Գրքեր

«Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի»

Ավետարանն աշխարհին բերեց նոր հոգևոր արժեքներ՝ հավատ, հույս, սեր, որոնցից մեծագույնը, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, սերն է (Ա Կորնթ. 13:13): Որտեղ կա սեր, այնտեղ կա վստահություն, այնտեղ կա հույս: Իրական սերը մշտատև է, այն երբեք չի սպառվում: Սիրո ուղին է, որ առաջնորդում է մարդուն դեպի հավիտենական երանելի կյանք: Ավետարանը կոչում է մարդուն սիրո ծառայության:

Այդ կոչին ընդառաջ, դեկտեմբերի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Մանուկյան կարիքավոր ընտանիքին: Մանուկյան Ալլան (33 տ.) իր երկու զավակների՝ Հրաչյայի (14 տ.) ու Մերիի (12 տ.) հետ բնակվում է Նորաշեն թաղամասի 47/7  բն. 2 հասցեում: Սոցիալապես անապահով ընտանիքն ապրում է երեք հարկանի շենքի առաջին հարկի մեկ սենյականոց խոնավ բնակարանում, որ նախկինում ավտոտնակ է եղել: Ընտանիքի համար մեծ ցավ և հայաստանյան պայմաններում անլուծելի խնդիր է Մերիի առողջական վիճակը: Երեխան ծնվել է Վեստի համախտանիշով, որը երեխայի մոտ արտահայտվել է շատ հազվադեպ հանդիպող կերպով՝ գոյացությունն ուղեղի երկու կիսագնդերի միջև է գտնվում: Երեխայի մոտ հիվանդությունը բացահայտել են երեք ամսականում: Մերին երկար տարիներ է, ինչ գամված է սայլակին և չի խոսում: Ընտանիքի մայրը նշեց, որ Մերիի վիրահատությունն ու բուժումը հնարավոր է միայն արտերկրում, ինչի գումարն իրենք ի վիճակի չեն վճարելու:

«Այս տարի Մերին մի քանի անգամ թոքաբորբով հիվանդացավ և թույլ իմունիտետ ունենալու պատճառով՝ բուժումներն այնքան երկար տևեցին, որ կարելի է ասել տարվա մեծ մասն անցկացրել ենք «Արաբկիր» բժշկական համալիրում: Աղջկաս հաշմանդամության գումարը հազիվ բավարարում է, որ իր համար տակդիրներ և դեղորայք գնենք, քանի որ ոչ միշտ են մեզ անվճար դեղորայք տրամադրում: Եկող տարվանից մեզ կտրամադրեն ընտանեկան նպաստ, որն ինչ-որ չափով կօգնի մեր նվազագույն կարիքները հոգալ»,- ասաց Ալլան:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի երիտասարդ ամուսիններ Մարի և Հրաչյա Թառփոշյանները:  

Քրիստոս ուսուցանում է. «Ազգերի իշխանավորները տիրում են իրենց հպատակների վրա, և ղեկավարներն իշխում են իրենց ժողովուրդների վրա: Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի: Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի: Եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթ. 20:24-29):

 

Կարինե Սուգիկյան

 

 

25.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․