Գրքեր

Գնոստիկության թպրտացող ոգին, անտրոպոսոֆիա և վալդորֆյան մանկավարժություն

«Յուրաքանչյուր աստվածացման ճանապարհի գիտելիք կամ ճանաչողություն, որը հայտնված չէ Քրիստոսով և հիմնված չէ Քրիստոսի դավանության վրա, սատանայից է»։

Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

(«Ես եմ ճանապարհը. Քրիստոնեության և յոգայի, թեոսոֆիայի, անտրոպոսոֆիայի աստվածճանաչողական համակարգերի ընդհանուր ուրվագծեր և քննական-համեմատական տեսություն» գրքից։ Գանձասար, 1995թ.)

 

Այս հոդվածում ցանկանում ենք ներկայացնել վալդորֆյան մանկավարժության գաղափարական ակունքները և դրա հետ կապված հոգևոր ռիսկերը՝ քրիստոնեական ուղղադավան ընկալման դիրքերից։ Այս հոդվածը նպատակ չունի վիրավորել կամ մեղադրել այն մարդկանց, ովքեր բարի նպատակներից ելնելով՝ իրենց երեխաներին ուղղորդել են վալդորֆյան դպրոց՝ հիմնվելով դպրոցի կողմից հանրությանը հրամցվող դրական գույների ու հեղինակության վրա: Յուրաքանչյուր պարենային ապրանք գնելիս իր առողջության մասին մտածող սպառողը բացի համային զգացողություններից` ծանոթանում է նաև ապրանքի բաղադրությանը։ Նույնպես և սեփական զավակի հոգևոր առողջության մասին մտածող հայ քրիստոնյա ծնողներին առաջարկում ենք ծանոթանալ վալդորֆյան դպրոցների մանկավարժության ներքո թաքնված գաղափարախոսություններին: Այս հոդվածը կարող են չընթերցել այն մարդիկ, որոնք իրենց քրիստոնյա չեն համարում, այլ համարում են էզոթերիկ ուսմունքների, հատկապես՝ անտրոպոսոֆիայի հետևորդ: Հոդվածը նպատակ չունի վիրավորել մարդու ազատկամային ընտրության կամ խղճի ազատության իրավունքը, այլ միայն այլընտրանքային կարծիք կամ վերլուծություն է՝ գրված Հայ առաքելական եկեղեցու ուղղադավան քրիստոնեական վարդապետության և համամարդկային անվտանգության դիրքերից: 

Ընդունելով հոդվածի հանդեպ տարատեսակ կարծիքների արտահայտման հնարավոր տարբերակները՝  հավաստիացնում ենք, որ որևէ մրցակցային, ֆինանսական կամ քաղաքական շահեր այստեղ չեն հետապնդվում։ Առավել ևս, կցանկանայինք նախազգուշացնել հատկապես այն անձանց, ովքեր կփորձեն մեղադրել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին անհանդուրժողության կամ սահմանափակ մտածողության մեջ (ինչպես որ սովորաբար կատարվում է քննադատական որևէ հայացքի ներկայացման դեպքում):

Հոդվածի միակ նպատակն է` հնարավորինս իրազեկել կամ նախազգուշացնել բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, քրիստոնեական բարոյական ու արժեքաբանական համակարգի կրող, սակայն իրենց երեխաների կրթությունը վստահել են վալդորֆյան մանկավարժական օջախներին կամ ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ փորձում են իրենց հոգևոր աշխարհայացքը համերաշխել, արժևորել կամ լրացնել անտրոպոսոֆիայի միջոցով: Քրիստոնեությունը փորձել բացատրել կամ հաշտեցնել իրենից տրամագծորեն հակադիր գաղափարախոսությունների (տվյալ դեպքում՝ անտրոպոսոֆիայի) հետ, կոպիտ սխալ է:

Բացի այդ՝ Հայաստանում վալդորֆյան մանկավարժությունը ներկայացված է որպես այլընտրանքային կրթություն (ի դեմս «Արեգնազան» դպրոցի, «Ծիլ բուսաց» և «Դեղին արտույտ» մանկապարտեզների), սակայն գրեթե չկան վերլուծություններ վալդորֆյան մանկավարժության հոգևոր և մտավոր վտանգների մասին՝ ի տարբերություն այլ երկրների (հղումները հոդվածի վերջում)։ Ուստի, կներկայացնենք վալդորֆյան մանակավարժության ակունքները, գաղափարախոսությունը և Հայաստանում դրա պատմությանն ու գործունեությանն առնչվող որոշ դիտարկումներ՝ համապատասխան մեկնաբանություններով ու եզրակացություններով:

Ռուդոլֆ Շտայները և «անտրոպոսոֆիա» կոչվող հակաքրիստոնեական կրոնական միքստուրան

Վալդորֆյան մանկավարժության հիմնադիրն ավստրիացի միստիկ փիլիսոփա, օկուլտիստ, «անտրոպոսոֆիա» էզոթերիկ ուսմունքի հիմնադիր Ռուդոլֆ Շտայներն է (1861-1925)։ Ռ. Շտայներն իր ողջ կյանքի ընթացքում գայթակղված էր Վ. Գյոթեի և գերմանական դասական փիլիսոփաների ուսմունքներով և ամեն բան փորձում էր անցկացնել նրանց ուսմունքների պրիզմայով՝ դրանք հասկանալով ու մեկնաբանելով խիստ սուբյեկտիվ կերպով։ Նա ողջ կյանքի ընթացքում զբաղվում էր օկուլտիզմով, տեսնում էր  «պայծառատես տեսիլքներ», որի շուրջ էլ կառուցել է իր ուսմունքը:

Իր միստիկ պրպտումների արդյունքում Ռ.Շտայները «հանդիպումներ» է ունենում իր պնդմամբ՝ նաև Հիսուս Քրիստոսի հետ: Վալդորֆյան մանկավարժության հիմունքները նա նույնպես ստացել է «հոգիների» հետ միստիկ հանդիպումների արդյունքում։

Մինչև 1909թ. Ռ.Շտայները Ելենա Բլավատսկայայի կողմից հիմնած թեոսոֆիական ընկերության Գերմանիայի մասնաճյուղի ղեկավարն էր։ Թեոսոֆիայի հիմնադիր Ե. Բլավատսկայան այսպես էր բնորոշում թեոսոֆիան.

 «Մեր նպատակը (թեոսոֆիայի) ոչ թե նրանում է, որ վերականգնենք բուդդիզմը, այլ որպեսզի ջնջենք քրիստոնեությունը երկրի երեսից»։ (цит. по: Кудрявцев К. Что такое теософия и Теософическое общество. СПб., 1914, с. 25).

