Գրքեր

Եռօրյա ուխտագնացություն Արցախի նվիրական սրբավայրեր

Երեսուն տարի առաջ՝ 1989 թ-ի սեպտեմբերի 29-ին, վերաբացվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը: Պատերազմական և դժվարին իրավիճակներ հաղթահարած Արցախի թեմն այդ տարիների ընթացում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի առաջնորդությամբ, կառուցել ու վերաօծել է 90 վանք, եկեղեցի ու մատուռ՝ արցախահայության գոյատևման համար նոր խթան հանդիսանալով:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին ընդառաջ, սեպտեմբերի 13-ին եռօրյա ուխտագնացության մեկնեց Արցախ աշխարհ: Մինչ ճանապարհ ընկնելը համայնքը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում միասնական աղոթքի կանգնեց, այնուհետև աղոթքի երկար ուղին ուխտավորներին կրկին անգամ միասնական աղոթքի շուրջ համախմբեց Արցախի Կուսանաց անապատի Ս. Աստվածածին եկեղեցում (12-13-րդ դդ.):

Արցախ աշխարհի հաջորդ նվիրական սրբատեղին, ուր ուխտավորներն իրենց աղոթքը վերառաքեցին առ Տեր, Դադիվանքն էր (4-13-րդ դդ.), որ գտնվում է ԼՂՀ Մարտակերտի և Քարվաճառ շրջանների սահմանագլխին: Սրբավայրը, ըստ ավանդության, հիմնադրվել է 4-րդ դարում՝ Ս. Թադեոս առաքյալի աշակերտի՝ քրիստոնեական քարոզչության համար նահատակված Ս. Դադիի գերեզմանի տեղում: Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ուխտավորներին մանրամասնորեն ներկայացրեց վանքի պատմությունը, ապա ուխտավորները, Ս. Դադիի գերեզմանի առջև խոնարհվելով և սրբի բարեխոսությանը դիմելով, Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայ եկեղեցու և Հայոց ու Արցախ աշխարհների և Հայոց բանակի համար:

Դադիվանքի սեղանատանը սիրո ճաշը վայելելուց հետո ուխտավորները մեկնեցին Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (13-րդ դ.), որի խորանի տակ ամփոփված է Ս. Հովհաննես Մկրտչի գլուխը: Ուխտավորներին դիմավորեց և ողջունեց Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանահայր Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը՝ նրանց փոխանցելով Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի օրհնությունը: Հայր Սուրբը նշեց, որ ուխտավորների աղոթական ներկայությունը մեծ ուրախություն է պատճառում իրենց և մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը:

Ուխտավորները գիշերեցին վանքի խցերում, իսկ վաղ առավոտյան մասնակցեցին Գիշերային ժամերգությանը: Շարունակելով իրենց ուխտի ուղին՝ ուխտավորները մեկնեցին Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցի, որ օծվել է սույն թվականի ապրիլի 7-ին՝ Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնին: Միասնական աղոթքի զորությունն ուխտավորները վայելեցին նաև Խաչմաշ և Մսմնա գյուղերի միջև մի կամարի վրա կառուցված Շոշկա վանքում (1651 թ.):

Ուխտագնացության երրորդ օրը՝ սեպտեմբերի 15-ը, ուխտավորների համար նշանավորվեց տաղավար տոներից վերջինով՝ Խաչվերացի տոնով: Ուխտավորները շնորհավորեցին միմյանց տոնի առթիվ և մինչ Ս. Պատարագին մասնակցելը եղան Արցախի գեղատեսիլ և պատմական նշանավոր անկյուններից մեկում՝ «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցում: Այնուհետև այցելեցին Շուշիի Կանաչ Ժամ կամ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Կանաչ Ժամը (Կանաչ, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթները կանաչ էին ներկված) կառուցվել է 1818 թ. նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն:

Իսկ Խաչվերացի տոնական Ս. Պատարագին ուխտավորները մասնակցեցին Շուշիի Ղազանչեցոց Ս.Ամենափրկիչ եկեղեցում: Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի հանդիսապետությամբ՝ Ս. Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը: Ս. Պատարագի ավարտին Պարգև Սրբազանը շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ, անդրադարձավ տոնի խորհրդին, իսկ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Տեր Գրիգորի, մաղթեց, որ Տերն ի կատար ածի բոլորի ուխտը:

Ս. Պատարագի ավարտին ուխտավորները Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում մասնակից եղան նաև ապրիլյան պատերազմում զոհված հերոսների որդիների, եղբայրների, քույրերի և նրանց մկրտությանը, որոնց կնքահայրերը ապրիլյան պատերազմից հաղթանակով վերադարձած հերոսներն էին:

Եռօրյա ուխտագնացությամբ ուխտավորներն իրենց աղոթքը միախառնեցին Արցախի սուրբ հողից երկինք բարձրացած աղոթքներին: Նրանք հաղորդ դարձան այն սուրբ գանձերին, որոնք դարեր շարունակ հայի հավատն են կերտել և հույս ու սեր ներշնչել գալիքի հանդեպ:

 

Կարինե Սուգիկյան

15.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․