Գրքեր

Երեխաները պատահականություն չեն

Ընտանիքի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը երեխաների մուտքն ինքնուրույն կյանք նախապատրաստելն է: Այսօր առավել մեծացել է չարի ներգործությունն աշխարհում, մեղքը դարձել է ավելի հասանելի, և երեխաները հայտնվել են դժվարին ընտրության առջև, քանի որ շատ հաճախ չարը քողարկված է բարու շղարշով: Նման միջավայրում կարևոր է երեխայի քրիստոնեական դաստիարակությունը, որի խնդիրներից մեկը երեխայի մեջ բարին չարից զատորոշելու, մեղքերի դեմ պայքարելու ընդունակություններ դաստիարակելն է ու հոգևոր պայքարին նախապատրաստելը: Ամենօրյա հոգևոր պայքարին նախապատրասվելու մասին է հետևյալ առակը: Մի երիտասարդ զինվոր պատերազմից վերադառնում է հայրենի գյուղ: Նա հանդիպում է իր պապին, որը նրան ասում է.

- Է՜հ, թոռնիկս, դու փոքր պատերազմից եկար մեծ պատերազմ:

- Այդ ինչպե՞ս,- չի հասկանում զինվորը:

- Յուրաքանչյուրն ունի վատ հակումներ, մեղքեր, կրքեր: Մեծ պատերազմը մեղքի դեմ պատերազմն է,- պատասխանում է պապը:

Ցավոք, շատ հաճախ ծնողներն անտեսում են իրենց երեխայի  քրիստոնեական դաստիարակությունը և դրանից բխող բարերար պտուղները, որ քաղելու են ներկայում և ապագայում: Երեխաների դաստիարակության մեջ այս բացթողումը նման է նրան, որ մեկն սկսի իր տունը կառուցել, բայց ոչ թե հիմքից, այլ՝ ներքին հարդարումից, կամ գերանը հողի մեջ դնի, այնուհետև հատակը շինի, կահույքը տեղադրի՝ չմտածելով ամուր հիմքի, նույնիսկ պատերի ու կտուրի մասին: Քրիստոսի երկրորդ գալստյան օրը, երբ բոլորը կանգնեն Նրա առջև՝ հաշվետու լինելու իրենց ապրած կյանքի համար, Տերը չի հարցնելու ծնողներին, թե ինչ խաղալիքներ կամ անհրաժեշտ իրեր են գնել իրենց երեխայի համար, ինչ դպրոց է նա հաճախել, ինչպես է այն ավարտել, ինչ մասնագիտություն է ստացել, այլ հարցնելու է, թե ինչպիսի մարդ է նա դարձել, ձևավորվե՞լ է որպես անհատականություն, որպես Աստծու պատկեր, իր կյանքով օգտակար եղե՞լ է իր միջավայրին, թե անիմաստ վատնել է իր շնորհները: «Երեխաները պատահականություն չեն, մենք պատասխանատու ենք նրանց փրկության համար»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Յուրաքանչյուր ծնող իր երեխայի առաջին և գլխավոր մանկավարժն է, կյանքի ուսուցիչն է ու դաստիարակը: Խրիմյան Հայրիկն այս մասին ասել է՝ երբ շունչն ու կյանքը Երկնքի Հորից է, սքանչելի պատկերն ու կերպարանքը՝ Երկնքի Հորից, արևը, անձրևը, հացն ու ջուրը՝ Երկնքի Հորից, հասակն ու աճումը՝ Երկնքի Հորից, այլևս ի՞նչ է բաժին մնում երկրավոր հորն ու մորը, եթե ոչ միայն դաստիարակությունը: Իսկ ի՞նչ է ծնողական դաստիարակությունը: Այս հարցին երջանկահիշատակ հայրապետը պատասխանել է ու ասել. «Կույր ծնված զավակների աչքը դեպի բարին բանալը, սիրտն ու հոգին առաքինությամբ կրթելը, որպեսզի տեսնեն աշխարհն ու մարդկային կյանքը, լույսն ու խավարը որոշեն, բարին ու չարը ճանաչեն և ամենակարևորը՝ Աստծուն ճանաչեն ու հավատան, կրոնն ու ճշմարտությունն ընդունեն: Մեծապես կսխալվեն այն ծնողները, եթե այնպես հավատան, որ նյութական բարիքներն առանց հոգեկան ու բարի դաստիարակության մնայուն ու ճշմարիտ բարիք են իրենց զավակների համար: Ուրեմն զավակների ապագա կյանքը ծնողների դաստիարակությունից է կախված, եթե ի սկզբանե մատաղ զավակները բարի և ճիշտ դաստիարակություն են ստացել, այլևս տարակույս չկա, որ հայրենի տան ճրագը մշտավառ կմնա, և առհասարակ ընտանեկան բարեկեցիկ կյանք կվարեն: Ուստի ծնողների ամենամեծ ու սեփական պարտականությունն է, որ բնախոս ու մտավոր դաստիարակությունից առավել բարի գործերի օրինակով դաստիարակեն իրենց զավակներին: Թող համոզվեն բոլոր ծնողները, որ մի բարի օրինակն առավել ազդու ու տպավորիչ է, քան հազար խրատը»:

Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված նամակում հորդորում է հայրերին, որ չզայրացնեն իրենց զավակներին, այլ մեծացնեն նրանց քրիստոնեական դաստիարակությամբ և կրթությամբ (Եփես. 6:4): Դաստիարակության մեջ կարևոր է, որ ծնողը երեխայի հանդեպ թե՛ գորովանք և թե՛ խստություն ցուցաբերի: Սուրբ Գրքում կարդում ենք, որ աստվածահաճո կյանքով ապրող Հեղի քահանայի որդիները անզգամ էին և չէին ճանաչում Աստծուն: Հեղի քահանան նրանց չէր դաստիարակել Տիրոջ խոսքի համաձայն, և երբ նա լսեց, որ պատերազմի ժամանակ իր որդիները զոհվել են և Աստծու տապանակը գերեվարվել է, աթոռից հետ ընկավ դռան մոտ, նրա ողնաշարը ջարդվեց և մեռավ (Ա Թագ. 4:18):

Երեխաների դաստիարակության հիմքում ընկած է Աստծու խոսքը: Քրիստոնեական դաստիարակություն ստացած անձինք նշում են, որ Սուրբ Գիրքն իրենց սեղանի գիրքն է դարձել այն բանի շնորհիվ, որ մանկության տարիներին ծնողները շաբաթը մեկ կամ մի քանի անգամ իրենց հետ Սուրբ Գիրք են կարդացել: Այսինքն՝ անհրաժեշտ է ժամանակին երեխայի սրտում Աստծու խոսքը սերմանել: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Ուզո՞ւմ ես, որ երեխադ հնազանդ լինի, դաստիարակիր նրան Աստծու խոսքի համաձայն: Մի՛ մտածիր, որ Աստծու խոսքի ունկնդրությունը նրա համար ավելորդ կլինի: Այնտեղ նա նախևառաջ կլսի՝ «Հարգիր հորդ ու մորդ» պատվիրանը, որն ուղղված է քո օգտին»:

Երբեմն ծնողների մոտ այն մտավախությունը կա, թե իրենց երեխան Աստծու խոսքի ունկնդրությամբ կարող է վանականի ուղին ընտրել: Այս մտավախության դեմ դեռ դարեր առաջ Ս. Հովհան Ոսկեբերանը հետևյալն է ասել. «Մի՛ ասա, որ Աստծու խոսքի ունկնդրությունը վանականների գործն է, մի՞թե մենք երեխային վանական ենք դարձնելու, անհրաժեշտություն չկա, որ նա վանական դառնա: Ինչո՞ւ ես անհանգստանում, վախենո՞ւմ ես, որ բազմաթիվ օգուտներով կհագենաս: Դարձրո՛ւ երեխայիդ քրիստոնյա: Հույժ անհրաժեշտ է, որ աշխարհականներն ուշադիր լինեն Աստծու խոսքի ուսուցմանը, առավելապես՝ երեխաները: Մի՞թե անմտություն չէ երեխային տարբեր արվեստներ ուսուցանել և դրա համար ոչինչ չխնայել, իսկ Աստծու խոսքի ուսուցման և հորդորների մասին չհոգալ: Մենք ինքներս ենք առաջինը քաղում այդ դաստիարակության պտուղները՝ տեսնելով նրանց անզուսպ, անհնազանդ ու հանդուգն»:  

Սուրբ Հովհան Ոսկեբերանը ոչ թե արգելում է կրթությունը, այլ բացառապես միայն դրանից կախվածությունը: Նա մատնանշում է, որ սուրբգրային հորդորների մի մեծ բաժին անհրաժեշտ են երեխաներին՝ այս կյանք մուտք գործելու համար. «Այսպիսով, այնպես դաստիարակենք մեր երեխաներին, որ նրանք կարողանան իմանալ ինչպես վարվել կյանքի տարբեր իրադրություններում, և դրա դիմաց մեծագույն պարգևի կարժանանանք: Իրականում նրանք, ովքեր արքայի արձանն են քանդակում և նրա պատկերը նկարում, մեծ հարգանք են վայելում, ապա մենք, որ զարդարում ենք Երկնային Արքայի պատկերը (քանի որ մարդը Աստծու պատկերն է), մի՞թե չենք վայելի ավելի մեծ բարիքներ: Այսպիսով, դաստիարակելը և մեր ու երեխաների կյանքը կարգավորելը մեր գլխավոր պարտականությունն է, հակառակ դեպքում մեզ սպասում է Քրիստոսի գահի առջև կանգնելը»:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

23.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․