Գրքեր

Գյուտ խաչ

«Ապավինեցաք ի խաչ քո Արարիչ յավիտենից, որ ետուր մեզ պահապան յաղթող ընդդեմ թշնամւոյն. աղաչեմք սուավ Փրկիչ պահպանեա զանձինս մեր»:

«Ապավինեցինք Քո Խաչին, ո՜վ Արարիչդ հավիտենության, Դու, որ Քո Խաչը տվեցիր մեզ` իբրև հաղթող-պահապան ընդդեմ թմնամու, աղաչում ենք Քո այդ Խաչով, Փրկի՛չ, պահպանի՛ր մեր անձերը» (Շարակնոց)։

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,

Այսօր մեր Մայր եկեղեցին նշում է Սուրբ Խաչի Գյուտի տոնը, ամենահաղթ նշանի՝ տերունական խաչափայտի գտնվելու տոնը, որ դարերի ընթացքում տեղի է ունեցել երկու անգամ և ուղեկցվել մահվանը հաղթած գործիքին վայել զարմանահրաշ իրադարձություններով: Այսօր նաև մեր եկեղեցում պահվող, Քրիստոսի խաչափայտի մասունքը կրող խաչի ուխտի օրն է, և մաղթանքս է, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրի և ողջ հայ ազգի ուխտն այսօր ընդունելի լինի Բարձրյալի կողմից:

Դեռևս պատերազմ է, սիրելինե՛ր: Մեր հայրենիքն այսօր անցնում է ծանրագույն փորձության միջով, որը միասիրտ ու միակամ դարձած մեր ժողովուրդը հաղթահարում է անասելի քաջությամբ ու հաղթանակած ոգով՝ վստահ առաջ շարժվելով դեպի բաղձալի հաղթանակը: Այլ տարբերակ չկա՛ և չի էլ կարող լինել, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ մեր Տերն ու օգնականը չարի գլուխն իր կրնկի տակ ճզմած, մահն ու դժոխքը խորտակած Ամենազոր Արքան է, որին ապավինում ենք ու փառաբանում ամեն պարագայում: Այլ տարբերակ, քան հաղթանակն է, չկա՛, քանի որ եթե ասում ենք «մայր հայրենիք», «մայր Հայաստան», ապա, որպես զավակ, յուրաքանչյուրիս պարտքն է իր սերը, նվիրվածությունը, պատրաստակամությունը, ուժն ու կարողությունն այսօր բերելու հայրենիքի հաղթության գործին: Մենք՝ որպես հայ քրիստոնյաներ, երկու հայրենիք ունենք. Հայաստանը՝ մեր ծննդյամբ և Երկնային Արքայությունը՝ Մկրտության սուրբ ավազանից վերստին ծնվելով, և մեր կյանքի առաքելությունն է արժանավոր զավակները լինելու սքանչելի Հայաստան աշխարհի և երանելի երկնային Դրախտի: Եվ եթե մենք այսօր տեսանելի պատերազմի մեջ ենք ընդդեմ Հայոց աշխարհի թշնամու, ապա, որպես քրիստոնյա, մեր ողջ կյանքի ընթացքում պատերազմում ենք մարդկության անտեսանելի թշնամու դեմ և երբեք չենք վհատվում կամ ընկրկում, քանի որ մեր ուղեկիցն ու առաջնորդը Հարուցյալ ու Համբարձյալ Քրիստոս է:

«Երկնքի արքայությունը ուժեղներն են հափշտակում» (Մտթ. 11:12), և հաղթանակը ուժեղինն է, սիրելինե՛ր: Խոսքս, առաջին հերթին, հոգու և ոգու կորովի մասին է, քանի որ որքան էլ ֆիզիկական ուժը կարևոր է, այն անզոր է առանց ներքին, հոգևոր ուժի: Հաղթանակը քոնն է, եթե միտքդ, ոգիդ ու կամքդ հաղթական են: Եթե գերագույն նպատակ ունես, որի համար չես խնայում ոչինչ: Եթե արժեքներ ունես, որոնց համար արժե ապրել, պայքարել ու հաղթանակ կերտել: Եթե առ Աստված հավատդ աներեր է, եթե կարողանում ես սրբել արտասուքդ և անգամ ցավի ու տառապանքի մեջ տեսնել Նրա փրկչական սերն ու հոգածությունը քո նկատմամբ: Նայե՛ք մերօրյա զուսպ ու համեստ հերոսներից մեկին՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Նա արցախյան առաջին պատերազմից մնացած արկի պայթյունի հետևանքով մանուկ հասակում կորցրեց տեսողությունը, բայց ոչ կամքի ու հավատի ուժը: Այդ մեծ դժբախտությունը չկոտրեց այս արիասիրտ հայորդուն և չխանգարեց, որպեսզի նա փայլուն կրթություն ստանա, մասնագիտական մեծ նվաճումների հասնի, անգամ բիբլիական Արարատի բարձունքը հաղթահարի և այսօր էլ պատվով կատարի իր առջև դրված խնդիրները: Հերոսական ոգու և անձնական սխրանքի մի փառահեղ օրինակ, որ այսօր պիտի ոգևորի ու առավել գոտեպնդի մեզ:

