Գրքեր

Երիտասարդ ուխտավորները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց ուխտը

Արդեն վեց տարի է, ինչ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին սրբադասել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ ապրիլի 24-ը հռչակելով «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:

Ապրիլի 24-ին, հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի նվիրական հիշատակը սուրբ պահելու և նրանց բարեխոսությունը հայցելու նպատակով, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Մինչ աղոթքի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին, որ մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Տեր Հայրը քարոզին, իր խոսքը՝ որպես հիշեցում և պարտավորեցում ուղղելով ներկաներին, մասնավորաբար ասաց. «Այսօր շատերը միգուցե ուղիղ ժառանգները չեն Արևմտյան Հայաստանում կոտորվածների, սակայն մի այնպիսի սարսափելի ոճիր, ինչպիսին ցեղասպանություն ասվածն է, մեզ պարտավորեցնում է վառ պահել մեր ազգակիցների հիշատակը և նրանց անունից դատապարտել ու պահանջատեր լինել, որպեսզի հանցագործն ի լուր աշխարհի ընդունի իր հանցանքն ու դրանով իսկ կանխվեն հետագայի ոճիրները»:

Ս. Պատարագի ավարտին երիտասարդները ճանապարհ ընկան և նրանց աղոթքի ուղին կանգ առավ Հովհանավանքում, Սաղմոսավանքում, Մուղնիի Ս. Գևորգ, Կարբիի Ս. Աստվածածին և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցիներում: Ճանապարհին Տեր Վահանը երիտասարդների հետ զրուցեց ուխտագնացության կարևորության մասին՝ նշելով, որ աղոթքի ճանապարհ անցնողը ձգտում է կատարելության՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48) և որ քրիստոնյայի կյանքն, ըստ էության, Քրիստոսին հետևելու մի ուղի է, քանի որ Աստծու պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր անձին Տերը հորդորում է՝ «Հետևիր Ինձ» (Հովհ. 21:22):

Բոլոր սրբավայրերում ուխտավորները, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին և սուրբ նահատակների բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ անբավ ողորմությունը հայցեցին Հայաստան ու Արցախ աշխարհների անսասանության և խաղաղության համար: Երիտասարդների խնդրանքն էր առ Տեր, որպեսզի Ամենակարողի զորակցությամբ հայ երիտասարդներն իրենց ծառայության ու առաքելության մեջ առավել զորանալով՝ որպես սուրբ պարտք կյանքի կոչեն սուրբ նահատակների իղձերն ու տեսիլքները և իրենց միասնական ու ազգօգուտ գործունեությամբ նպաստեն Հայոց Ցեղասպանության և մարդկության դեմ գործված բոլոր եղեռնագործությունների համընդհանուր դատապարտմանը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և այցելած բոլոր սրբավայրերի բակում երիտասարդները Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված երեսուն արծաթափայլ եղևնիներ տնկեցին՝ որպես խորհրդանիշ հայ ժողովրդի դարավոր պայքարի ու հարատևման ձգտման: Ծառատունկը երիտասարդները կարողացան իրականացնել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Սյուզաննա Մանուկյանի նվիրատվությամբ:

Երիտասարդ ուխտավորները ևս մեկ անգամ վերահաստատեցին սուրբ նահատակների հավատքին, հերոսական ոգուն հավատարիմ մնալու իրենց ուխտը:

 

Կարինե Սուգիկյան

 

24.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․