1913թ. ղեկավարության հետ անհամաձայնությունների արդյունքում Շտայներն իր մի քանի հետևորդների հետ լքում է այդ ընկերությունը և հիմնում է սեփական` անտրոպոսոֆական ընկերությունը։ Թեոսոֆների կարծիքով Շտայների անջատման պատճառն այն էր, որ նա գտնվում էր չար ուժերի ազդեցության տակ և դրանք էլ թելադրեցին Շտայներին նոր ուսմունքը։

Մեծանուն ռուս փիլիսոփա Ն. Բերդյաևը, ով անձամբ ճանաչում էր Ռ. Շտայներին, այսպես է գրում նրա մասին.

«Հազվագյուտ հոգիներ են ինձ վրա թողել այդքան շնորհից զրկված մարդու տպավորություն, ինչպիսին Շտայներն էր։ Ոչ մի վերևից եկող լույսի շող չուներ։ Նա ամեն բան ձգտում էր ձեռք բերել ներքևից, կրքոտ ջանքերով փորձում էր հասնել հոգևոր աշխարհին… Որոշ անտրոպոսոֆներ ինձ վրա թողեցին մոլագարների տպավորություն, որոնք գտնվում էին  ծայրահեղ մանիակալ վիճակում… Հավատացյալ անտրոպոսոֆները շատ ավելի խիստ դոգմատիկ էին և ավտորիտար, քան ամենաուղղադավան ուղղափառները կամ կաթոլիկները»...։ (Бердяев Н. А. Самопознание. М., 1990, с. 178.)

Չխորանալով անտրոպոսոֆիայի ուսմունքի բոլոր «աստվածաբանական» մանրամասնությունների մեջ, որոնք շատ ծավալուն են և պարունակում են մի քանի կրոնների և ուսմունքների տարրեր, ինչպիսիք են քրիստոնեությունը, հինդուիզմը, բուդդիզմը, դեմոնոլոգիան, մագիան, օկուլտիզմը, թեոսոֆիան, աստղագուշակությունը և այլն, հասկանալի է դառնում, որ Ռ. Շտայների գործունեության համար կարևոր հիմք էին հանդիսանում կյանքի ընթացքում տարբեր միստիկ հայտնությունները և օկուլտ փորձառությունները, որոնք էլ նրան առաջնորդում էին նոր գաղափարներ ստեղծելուն։

Անտրոպոսոֆիան հրաժարվում է աստվածային իմաստությունից՝ հանուն մարդկային իմաստության։ Չնայած իր ուսմունքին տրված «քրիստոնեական» երանգին, այունամենայնիվ, անտրոպոսոֆիան ոչ միայն կապ չունի քրիստոնեության հետ, այլև հակաքրիստոնեական է իր ողջ բովանդակությամբ և գործունեությամբ։ Անտրոպոսոֆիան կարողանում է զարգանալ առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Գերմանիայում առաջացած հոգևոր, սոցիալական և քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Ավանդական եկեղեցիների դիտարկմամբ անտրոպոսոֆիան պատկանում է «Նյու-Էյջ» աղանդավորական շարժման խմբին:

Շտայների գրվածքներից պարզ է դառնում, որ նա վարակված է լյուցիֆերական էգոյով, նրա «ոգեգիտությունը» ոչ այլ ինչ է, քան նարցիսիստական ինքնահայեցում: Դրա ապացույցն են «ինքնաճանաչողություն», «ինքնահաղթահարում», «ինքնադաստիարակություն», «ինքնարարում», «ինքնածննդաբերում» բառերը, որոնք արտասովոր կերպով շեշտադրված են Շտայների գրքերում:

Անտրոպոսոֆները զարմանալի շտայներամոլությամբ են տարված. հայ անտրոպոսոֆ Արա Գուրզադյանը Շտայների՝ «ազատության փիլիսոփայությունը» էվոլյուցիոն այնպիսի գործ է համարում, որը վեր է դասում և՛ հունական դասական փիլիսոփայությունից, և՛ քրիստոնեական աստվածաբանական մտքից (տե՛ս Ռ. Շտայներ, Ազատության փիլիսոփայություն, Ե., 1998, էջ XII): Այդ դեպքում ինչո՞ւ անտրոպոսոֆների մոտ հարց չի առաջանում, թե ինչո՛ւ «իմացաբանական մտքի այդ հսկայի» գրվածքները չեն ներառվել փիլիսոփայության ներածության դասագրքերի ու հատորների մեջ՝ ո՛չ Եվրոպայում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Հայաստանում: Շտայների սրբացումը շարունակվում է, երբ այս գիրքը Գուրզադյանը կոչում է «ազատության իմացաբանական հիմքերը դնող» (Նույն տեղում, էջ V)` հեղինակի կենսագրությունն անվանելով «ազատության կենսագրություն», որի արդյունքներից է համարում վալդորֆյան մանկավարժությունը՝ մանկապարտեզներով և դպրոցներով, ազատ համալսարանները, բիոդինամիկական գյուղատնտեսությունը, ֆինանսավարչական նոր կառույցները (Նույն տեղում, էջ V-VI):

Շտայների համակարգը դիլետանտիզմ է՝ ճիշտ ինչպես գնոստիկությունը ո՛չ կրոն, ո՛չ գիտություն, ո՛չ փիլիսոփայություն էր. այն ֆանտոմային է, քանի որ և՛ պսեվդոգիտական, և՛ կրոնափիլիսոփայական սինկրետիկ միքստուրա է: Պետք է ուշադրություն դարձնել, որ Շտայները Իմմանուիլ Կանտի փիլիսոփայությունը չէր հավանում. ինչո՞ւ է բարյացակամորեն խոսում Ֆիխտեի, Շելլինգի և Հեգելի մասին, սակայն Կանտի նկատմամբ ունի որոշակի վերապահումներ: Ճիշտ այն պատճառով, որ «անտրոպոսոֆ Ֆաուստը» Կանտի փիլիսոփայությանը տրամագծորեն հակառակ էր լող տալիս, և ճիշտ այն պատճառով, որ Կանտի փիլիսոփայությունը՝ իմացաբանությունը, բարոյագիտությունը, կրոնի փիլիսոփայությունը, մարդաբանությունը, շատ հարցերում մոտ էր քրիստոնեական աստվածաբանությանը:

Շտայների հակաեկեղեցականությունը և հակաքրիստոնեությունը աչք ծակող են, և եթե որևէ մեկը դա չի նկատում նրա գրքերն ընթերցելիս, ապա հավանաբար կամովի հրաժարվում է դա անելուց: Մեկ նալին, մեկ մեխին խփելով՝ նա խորամանկորեն աշխատում է գրավել քրիստոնեական քաղաքակրթության ներկայացուցիչ անհատին, սակայն մի մեծ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական դիրքորոշմամբ. «դոգմատիզմից ազատագրված քրիստոնեական աշխարհընկալում» (Նույն տեղում, էջ XX) քարոզելով:

