Գրքեր

Գայթակղություններ տոների ժամանակ

- Հա՛յր, ինչո՞ւ է տոների ժամանակ սովորաբար ինչ-որ գայթակղություն լինում:

- Իսկ դու չգիտե՞ս: Տոների ժամանակ Քրիստոս, Աստվածամայրը, սրբերը ուրախանում են և (հոգևոր կերպով) հյուրասիրում են ուրիշներին: Նրանք օրհնություն են տալիս մարդկանց, հոգևոր նվերներ են անում: Չէ՞ որ ծնողներն էլ հյուրասիրություն են կազմակերպում իրենց զավակների տարեդարձի կապակցությամբ, թագավորները համաներում են կազմակերպում, երբ թագաժառանգ է ծնվում: Այդ դեպքում սրբերն ինչո՞ւ չեն կարող մարդկանց (ինչ-որ հոգևոր բանով) հյուրասիրել իրենց տոնին: Եվ պետք է նշել, որ այն ուրախությունը, որ սրբերն են տալիս, երկար ժամանակ է պահպանվում, և մարդկային հոգիները մեծագույն օգուտ են ստանում դրանից: Այդ պատճառով էլ, սատանան, իմանալով դրա մասին` գայթակղություններ է ստեղծում, որպեսզի մարդիկ զրկվեն այն աստվածային շնորհներից, որ ստացել են, և տոնը նրանց ո՛չ ուրախություն բերի, ո՛չ՝ օգուտ: Եվ ահա տեսնում ես, որ ընտանիքում հաճախ, երբ բոլորը պատրաստվում են Սուրբ Հաղորդություն ստանալ` սատանան նրանց վիճաբանության է դրդում և նրանք ոչ միայն չեն հաղորդվում, այլ նույնիսկ եկեղեցի չեն գնում: Չարն ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ զրկվեն աստվածային օգնությունից:

Նույնը կարելի է նկատել մեր վանական կյանքում ևս: Հաճախ չարը, փորձից իմանալով, որ մենք տոներին հոգևոր օգուտ ենք ստանալու, այդ օրը, իսկ ավելի հաճախ նախորդ օրն ինչ-որ գայթակղություն է ստեղծում: Չէ՞ որ ինքը հենց գայթակղողն է (ուրիշ էլ ի՞նչ կարող է կազմակերպել): Եվ այդ կերպ նա փչացնում է մեր ներքին տրամադրվածությունը: Օրինակ՝ նա կարող է հրահրել մեզ վիճաբանության կամ լեզվակռվի մեջ մտնել եղբայրներից մեկի հետ, իսկ հետո մեզ վիշտ է բերում, կոտրում հոգեպես և ֆիզիկապես: Այս ամենն անելով՝ նա չի թողնում, որ մենք տոնից օգուտ քաղենք (վերապրենք տոնը)՝ Աստծուն փառաբանելու ուրախության մեջ: Սակայն, եթե Բազումողորմ Աստված տեսնում է, որ մենք՝ ինքներս, գայթակղության առիթ չենք տվել սատանային, որ դա տեղի է ունեցել նրա նախանձի պատճառով միայն, ապա Աստված օգնում է մեզ: Նա օգնում է մեզ ավելի մեծ օգուտ ստանալ այն դեպքում, երբ մենք խոնարհաբար մեզ վրա ենք վերցնում կատարված գայթակղության մեղքն ու չենք դատում ոչ միայն մեր եղբորը, այլև՝ նույնիսկ բարությունն ատող սատանային: Քանի որ դա նրա աշխատանքն է. գայթակղություններ ստեղծել և չարություն տարածել: Այն պարագայում, երբ մարդն, Աստծո պատկերը լինելով, պետք է խաղաղություն ու բարություն տարածի:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

23.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․