Գրքեր

Երեք օրհնաբեր օր Սյունյաց աշխարհում

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամ աղոթելով, Իր հետևորդներին մշտապես աղոթելու պատգամ տվեց: Ավետարանում կարդում ենք, որ Հիսուս աղոթելիս ասաց՝ Ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես Ինձ (Հովհ. 11:42): Եկեղեցական հեղինակներից Որոգինեսն ասել է, որ Հիսուսի արտասանած և ավետարանչի պահպանած խոսքը հստակորեն ցույց է տալիս, թե նա, ով միշտ աղոթում է, միշտ էլ լսելի է:

Տիրոջ օրինակի համաձայն՝ հայ քրիստոնյայի կյանքի անբաժանելի ու կարևոր մաս է հանդիսացել աղոթքի ճանապարհը, որ սկիզբ է առել Հայոց աշխարհը աստվածային լույսով լուսավորվելուց ի վեր և շարունակվում է առ այսօր: Հոկտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, եռօրյա ուխտագնացության մեկնեց Սյունյաց աշխարհի սրբավայրեր: Աղոթքի երկար ուղին ուխտավորներին նախ առաջնորդեց Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկը՝ Գորիս քաղաք, ուր նրանք միասնական աղոթքի կանգնեցին առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (19-20-րդ դդ.), ապա՝ Հին Գորիսի Ս. Հռիփսիմե եկեղեցում (1776 թ.):

Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին Կապան, որտեղ նրանց դիմավորեց և ողջունեց Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը: Տեր Հոր և ուխտավորների հանդիպումն ուրախություն պատճառեց երկուստեք, քանի որ Տեր Վահանը՝ որպես դպիր և սարկավագ, տարիներ առաջ ծառայել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Տեր Հոր ուղեկցությամբ ուխտավորները մեկնեցին Կապանի Վերին Խոտանան, որ Հայոց հայրապետներից Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1578-1632 թթ.) ծննդավայրն է եղել, ով իր բեղուն գործունեության արդյունքում հիմնել է Ս. Անանիայի անապատը, որ գտնվել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում: Ուխտավորներն այցելեցին Վերին Խոտանանի Ս. Աստվածածին եկեղեցի (17-րդ դար), որ նմանություն ուներ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հետ և Ս. Աստվածամոր և Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայ եկեղեցու, Հայոց ու Արցախ աշխարհների և Հայոց բանակի համար: Այնուհետև Տեր Վահանը ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու պատմությունը՝ նշելով, որ բանավոր տեղեկության համաձայն՝ այս սրբավայրում է Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետն առաջին անգամ շապիկ հագել և ծառայել Աստծուն: Հրաժեշտ տալով ուխտավորներին՝ Տեր Հայրը մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը:

Հաջորդ սրբավայրը, որ հյուրընկալեց ուխտավորներին, Կապանից 3 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի աջ ափի գեղատեսիլ անտառապատ լեռնալանջին գտնվող Վահանավանքն էր (10-11-րդ դ.): Ուխտավորները Տեր Գրիգորի և Վահանավանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ Երեկոյան ժամերգության մասնակցեցին:

Ուխտագնացության երկրորդ օրը ուխտավորները միասնական աղոթք վերառաքեցին առ Տեր Մեղրիի շրջանի վեց սրբավայրերում: Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Ս. Պատարագի՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի մատուցմամբ: Պատարագիչ քահանան քարոզին անդրադարձավ աստվածային մեծագույն սիրուն և այդ սիրո մեծագույն արտահայտությանը՝ Աստծո Որդու աշխարհ գալուն և զոհաբերմանը՝ հանուն մարդկության փրկության. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Ս. Պատարագի ավարտին ուխտավորները Տեր Ռաֆայելի հյուրընկալ օջախում սիրո ճաշ վայելեցին:

Այնուհետև Ագարակի զորամասի գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ուխտավորներն այցելեցին Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում գտնվող Ս. Հովհաննես եկեղեցի (17-րդ դ.), որ ժողովրդի շրջանում հայտնի է նաև «Անապաստանաց վանք» անվամբ, որից հասկանալի է դառնում, որ եկեղեցին նաև կացարան է եղել բազմաթիվ անապաստան ներգաղթյալների համար: Սրբավայրում ընդհանրական աղոթքից հետո ուխտավորները շարականներ երգեցին:

Հաջորդ ուխտավայրը Մեղրիի խոնարհված և անանուն սրբավայրն էր, որի բազմադարյան աղոթքի շնչին միացավ նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորների միասնական աղոթքը: Սրբավայրերով հարուստ Մեղրին չէր դադարում հիացնել իր ուխտավորներին: Մեղրիի Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Ս․ Սարգիս) եկեղեցու (17-րդ դ.) սուրբ հարկից ներս ուխտավորները կրկին համախմբվեցին ընդհանրական աղոթքի շուրջ, ապա Դավիթ սարկավագի բացատրությամբ ծանոթացան միջնադարյան հայտնի նկարիչ Նաղաշ Հովնաթանի տոհմի նկարիչների նկարազարդած եկեղեցու որմնանկարներին:

Օրվա նախավերջին սրբավայրում՝ Կարճևանի Ս. Աստվածածին եկեղեցում (18-րդ դ.), Տեր Գրիգորն ընդհանրական աղոթքից հետո հոգեհանգստյան կարգ կատարեց՝ զոհված զինվորների և ուխտավորների ննջած հարազատների հոգիների հանգստության և խաղաղության համար, իսկ Շվանիձորի Ս. Աստվածածին եկեղեցում (17-րդ դ.) ուխտավորները մասնակից եղան Հանգստյան ժամերգության:

Ուխտագնացության երրորդ օրն ուխտավորներն այցելեցին Սյունի վանք՝ Սիսիանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (6-րդ դ.): Պատմա-ճարտարապետական գրականության մեջ Սյունի վանքը սխալմամբ անվանում են «Սիսավանի եկեղեցի» և «Ս. Հովհաննես»: Այն, որ վանքի իսկական անվանումը Ս. Գրիգոր Լուսավորիչ է, հաստատում են տաճարի վրա առկա երեք վիմագիր արձանագրությունները: Վաղ միջնադարյան սրբավայրում ուխտավորները փառաբանական աղոթք հղեցին առ Տեր, որ արժանի դարձրեց իրենց երեք օրհնաբեր օր ունենալու Սյունյաց աշխարհում: Ուխտի յուրաքանչյուր ճանապարհ օգնում է ուխտավորին՝ վառ պահելու իր հոգու լույսը և այդ լույսի ներքո իր մեջ աստիճանաբար նորոգելու մեղքից վնասված Աստվածային պատկերն ու նմանությունը:

 

Կարինե Սուգիկյան

21.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․