Շտայների կողմից Հիսուս Քրիստոսի կերպարը աղավաղման սահմաններ չի ճանաչում: Քրիստոսի Աստվածամարդ լինելու համաքրիստոնեական հիմնադրույթն ամբողջովին աղճատված է. բավական է նշել, որ Հիսուս Քրիստոսին նա ներկայացնում է որպես Լյուցիֆերի ու Ահրիմանի՝ չար սկզբունքների հակակշիռ ուժ՝ Արև, նվիրագործված մեկը՝ Կրիշնայի, Բուդդայի, Զրադաշտի հետ նույն հարթության վրա: Նա ասում է, որ մինչև 30 տարեկանը Հիսուսի մեջ ապրել է Զրադաշտի ոգին կամ՝ նա հավասար էր Բուդդային, իսկ հետևյալ միտքը պերճախոս ապացույցն է նրա՝ քրիստոնեության հետ ընդհանրություն չունեցող գաղափարախոսության.

«Անհրաժեշտ է տարբերակել Քրիստոսին կրողին ու հենց իրեն՝ Քրիստոսին՝ այդ կրողի մեջ: Մարմնի մեջ, որը Քրիստոսին կրողն էր, որևէ մարդկային անհատականություն չկար, ... որովհետև Զրադաշտի անհատականությունը լքել էր այդ մարմինը,... Քրիստոսի էությունը չէր ապրում այն մարդկայնության մեջ, որը հասել էր ադեպտի որոշակի հասունության աստիճանի, այլ ապրում էր հասարակ մարդու մեջ, որը մյուսներից տարբերվում էր միայն նրանով, որ նա Զրադաշտի կողմից լքված օրգանիզմ էր»: (Штайнер Р., От Иисуса ко Христу. Калуга, 1994. с. 96)

Շտայները առիթը բաց չի թողնում քննադատելու քրիստոնեության և՛ դոգմատիկ համակարգը, և՛ քրիստոնեական խորհրդապաշտական համակարգը, և՛ եկեղեցական ավանդույթները... (տե՛ս Штайнер Р., Трехчленность социального организма: демоны Запада. Ереван, 2011, сс. 143-148.)

Նա գտնում էր, որ Քրիստոս չի խաչվել, որովհետև Քրիստոսի ոգին որոշում է չչարչարվել և մինչև խաչելությունը լքում է մարդ Հիսուսի մարմնավոր անոթը (տե՛ս հետևյալ գիրքը՝ Շտայների մտքերի մեջբերումով Richard Веrgeron. La legende du grand initie. Jesus dans l'esoterisme. Quebec. 1991.): Իր բնույթով լինելով սինկրետիկ` թեոսոֆիան և անտրոպոսոֆիան, եթե անգամ պնդում են, որ ներառում են քրիստոնեական գծեր, ապա դրանք իրենց իմաստը կորցնում են` միախառնվելով բնապաշտական հակադիր սկզբունքների հետ: Թեոսոֆիան և անտրոպոսոֆիան չեն ընկալում Լոգոսի, այսինքն Որդու մարդացման իրողությունը, չեն ընկալում Քրիստոսի քավչարար տնօրինությունը, և հետևաբար՝ մարդը նրանց ուսմունքում գտնվում է առկախ վիճակում, ենթակա անհրաժեշտությանն ու բնական օրենքին: Արդյունքում՝ ճիշտ ինչպես թեոսոֆիայի մեջ բացակա է Աստված, այնպես էլ Շտայների անտրոպոսոֆիայում դժվար է գտնել մարդուն:

Վալդորֆյան մանկավարժության մանկավարժական և հոգեբանական թերությունները

Վալդորֆյան մանկավարժության հիմքը դրվում է 1919 թվականին, երբ «Վալդորֆ-Աստորիա» ծխախոտի ֆաբրիկայի տնօրեն Է. Մոլտն առաջարկում է Ռ. Շտայներին ֆաբրիկայի բանվորների և ծառայողների համար դպրոց հիմնել: Դպրոցի դասավանդման մեթոդի համար Ռ. Շտայները հիմք է ընդունում իր կողմից ստեղծված անտրոպոսոֆիայի ուսմունքը։

Վալդորֆյան մանկավարժությունն իր սկզբնավորման շրջանում ստացավ դրական արձագանքներ, քանի որ այն հակադարձում էր Եվրոպայում XX դարասկզբին ընդունված կրթական համակարգին, որտեղ աղքատ ընտանիքների երեխաները չէին կարողանում ստանալ որակյալ կրթություն, իսկ վալդորֆյան դպրոցը թույլ տվեց կրթական համակարգի մեջ ներառել տարբեր սոցիալական խմբերի երեխաներին՝ անկախ նրանց ազգային, կրոնական և այլ պատկանելությունից: Սակայն դա չի նշանակում, որ վալդորֆյան դպրոցի երեխաները ստացան որևէ ստանդարտին համապատասխանող որակյալ կրթություն: Կրթական համակարգը ներկայիս դարաշրջանում այլևս չի գտնվում ճգնաժամային իրավիճակում, ինչպես դեռ փորձում են ներկայացնել վալդորֆցիները, իսկ Ռ. Շտայների մանկավարժությունը արդեն արդիական չէ գիտության, մարդաբանության և անձի զարգացման ներկայիս գիտական աշխարհում:

