էշի հետ վիճելու վրա։ Հետո էլ դեռ ինձ մոտ գալ այդ հարցով։

Ժամանակի վատագույն վատնումը վիճաբանելն է հիմար ու մոլեռանդ մարդու հետ, որին չի հուզում ո՛չ ճշմարտությունը, ո՛չ իրականությունը, այլ միայն իր համոզմունքների ու պատրանքների հաղթանակը։

Երբեք ժամանակ մի՛ վատնեք անիմաստ վեճերի վրա։ Կան անյպիսի մարդիկ, որոնց որքան էլ ապացույց ու փաստ ներկայացնես, նրանք, միևնույն է, ի վիճակի չեն հասկանալու։ Միակ բանը, որ նրանք ուզում են, իրավացի լինելն է, թեև ամենևին էլ այդպես չէ։

Երբ տգիտությունն աղաղակում է, բանականությունը լռում է։

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

07.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․