Գրքեր

Երիտասարդ ուխտավորներն իրենց հոգու հայրենի տանն էին՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Հոկտեմբերի 23-ին՝ Գյուտ խաչի տոնին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Հայոց Սրբություն Սրբոց Սբ. Էջմիածին: Աղոթքների և շարականների երգեցողության ներքո անցավ երիտասարդ ուխտավորների ճանապարհը:

Դարեր շարունակ և այսօր էլ նվիրական զգացումով է հայ ուխտավորը ոտք դնում Հայոց հոգևոր կենտրոն՝ հագեցնելու համար հոգևոր իր ծարավը:

Սբ. Էջմիածնի դարավոր և սրտահույզ զանգերի ղողանջը Սբ. Պատարագի սկիզբն էր ազդարարում, և երիտասարդները, մուտք գործելով Մայր Տաճար, նախ խոնարհվեցին և ծնրադիր աղոթեցին Իջման Սբ. Սեղանի առջև, ապա մասնակից եղան Սբ. Պատարագին, հընթացս որի տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Տոնական օրը կրկնակի ուրախություն էր պատճառել Սբ. Պատարագի մասնակիցներին. Մայր տաճարի խնկաբույր կամարների ներքո ձեռնադրության հանդիսավոր արարողությամբ հայ եկեղացականների թիվը համալրվեց ևս ինը հոգևորականներով:

Սբ. Պատարագի հոգեպարար արարողությունից հետո երիտասարդների աղոթքի ուղին կանգ առավ Սբ. Գայանե եկեղեցում: «Զորավոր» երիտասարդաց միության աշնանային գեղեցիկ ու արևոտ օրը հագեցավ նաև Էջմիածնի Սբ. Աստվածածին եկեղեցի այցելությամբ: Նրանք հոգևոր ուրախություն էին ապրում. հերթական ուխտագնացությամբ իրենք իրենց հոգու հայրենի տանն էին՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում:

Սբ. Խաչին նվիրված տոնական օրը երիտասարդ ուխտավորներին հիշեցնում էր, որ դարերի խորքից բազում փոթորիկների ու մաքառումների միջով անցած և դեռ այսօր էլ Խաչի ճանապարհով ընթացող և նրա զորությանն ապավինած Հայոց փոքրաթիվ ազգն ապրում է, և կանգուն է Հայոց եկեղեցին՝ իր սրբազան առաքելությամբ:

 

«Այո, փոքր ենք համրանքով և աշխարհի վրա ցիրուցան, այո, ոսկի և բեհեզ քիչ ունենք, չունինք շքեղ ապարանքներ ու հարուստ գանձարաններ, այսօր մեր Եկեղեցին արտաքնապես անշուք ըլլալ կթվի և երբեմն ներքին դժվարություններու առաջ է կանգնած, սակայն այս բոլորեն վեր, ամեն բանե ավելին ունինք մենք: Մենք մեր հոգիներուն մեջ կկրենք աննվազելի զորությունը և անկորնչելի շնորհները Փրկչի Իջման խորհրդին և հավիտենական լույսը փառաց՝ Լուսավորչի կանթեղին, մեր սրտերուն մեջ միշտ վառ:

Մենք երբեք պիտի չմեռնինք, մենք երբեք պիտի չտկարանանք, մենք երբեք պիտի չկորսվենք, քանզի իրավ հարյավ Քրիստոս և իրավ իջավ Միածին Որդին ի դաշտն Արարատյան, և փառքին լույսով լեցուց աշխարհն Հայաստան և պատմություն հայոց»,- ասել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը:

 

Կարինե Սուգիկյան

24.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․