Վալդորֆյան մանկավարժության մեջ առկա են մի շարք հակասություններ. մի կողմից այն ներկայացվում է որպես առաջատար մանկավարժություն, մյուս կողմից՝ գիտական հոգեբանական հենքը, որի հիման վրա Ռ. Շտայները կառուցել էր իր մանկավարժությունը՝ այլևս արդիական չէ: Ռ. Շտայները վալդորֆյան մանկավարժությունը ներկայացնում է, որպես երեխայի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերող մանկավարժություն և միևնույն ժամանակ ամբողջ մանկավարժությունը կառուցվում է մարդկային խառնվածքը չորս տիպերի բաժանելու սկզբունքի հիման վրա (Р. Штайнер, Искусство воспитания, М., 1995, с. 7): Այսպիսով, բոլոր երեխաների հանդեպ մոտեցումը սահմանափակվում է նրանց տիպային խառնվածքով, որի հիման վրա յուրաքանչյուր տիպի հանդեպ մշակվում է դասավանդման մեթոդ` թե՛ առարկաների յուրացման հարցում, թե՛ նրանց հետաքրքրությունների շրջանակի և անձի ձևավորման: Այսպիսով, վալդորֆյան մանկավարժությունը կարելի է ասել, ծրագրավորված մոտեցում է ձևավորում, որը սահմանափակում է անձի հետագա զարգացումը: Խառնվածքը, ըստ Ռ. Շտայների, որոշում է ամեն ինչ՝ ինչ կարդալ, ինչպիսի երաժշտություն լսել, անգամ որ Ավետարանը կարդալ, օրինակ. ֆլեգմատիկները պետք է կարդան Մատթևոսի Ավետարանը, սանգվինիկները՝ Ղուկասու, խոլերիկները՝ Մարկոսի, մելանխոլիկները՝ Հովհաննու (Р. Штайнер, Искусство воспитания, М., 1995, сс. 24-25): Նշենք նաև, որ Ռ. Շտայները հորդորում է՝ երեխայի հանդեպ կիրառվող դասավանդման մեթոդները գաղտնի պահել հենց երեխաներից և ծնողներից՝ ծառայեցնելով այդ սկզբունքը որպես ուսուցչի հեղինակության ամրապնդման մեթոդ (Р. Штайнер, Искусство воспитания, М., 1995, с. 61): Այսպիսով, ուսուցչին տրվում է աշակերտի համար հեղինակություն հանդիսանալու մեծ դերակատարում, նա դառնում է աշակերտի բացարձակ իդեալը, և աշխարհը երեխայի համար դառնում է ուսուցչակենտրոն: Ներկայիս մանկավարժությունը կառուցվում է ուսուցիչ-երեխա-ծնող կոոպերացիայի՝ փոխհամագործակցության, սկզբունքի վրա: Մյուս կողմից այս մեթոդով երեխայի դաստիարակության ամբողջ պատասխանատվությունը տրվում է ուսուցչին, որը նաև թելադրող է դառնում ծնողի համար, ինչը բացառում է ծնողի մասնակցությունը և երեխայի պատասխանատվությունն իր կյանքի հանդեպ: Այդ իսկ պատճառով, երեխան հայտնվում է զարգացման այնպիսի պայմաններում, որտեղ իր ինքնագիտակցությունը և աշխարհի հետ երկխոսությունը չեն կարող լիարժեք արտահայտվել: Այդ երեխաներին չի կարելի համարել պատրաստ կյանքում ինքնուրույն որոշումներ կայացնելու (Տե՛ս Сharlotte Rudolph. Waldorf-Erziehung. Wege zur Versteinerung. - Darmstadt-Neuwied. 1987):

Ռ. Շտայների կողմից մեկ ուրիշ մոտեցում երեխաներին գիտելիքներ փոխանցելու համար. նա համարում էր, որ եթե երեխան ունակ չէ ի սկզբանե կարդալ և գրել (ինչը երեխայի պարզ քմահաճույքը կարող է լինել կամ էլ համարվել մոտիվացվածության  խնդիր), ապա ծնողները պետք է երեխայի սննդակարգը փոխեն: Օրինակ՝ զրկել երեխային ձվից և խմորային ուտելիքներից, իսկ եթե դա էլ արդյունք չտա, ապա նրան սոված պահել մինչև կեսօր և ստիպել պարապել սոված վիճակում (Р. Штайнер, Искусство воспитания, М., 1995, с. 100): Ի տարբերություն այս պնդման, հանրակրթական դպրոցի համակարգում բոլոր երեխաները կարողանում են իրենց տարիքին համապատասխան զարգացնել գրելու և կարդալու հմտությունները՝ առանց կոշտ միջամտությունների: Վերոհիշյալ մոտեցումը հաճախակի է կիրառվում Ռ. Շտայների կողմից. օրինակ՝ նա առաջարկում է երեխաներին չտալ կակաո, քանի որ նրանք դրա անհրաժեշտությունը չունեն: Սրա մեջ կարելի է չտեսնել որևէ դիտավորություն, սակայն ուսումնասիրելով Ռ. Շտայների ողջ ուսմունքը և մասնավորապես վալդորֆյան մանկավարժությունը, ակնհայտ է դառնում որ Ռ. Շտայները մերժում է բոլոր գիտությունները և գիտական բացահայտումները, որոնք դեմ են իր անտրոպոսոֆիական ուսմունքին: Օրինակ՝ Շտայները հերքում է Ի. Նյուտոնի՝ լույսերի և գույնի տեսությունը, քանի որ այն չի համընկնում իր սեփական տեսության հետ՝ այսպիսով հնարավորություն չտալով երեխաներին ֆիզիկայի դասին ստանալ լիարժեք գիտական գիտելիքներ, սահմանափակելով նրանց սեփական՝ անտրոպոսոֆիական ուսմունքի մեջ:

Վալդորֆյան մանկավարժության մեջ մեծ դեր է տրվում էվրիթմիա կոչված առարկային, որով Ռ. Շտայները առաջարկում է լուծել շատ խնդիրներ, այդ թվում նաև առարկաների յուրացման հարցում՝ օրինակ մաթեմատիկական ունակությունների զարգացման: Սակայն, հաշվի առնելով, որ էվրիթմիան նույնպես Ռ. Շտայների հնարած մեթոդն է և ունի անտրոպոսոֆիական օկուլտ հիմք, կրկին պարզ է դառնում, որ նա ուղղակի մերժում է այլ մանկավարաժական կամ գիտական մոտեցումներ՝ առաջին տեղում դնելով սեփական անձը:

Ի՞նչ է էվրիթմիան: Էվրիթմիայով բոլոր աշակերտները զբաղվում են շաբաթական երկու անգամ։ Սա համարվում է «հոգևոր և բուժիչ պար», որը բանաստեղծական տողի ու երաժշտական հնչերանգի համաչափությունը օրինաչափորեն փոխակերպում է շարժումների լեզվի՝ մարմնի համաչափ, սահուն շարժումների։ Էվրիթմիկ շարժումները բաղկացած են 12 բաղաձայներից` ինչը համապատասխանում է համաստեղության նշաններին, 7 ձայնավորներից` որոնք համապատասխանում են 7 մոլորակներին, 12 երաժշտական բանալիներից, 7 ինտերվալներից և երկրաչափական ֆիգուրներից։ Սովորական մարդու համար այս համադրությունը տարօրինակ է թվում, սակայն Շտայների ուսմունքի համաձայն` սա հրեշտակների լեզուն է։ Այսինքն՝  աշակերտները ենթագիտակցորեն մասնակցում են մի պարի, որն իրականում կրոնական ոլորտին պատկանող միստիկ ծիսակատարություն է։ Սրա արդյունքում երեխան թվացյալ կերպով  հոգեկան  նորմայի սահմաններում է, սակայն ապրում է իր «ներքին» ռիթմով և այլ՝ զուգահեռ աշխարհում՝ հոգիների վերամարմնավորման և միջգալատիկական տեսությունների ազդեցության տակ:

