Գրքեր

Երեխաների ամենամեծ Պաշտպանը

Քրիստոնյա ծնողների համար հստակ է այն, որ իրենց գորովագութ սիրո և պաշտպանության կողքին իրենց երեխաների ամենամեծ պաշտպանն ու պահապանն Արարիչ Տերն է: Ուստի դեռ փոքրուց նրանք իրենց երեխաներին սնում և մեծացնում են Երկնավոր Հոր սիրով և խոսքով, այսինքն՝ երեխաների մտավոր և ֆիզիկական ուժերի զարգացմանը զուգահեռ չեն մոռանում նաև նրանց հոգու և հոգևոր կյանքի մասին: Նրանց համար սուրբ պարտականություն է երեխաներին քրիստոնեական ոգով դաստիարակելը՝ կրթելով նրանց որպես իրական քաղաքացիներ թե՛ երկրի և թե՛ երկնքի համար: Նրանք վստահաբար գիտեն, որ իրենց երեխայի բարի դաստիարակության իրական հիմքը դա Աստծո երկյուղն է, որն էլ, ըստ Սբ. Գրքի, իմաստության սկիզբն է (Առակներ 1:7): Ուստի նրանք ջանադրորեն երեխայի մոտ դեռ վաղ տարիքից արթնացնում և զարգացնում են աստվածային երկյուղը՝ դաստիարակելով նրան Տիրոջ ուսուցումների և խոսքի համաձայն: Աստծո պարգևած յուրաքանչյուր մի օր նրանք փորձում են իրենց երեխայի համար իրական քրիստոնյայի լավագույն օրինակը հանդիսանալ պատվիրանները պահելու նախանձախնդրությամբ, եկեղեցի հաճախելով՝ ներշնչելով նրանց Աստծո կամքը թե՛ խոսքով և թե՛ գործով: Եվ այդ կերպ երեխայի սրտում աստիճանաբար արմատավորվում է սերը Աստծո և սրբությունների հանդեպ: Երեխան փութով յուրացնում է այն, ինչ ասում են իրեն, և ինչպես կնիքն է դրոշմվում մեղրամոմի վրա, այնպես էլ երեխաների հոգում՝ այն, ինչ լսում են:

Բարեպաշտ ընտանիքներում Աստվածաշնչի ընթերցումով են մեծացել հայոց բազում սրբեր, հայրեր, վարդապետներ, թագավորներ, իշխաններ և ուրիշներ: Մանուկների դաստիարակությունն աչքաթող չի արվել հայրերի և վարդապետների կողմից՝ Սբ. Ներսես Շնորհալի, Սբ. Գրիգոր Տաթևացի, Վարդան վարդապետ, Մխիթար Գոշ, Հովհաննես և Մովսես Երզնկացիներ: Օրինակ՝ Հովհաննեսը երեխաներին չարությունից ետ պահելու համար խորհուրդ է տալիս մանուկների միտքը սնել «ուսմամբ աստուածային օրինացն»:

Սբ. Գրիգոր Տաթևացին յոթ տարեկանից է սկսել ուսումնասիրել Սբ. Գիրքը: Տասնչորս տարեկանում Սբ. Հոգու շնորհով նա այնքան քաջատեղյակ էր Աստվածաշնչին, որ անգամ մեկնում էր այն իր հետ եկած վարդապետների համար:

Երեխային քրիստոնեաբար կրթելով՝ ծնողն ինքն է նաև նրանից սովորում՝ Քրիստոսի այս խոսքի համաձայն. «Հաստա՛տ իմացեք, որ եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթեոս 18:2):

«Մի անգամ,-պատմում է Սբ. Օգոստինոսը,-երբ դեռ մանուկ էի, որովայնիս շրջանում անտանելի ցավեր ունեցա: Մայրս մինչև հոգու խորքը անհանգստացել էր ինձ համար և ի՞նչն էր նրա անհանգստության պատճառը, վախենո՞ւմ էր որդուն կորցնել՝ բնականաբար: Բայց Դու գիտես, Տեր Աստված,- շարունակում է Սբ. Օգոստինոսը,- որ իմ մայրն առավել ուժգին ցանկանում էր ինձ ծնել հավիտենական փրկության և ոչ թե ժամանակավոր կյանքի համար: Նրա անբիծ սիրտը բաբախում էր հույսով, որ ես կմկրտվեմ՝ նոր և հավիտենական կյանքի համար»:

Սբ. Պաիսիոս Աթոսացին Աստծո կողմից երեխաների պահպանության և պաշտպանության մասին գրել է. «Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքը և Նախախնամության արտահայտությունն է Իր արարածի նկատմամբ: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով մյուսի գլխին խփել ու արդեն նշան էր բռնել: Երկրորդ երեխան չէր տեսել վտանգը: Եվ ահա, վերջին ակնթարթին, հավանաբար նրա Հրեշտակն այնպես արեց, որ փոքրիկն ինչ-որ բան տեսավ, մի կողմ ցատկեց ու քարը նրա գլխի կողքով թռավ»:

Այսպիսով, աստվածահաճո կյանքով ապրող ծնողների կարևոր և սուրբ պարտականությունն է Աստծո կողմից իրենց տրված մեծագույն պարգևին՝ երեխային, մոտեցնել Պարգևատուին՝ իրենց երեխայի ամենամեծ Պաշտպանին և Պահապանին:

 

 

Կարինե Սուգիկյան

01.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․