Առանձին ուզում ենք նաև ներկայացնել դրույթներ որոշ առարկաների դասավանդման մեթոդների մասին, որոնք վալդորֆցիները բնորոշում են որպես յուրովի մոտեցումներ՝ մոռանալով, որ դրանք յուրովի-շտայներական են՝ հիմնված միայն նրա տեսիլքների վրա: Մասնավորապես, պատմության առարկայի մեկնաբանությունը զուտ շտայներական է: Նա հորդորում է հրաժարվել պատմական փաստերի ազգային կամ դավանական մեկնություններից, իբր աշակերտների մոտ պատմական փաստերի վերաբերյալ սեփական կարծիք ձևավորելու համար՝ տալով նրանց պատմական տեսարանների պատկերներ, որոնցում նրանք կգտնեն պատմության իրական «ոգին» (Р. Штайнер, Искусство воспитания, М., 1995, сс. 81-92): Իսկ ինչ է հասկացվում «պատմության ոգի» ասելով, կամ, ավելի հստակ, ինչ է հասկանում Ռ. Շտայները դա ներկայացնելով: Նա կրկին ներկայացնում է իր միստիկ ապրումների ընթացքում հայտնաբերված «ոգին», որը իբր թելադրում է մարդկության ողջ պատմության ընթացքը: Օրինակ՝ Ռ. Շտայները պնդում է, որ 1871թ.-ից մինչև 1879թ. տեղի է ունեցել պատերազմ Միքայել հրեշտակապետի և Ահրիմանի ուժերի միջև, որն էլ ազդել է երկրի պատմության ընթացքի վրա (Ռ. Շտայներ, Դորնախ, 1917թ., 14 հոկտեմբերի, 9-րդ դասախոսություն): Այս պատերազմի արդյունքում, ըստ Ռ. Շտայների, աշխարհում մտածողության փոփոխություն է տեղի ունեցել, մարդկությունը լցվել է ամբիցիաներով, ինչն էլ ազդել է նրանց վարքագծի և պատմության ընթացքի վրա (տե՛ս Р. Штайнер, Низвержение духов тьмы, Ереван, 2008 գիրքը): Դժվար չէ եզրակացնել, որ այս մտածողությամբ դաստիարակված անձինք չեն կարող ստանալ լիարժեք գիտելիքներ՝ աշխարհընկալումը սահմանափակելով շտայներական օկուլտ մոտեցումներով, որոնք ներկայացվում են որպես դասավանդման յուրահատուկ հիմքեր: Եվ սրանով հերքվում է Ռ. Շտայների այն պնդումը, որ անտրոպոսոֆիան և վալդորֆյան դպրոցները հեռու են կրոնից: Եվ ինչպե՞ս կարող է կրոնից հեռու լինել այն ուսմունքը, որն ունի չորս Ավետարանների մեկնաբանություն, որն էլ,  իհարկե, մերժվում է բոլոր քրիստոնեական Եկեղեցիների կողմից (Р. Штайнер, Оккультные движения XIX и XX столетий, Ереван, 2005, с. 313):

Քանի որ Ռ. Շտայների ուսմունքը ո՛չ գիտական է և ո՛չ էլ կրոնական, կարելի է ասել, որ այն երկուսի ֆալսիֆիկացիան է և դրանք կիրառել երեխաների դաստիարակության հարցում՝ ուղղակի անընդունելի է: Իսկ ուսմունքը առկա է նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներում: Օրինակ՝ բնության մասին ասվում է. «Բուսական աշխարհը երկրի հոգեկան աշխարհի տեսանելի արտահայտությունն է, հետևաբար այն կարելի է համեմատել մարդու հոգու հետ» (Растительный мир–это ставший видимым душевный мир земли, и поэтому его можно сравнить с душой человека):  Եվ ապա՝ մարդկային հոգու բոլոր արտահայտումները Ռ. Շտայները համեմատում է տարբեր բույսերի հետ՝ մտքերի բույսեր, կամքի բույսեր և այլն (Р. Штайнер, Искусство воспитания, М., 1995, с. 131): Անգամ ոչ մասնագետի համար պարզ է, որ այս տեսությունը չունի որևէ գիտական հիմք և մասամբ ներշնչված է հինդուիզմից: 

Ինչպես շատ աղանդներում, վալդորֆյան դպրոցում նույնպես առկա է անձին բացառիկություն ներշնչելու զգացողությունը՝ ընդգծելով այն փաստը, որ մինչ դպրոց գալը երեխայի մոտ կյանքը թերի էր կամ ոչ լիարժեք: „Посмотри у них еще нет цветков. Так было с твоей душой до того, как ты пришел в ШКОЛУ. Однако теперь, когда ты пришел в ШКОЛУ, тут в твою душу вошло нечто такое, что можно сравнить лишь с цветущим растением” (Р. Штайнер, Искусство воспитания, М., 1995, сс. 138-141):

Սեփական միակողմանի դիտարկումները և մոտեցումներն առկա են դասավանդվող գրեթե բոլոր առարկաներում: 1999թ. Ռուսաստանի դաշնության Կրթության նախարարության կողմից իրականացված հետազոտության արդյունքներով հրապարակվեց հաշվետվություն, համաձայն որոնց վալդորֆյան դպրոցի շրջանավարտները ցուցաբերել են գիտելիքների բավականին ցածր մակարդակ և մեծամասնությունը չեն կարողացել ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը ասում է. „Под прикрытием заботы о физическом здоровье детей, в российских школах внедряются вальдорфская педагогика, рерихианство, валеология, оккультизм и моральный нигилизм” (Православная газета, Екатеринбург, №7 (184) / 15 февраля ‘02):

Վալդորֆյան դպրոցները և էլիտիզմի մեղքը

Ռ. Շտայների կողմից հիմնվել են անտրոպոսոֆական բժշկությունը, բիոդինամիկ գյուղատնտեսությունը, էվրիթմիկ պարի դպրոցը, զարգացման հետամնացություն ունեցող մարդկանց համար գյուղեր և «եկեղեցի»։ Սակայն անտրոպոսոֆիայի տարածման լավագույն  մեթոդը կան և մնում են վալդորֆյան դպրոցները։ Ինչպե՞ս է ստացվում, որ անտրոպոսոֆիայից հեռու մարդիկ՝ անգամ Հայ Առաքելական եկեղեցու անդամ հանդիսացող ծնողները, իրենց երեխաներին տանում են վալդորֆյան մանկապարտեզներ կամ դպրոցներ։

Վալդորֆյան դպրոցները կազմակերպում են բաց դռների օր, ներկայացնում են երեխաների զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր։ Դպրոցը դիմավորում է հետաքրքիր ձևավորմամբ, հանգիստ, ներդաշնակ գույներով, լուսավորությամբ` որոնք առաջին հայացքից շոյում են մարդու աչքը և պարզապես հաճելի են՝ ի հակադրություն խորհրդային դպրոցներից մեզ ժառանգություն մնացած գորշ գույների։ Ի տարբերություն «սովորական» դպրոցների՝ այստեղ հաճախ կհանդիպենք յուրաքանչյուր ուսուցչի շեշտված ջանասիրությունը և առանձնակի ուշադրությունն աշակերտների հանդեպ։ Սակայն, այս ամենի ետևում թաքնված է աղանդավորական գաղափարախոսությունը, որն անտեսանելի է առաջին հայացքից, բայց նկատելի է ոլորտի մասնագետների համար։

Նախ, վալդորֆյան դպրոցներում մանկավարժները պարտադիր հատուկ վերապատրաստում են անցնում, որն իր մեջ ներառում է նաև անտրոպոսոֆիայի ուսումնառությունը։ Սովորական կրթություն ստացած մանկավարժները չեն կարող աշխատել վալդորֆյան դպրոցում՝ առանց անտրոպոսոֆիայի հիմքերին ծանոթանալու։ Ռ. Շտայներն ասում էր. «Դուք, վալոդրոֆյան դպրոցում աշխատող մանկավարժներդ, պետք է աջակցեք ամբողջ շարժմանը։ Վարդոլֆյան դպրոցը պետք է հիմք դառնա անտրոպոսոֆիական շարժման համար» (Ден Даган, Джуди Даар, Вальдорфские школы Рудольфа Штайнера». Можно ли считать вальдорфские школы Рудольфа Штайнера нерелигиозными? (Перевод с английского А. Л. Дворкина)- http://www.sektoved.ru/enciclopedia.php?cat_id=93 ):

Այն, որ մեր օրերում ոչինչ չի փոխվել, ապացուցում է հայտնի անտրոպոսոֆ գրող Հիլբերտ Չայլդզի խոսքերը. «Վալդորֆյան մանկավարժները պետք է առաջին հերթին լինեն անտրոպոսոֆներ, և հետո նոր` ուսուցիչներ» (Ден Даган, Джуди Даар, Вальдорфские школы Рудольфа Штайнера». Можно ли считать вальдорфские школы Рудольфа Штайнера нерелигиозными? (Перевод с английского А. Л. Дворкина)- http://www.sektoved.ru/enciclopedia.php?cat_id=93 ):

Արեգնազան դպրոցի կայքում տեղադրված են վարդորֆյան մանկավարժության բոլոր առանձնահատկությունները, որոնք հիմնված են Ռ. Շտայների կողմից հրատարկված շուրջ 200 մանկավարժական գրքերի վրա։ Անտրոպոսոֆիայի շրջանակներում հոգևոր զարգացման երկու առարկաներ պարտադիր են վալդորֆյան դպրոցներում` նկարչություն և էվրիթմիա։ Հատկանշական է նկարչության տեսակը, որով սկսվում է յուրաքաչնյուր դաս` հետևելով դասղեկին, որը գրատախտակին գունավոր կավիճով նախ նկարում է շատ պարզ, հետագայում ավելի բարդ պատկերներ/սիմվոլներ, երեխաները մոմե գունավոր մատիտներով երևակում են այդ պատկերները իրենց ալբոմներում: Այս մեթոդը նույնպես մշակվել է Ռ. Շտայների կողմից և ոչ մի ընդհանուր բան չունի երեխայի ստեղծագործական մտածողության զարգացման հետ։ Սրա գաղտնի նպատակն է` ներազդել աշակերտների ենթագիտակցության վրա՝ սիմվոլիկ պատկերների մեդիացիայի միջոցով։  

Տարրական դասարանների աշակերտներին չի թույլատրվում օգտվել համակարգչից։ Ծնողները ոգևորվում են այդ փաստից` համարելով դա մանկավարժական ճիշտ մոտեցում։ Սակայն, դրա տակ թաքնված է այն համոզմունքը, որ համակարգիչը զրադաշտական դիցաբանության չար սկզբունքի կամ դիցի՝ Ահրիմանի մարմնացումն է։ Եվ այսպես գրեթե բոլոր առարկաներում անուղղակի ձևով ներառվում են օկուլտ ուսմունքի տարրեր՝ համեմվելով հեթանոսական տարատեսակ դիցաբանության սկզբունքներով։ Վալդորֆյան դպրոցը նշում է, որ ազգային տարրերը նույնպես ներառված են դպրոցի ծրագրում։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ Ռ. Շտայները վալդորֆյան էսթետիկան մշակելուց իր առջև խնդիր չէր դնում երեխայի մեջ զարգացնել հոգևոր, բարոյական կամ ազգային արժեքներ։ Նա համոզված էր, որ երեխայի մեջ գեղարվեստական նրբազգացությունը զարգացնելը` միահյուսված ներքին խորը զգացումներով, նպաստում  է մարդու օկուլտ կարողությունների արթնացմանը, որին էլ հետամուտ է իր մշակած վալդորֆյան մանկավարժությունը։

Մասնագետ մանկավարժների կարծիքով կան մի քանի պատճառներ, թե ինչու են իրենց քրիստոնյա համարող, սակայն, ցավոք, անտեղյակ ծնողները գերադասում վալդորֆյան դպրոցը սովորական դպրոցից։

Առաջին պատճառը. ներկայիս սոցիալական զարգացման հիմնահարցերից մեկն է, երբ ծնողները ժամանակ չունեն զբաղվելու երեխաների դաստիարակությամբ և այդ գործն ամբողջովին պատրաստակամորեն հանձնում են «երրորդ» անձանց։ Վալդորֆյան դպրոցներն ստեղծում են երեխայի բազմակողմանի զարգացման պատրանք, և ծնողը գերադասում է միավորել նկարչության, պարի, երաժշտության դասերը մեկ վայրում, այլ ոչ թե գումար և ժամանակ ծախսել մի քանի խմբակների համար։

Երկրորդ պատճառը. վալդորֆյան դպրոցը տպավորություն է ստեղծում, թե տիրապետում է երեխային ճիշտ հասկանալու, նրա բազմակողմանի զարգացմանը ճշմարիտ ուղղություն տալու նոր մոտեցումների։

Երրորդ պատճառը. երեխաներին վճարովի/մասնավոր դպրոց հանձնելու տարբերակը հասանելի է քիչ թե շատ ապահովված խավին, հետևաբար վալդորֆյան դպրոցն ակամայից ձեռք է բերում նաև «էլիտար» դպրոցի համբավ, որտեղ որոշ ծնողներ երեխաներին տանում են այդ դպրոց՝ պարզապես սոցիալական բարձր խմբին իրենց պատկանելիությունը ընդգծելու համար։ Ընդ որում, սա ոչ միայն ծնողների դիրքորոշումն է, այլ նաև դպրոցի կողմից հստակ մշակված քաղաքականությունը։ Իրականում, հիշեցնենք, որ առաջին վալդորֆյան դպրոցը ստեղծվել է ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղված գործարանի բանվորների և ծառայողների համար, որոնք ժամանակ չունեին զբաղվելու իրենց երեխաներով և օգտվեցին այս այլընտրանքային տարբերակից։ 

Չորրորդ պատճառը. Վալդորֆյան դպրոցի բոլոր մանկավարժները և շրջանավարտները համոզված են, որ նրանք նոր, առաջատար ուսմունքի կրողներ են, և քանի որ դպրոցում  (նաև Ռ. Շտայների օկուլտ գրվածքներում) շատ է օգտագործվում «քրիստոնեություն» բառը, քրիստոնեական սիմվոլիկան, տպավորություն է ստեղծվում, որ այն չի հակասում քրիստոնեությանը։ Սակայն, բոլոր ավանդական եկեղեցիները փաստում են, որ անտրոպոսոֆիան հակաքրիստոնեական ուսմունք է*:

Հինգերորդ պատճառը.  ազգային ավանդույթների թվացյալ սերմանումն է: Օրինակ, Հայաստանում վալդորֆյան մանկավարժությունն ընտրել է Սասնա Ծռեր ազգային էպոսի տարրերով դաստիարակության ձևը, որը, սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնոգենետիկ հիշողության կառավարման մեխանիզմով սեփական ուսմունքի տեղայնացում, որը կրկին  հօգուտ իրենց է ծառայեցվում:

Հետաքրքրական է, որ Գերմանիայում 30-ական թվականներին մանկավարժները կարծիք հայտնեցին, որ «Վալդորֆյան դպրոցը՝ երեխաների միջոցով միջին խավի ծնողներից, ծառայողներից և հարուստ քաղաքացիներին քրտնաջան աշխատանքով վաստակած գումարները կորզելու մի հնարք է»: (http://wap.active.unoforum.pro/?1-2-15-00000044-000-0-0-1429078860):

Դպրոցն անջատ է եկեղեցուց, բայց անջատ չէ աղանդից

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը` Արեգնազան դպրոցին պետական արտոնագիր տրամադրելուց առաջ 2005թ. դեկտեմբերի 1-ին և հետո արդյո՞ք ուսումնասիրել է Ռ. Շտայների ուսմունքը և վարդորֆյան մանկավարժությունը, ուսումնասիրե՞լ է համաշխարհային փորձը և վերաբերմունքը վալդորֆյան դպրոցների նկատմամբ, և գոնե համապատասխան մասնագետներ չունենալու դեպքում, հրավիրե՞լ է մանկավարժների, հոգեբանների ու աստվածաբանների` անհրաժեշտ եզրակացությունների հանգելու համար։

Ռուս մանկավարժ և փիլիսոփա Վասիլի Զենկովսկին այսպես է բնութագրում վալդորֆյան մանկավարժությունը. «Իր էությամբ վալդորֆյան մանկավարժության անտրոպոսոֆիական հիմքը հակաքրիստոնեական է, դա մարդու մեջ խավարային հոգևորության մասին ուսմունք է» (Зеньковский В., прот. Проблемы воспитания в свете христианской антропологии - http://books.e-heritage.ru/book/10081951):

Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում դպրոցն անջատ է եկեղեցուց, սակայն ապահովագրված չէ աղանդից: Արդյո՞ք վալդորֆյան դպրոցներից որևէ մեկը կուրանա անտրոպոսոֆիայի հիմնադրի՝ Ռուդոլֆ Շտայների հետ իրենց ունեցած գաղափարական կապը:

Հոդվածի վերջում ձեզ ենք ներկայացնում ուղղադավան և բողոքական եկեղեցիների բացասական վերաբերմունքը թե՛ Ռ. Շտայների հանդեպ, թե՛ անտրոպոսոֆիայի, և թե՛ վալդորֆյան դպրոցների:

 

* Die Waldorfschulen und ihr weltanschaulicher Hintergrund - Kiel, 1986. S.3,18.

http://predanie.ru/kuraev-andrey-protodiakon/book/71849-uroki-sektovedeniya-chast-1/

Բանալի բառեր.

Օկուլտիզմ՝ ընդհանուր անվանում հակագիտական միստիկական ուսմունքների, որոնց համաձայն, իբրև թե, գոյություն ունի առանձին խորհրդավոր կապ մարդու և այսպես կոչված անդրշիրիմյան անիմանալի աշխարհի միջև:

Անտրոպոսոֆիա՝ (antropos - մարդ և sofia - իմաստնություն) – գիտություն ոգու մասին, որը ներկայացվում է իբրև ճանաչողության անհատական ճանապարհ, սակայն այդ ճանաչողությունը նույնականացնելով ոչ թե սուբյեկտիվի` իբրև այդպիսինի հետ, այլ` համաշխարհային արարչական նախահիմքի, ըստ որի աշխարհի ճանաչումը նույնականացվում է ինքնաճանաչողության հետ։

Թեոսոֆիա՝ (հին հուն.՝ θεοσοφία — «աստվածային իմաստնություն»), օկուլտ շարժում: Բառի լայն իմաստով՝ միստիկական աստվածաճանաչողություն, Աստծո գործառույթ, որի լույսի ներքո բացվում է ամեն ինչի խորհրդավոր իմացությունը: Թեոսոֆիան` որպես հասկացություն, արմատներով հանգում է գնոստիցիզմին և նեոպլատոնականությանը:

Գնոստիցիզմ ( հունարեն՝ γνωσις (գնոսիս), գիտելիք, իմացություն, ճանաչողություն), կրոնափիլիսոփայական (թեոսոֆիական) համակարգերի ամբողջություն։ Ծագել է I-II դարերի հեթանոսական տարբեր կրոնների ու հույն փիլիսոփաների ուսմունքների խառնուրդից, մուտք է գործել քրիստոնեության մեջ, փորձելով քրիստոնեական ուսմունքը միացնել արևելքի դիցաբանության, հեթանոսության, վաղքրիստոնեական հերետիկոսական վարդապետությունների, հելլենիզմի, պլատոնականության, նորպլատոնականության և նեոպյութագորականության գաղափարների հետ։

Նեոպլանտոնականություն, հայ.՝ նորպլատոնականություն, անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը, ստրկատիրության քայքայման և ֆեոդալիզմի սկզբնավորման դարաշրջանի (III—VI դարերի) իդեալիստական հոսանք։ Նեոպլանտոնականությունը պլատաոնականությանը հաղորդել է միստիկական բնույթ՝ միախառնելով դրան Արիստոտելի, ստոիցիզմի, պյութագորականության և Արևելքի խորհրդապաշտական ուսմունքների մի շարք գաղափարներ։

Միստիկա՝ (հուն.՝ μυστικός-ից թարգմանաբար նշականում է «փակ», «գաղտնի»), հավատ դեպի գերբնական ուժերը, որի հետ մարդը անհասկանալի ձևով կարողանում է կապ հաստատել, ինչպես նաև սրբազան կրոնական գործունեություն, որի նպատակն է Աստծո (կամ աստվածների, ոգիների, այլ աննյութական էությունների) հետ անմիջական միավորման վերապրումը։

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ՑԱՆԿ

Պարգև արքիեպիսկոպոս Մարտիրոսյան, Ես եմ ճանապարհը, Երեւան, 1995։

Շտայներ Ռ., Ազատության փիլիսոփայություն, Ե., 1998:

Бердяев Н. А., Самопознание. М., 1990.

Кудрявцев К. Что такое теософия и Теософическое общество. СПб., 1914.

Штайнер Р., Искусство воспитания. Москва, 1995.

Штайнер Р., Низвержение духов тьмы, Ереван, 2008.

Штайнер Р., Оккультные движения XIX и XX столетий, Ереван, 2005.

Штайнер Р., От Иисуса ко Христу. Калуга, 1994.

Штайнер Р., Трехчленность социального организма: демоны Запада. Ереван, 2011.

Сharlotte Rudolph. Waldorf-Erziehung. Wege zur Versteinerung. - Darmstadt-Neuwied. 1987.

Richard Веrgeron. La legende du grand initie. Jesus dans l'esoterisme. Quebec. 1991

 

http://www.waldorfcritics.org/articles.html

http://www.dissercat.com/content/vospitanie-uchashchikhsya-v-usloviyakh-valdorfskoi-shkoly

http://www.rojdestvo.ru/data/publish_pedag/publish_ped06.shtml

http://iriney.ru/okkultnyie/antroposofiya-/-valdorfskaya-pedagogika/arxiv-soobshhenij-ob-antroposofii/valdorfskoj-pedagogike/valdorfskaya-shkola.html

http://www.sektoved.ru/enciclopedia.php?cat_id=93

http://books.e-heritage.ru/book/10081951

Օգտակար հղումներ

Վարդորֆյան նախակրթարաններն ու դպրոցներն ունեն շուկա գրավելու իրենց մեթոդները: Սակայն հավասարակշռություն պահելու համար նպատակահարմար է ներկայացնել նրանց համակարգի քննադատության մասին խոսող հոդվածներն ու այն տեսությունները, որոնք ունեն հակաեկեղեցական ուղղվածություն.

  1. Վատիկանը 1919 թ. հայտարարությամբ քննադատել է անտրոպոսոֆիան, համաձայն որի անտրոպոսոֆիայի դրույթները չեն համապատասխանում Կաթոլիկ եկեղեցու ուսմունքին (տե՛ս Catholic Culture օնլայն հանրագիտարան՝

https://www.catholicculture.org/culture/library/dictionary/index.cfm?id=31845 )

  1. Կաթոլիկ պաշտոնական դիրքորոշումը Նյու էյջ աղանդավորական ուղղությունների և մասնավորապես՝ անտրոպոսոֆիայի վերաբերյալ.

http://www.vatican.va/roman_curia/pontifical_councils/interelg/documents/rc_pc_interelg_doc_20030203_new-age_en.html 

  1. Կաթոլիկ ֆորումի մասինակիցները, ովքեր բախվել են վալդորֆյան մանկավարժության բացասական կողմերին և պնդում են, որ անտրոպոսոֆիան ու վալդորֆյան մանկավարժությունը հակասում են քրիստոնեությանը.

https://forums.catholic.com/showthread.php?t=285249

  1. Այս գիրքն ամբողջովին Ռ. Շտայների կողմից նեոգնոստիկյան հարձակում է Կաթոլիկ եկեղեցու դեմ, այսինքն՝ Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու ճյուղերից մեկի դեմ, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու մյուս ճյուղերի դեմ ևս.

https://www.amazon.com/Anthroposophy-Catholic-Church-Rudolf-Steiner-ebook/dp/B00IFTJ7WA

  1. Ռ. Շտայների հակակաթոլիկ բանախոսություններից մեկը.

http://wn.rsarchive.org/Lectures/GA198/English/UNK1969/19200603p01.html

  1. Հայտնի անգլիկան աստվածաբան Ք. Ս. Լյուիսն անտրոպոսոֆիան կոչում է «նոր գնոստիկություն»

http://reconditecogitations.blogspot.am/2009/12/great-war-cs-lewis-owen-barfield.html

  1. Հուդայականները ևս զգուշացվում են՝ չտանել իրենց երեխաներին Վալդորֆյան դպրոցներ՝

http://www.waldorfcritics.org/articles/NJP_WhatEveryJewishParent.html

  1. Քննադատական հավաքածու՝

http://www.waldorfcritics.org/

http://www.waldorfcritics.org/articles/Anthro%20Biblio%20(Aust).pdf

  1. Ռուս ուղղափառ հոգևորական և աստվածաբան Անդրեյ Կուրաևի դիտարկումը՝ «Վալդորֆյան մանկավարժություն. պատրաստված է աղանդում» վերնագրով

http://pravbeseda.ru/library/index.php?id=574&page=book#17

  1. Ռուս ուղղափառ միսոներա-ջատագովական կայքում զետեղված՝ հոդվածներ՝

Ա. Արդյոք համատեղելի է Շտայների համակարգը քրիստոնեության հետ http://www.k-istine.ru/sects/steiner/steiner_about.htm

Բ. Քրիստոնեությունը և շտայներականությունը http://www.k-istine.ru/sects/steiner/steiner_bulgakov.htm

Գ. Մի ծնողի անձնական փորձառություն վալդորֆյան դպրոցի մասին http://www.k-istine.ru/sects/steiner/steiner_zavatskai.htm

Դ. Վալդորֆյան մանկավարժության հակաքրիստոնեական բնույթը http://www.k-istine.ru/sects/steiner/steiner_shestun.htm

Ե. Արդյոք կարելի է Ռուդոլֆ Շտայների վալդորֆյան դպրոցները համարել ոչ կրոնական http://www.k-istine.ru/sects/steiner/steiner_dagan.htm

Զ. Վալդորֆյան դպրոցները՝ որպես անտրոպոսոֆիայի դպրոցներ http://www.k-istine.ru/sects/steiner/steiner_pitanov-01.htm

 

Ալմաստ Մուրադյան

 

 

11.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․