Սիրելի՛ հավատացյալներ, մարդացյալ Աստված, կատարյալ անմեղ Քրիստոս, արյան քրտինքով պատված մի գիշեր աղոթում էր Հորը, որպեսզի հեռացնի Իրենից տառապանքի այն բաժակը, որ պիտի խմեր Գողգոթայի վրա և աղոթքն ավարտում է այս խոսքով. «…բայց ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի» (Ղուկ. 22:42): Եվ հայ ժողովրդի համար այս դժվարին փորձության պահին, երբ մեր անձնական խաչին գումարվել է նաև ընդհանուր՝ ազգայինը, շատ կարևոր է հիշել, որ առանց Աստծու կամքի, առանց Աստծու թույլտվության ոչինչ տեղի չի ունենում ամբողջ տիեզերքում, ուստի եթե Իր Միածնին մեզ համար զոհաբերած սիրող Հայրը, մեր Փրկիչը թույլ է տալիս, որպեսզի փորձություններ պատահեն մեզ, ապա վստահ է, որ դրանից օգուտ ենք ստանալու և Իրեն ապավինելով՝ հաղթանակած ենք դուրս գալու այն ելքով, որը պատրաստել է մեզ համար: Սա շատ կարևոր է հիշել ու ամրանալ հավատի մեջ, երբ չարն ամեն կերպ փորձում է ստի ու կեղծ ներշնչանքի միջոցով խուճապի մատնել մեզ, վախեցնել ու խարխլել մեր հավատը: Դրդում է տրտնջալու, հուսահատվելու և գանգատվելու Աստծուց, որը մեծագույն մեղք է, և թող Աստված մեզ հեռու պահի դրանից:

Կրկին ու կրկին հայացքներդ հառեք խաչյալ Որդու ոտքերի մոտ կանգնած Աստվածածնին, սիրելինե՛ր. նա լուռ լալիս էր միայն՝ առանց անիծելու, գանգատվելու ու վհատվելու: Այդպիսին է ճշմարիտ ու կենդանի հավատը, ամեն իրավիճակում Աստծու սուրբ կամքին ապավինող, Երկնային Հորն աներկբայորեն վստահող հավատը: Եվ ինչպես մի հոգևորական է գրում. «Իրական հավատն այն է, երբ ցավ ես ապրում, սակայն հույսդ չես կտրում, չես վախենում և չես դադարում Աստծուն փառաբանելուց՝ ասելով. «Քեզ խաչված եմ տեսնում, սակայն երկրպագում ու ծառայում եմ Քեզ»: Եվ ասում է, որ սքանչելի է այդ հավատը, երբ խաչի առջև կանգնած ոչ թե ծովի ջրերի վրայով քայլող Քրիստոսին ենք տեսնում, կամ հինգ հազարին հրաշքով կերակրող Քրիստոսին, կամ Թաբոր լեռան վրա Նրա պայծառակերպության աստվածային լույսը, այլ չարչարյալ, տառապյալ ու խաչյալ Քրիստոսին, և շարունակում ենք Նրան սիրել…

Այո՛, մենք պաշտում ենք խոնարհության մարմնացում խաչյալ Քրիստոսին, որովհետև այդ խաչը դարձավ մեր փրկության գործիքն ու Նրա փառքը: Մենք պաշտում ենք խաչյալ Քրիստոսին և ձգտում պատվով կրել մեր բաժին խաչը, հավատարիմ մնալ մեր կոչմանն ու հաղթանակած դուրս գալ մեզ բաժին հասած պատերազմից, որովհետև տեսել ենք Նրա հաղթությունը՝ հարությունն ու համբարձումը, և հավատում ենք, որ պիտի ողորմություն գտնենք մեր Տիրոջից ու Փրկչից՝ մուտք գործելու Նրա հավիտենական Արքայությունը (հմմտ. Բ Պետ. 1:10-11):

Այսօր դեռ պատերազմ է, սիրելինե՛ր, ծանր ու դաժան մի փորձություն՝ ցավով և կորուստներով լի, և մենք ամեն օր աղաչում ենք Ամենակալին, որպեսզի ողորմի մեզ ու մխիթարի բոլոր վշտացյալներին: Պատերազմն անասելի չարիք է, որի համեմատությամբ մյուս բոլոր վշտերն ու փորձությունները չնչին ու հեշտ հաղթահարելի են դառնում: Պատերազմը խավարի ծնունդ է, բայց Աստված ամենազոր ու ամենակալ չէր լինի, եթե անգամ այդ չարիքից բարիք չստեղծեր: Եթե մի պահ մի կողմ դնենք կոկորդը խեղդող հույզերն ու հոգու աչքերով նայենք, թե այսօր ինչ է կատարվում մեր երկրում ու սփյուռքում, ապա կտեսնենք, որ ողջ հայ ժողովուրդը դարձել է «սիրի՛ր ընկերոջդ ինչպես քո անձը» պատվիրանի ջերմեռանդ կատարողը՝ հայոց հաղթանակն իրենց արյունով կերտող առյուծ տղերքից սկսյալ մինչև զօրուգիշեր ցույցերով օտարին գործելու մղող մեր հայրենակիցները ողջ աշխարհում: Ամեն ոք լծված է մյուսին օգնելու, սատարելու, հայրենիքը պաշտպանելու սրբազան գործին: Այսօր ողջ հայությունը մի մարդու պես կյանքի է կոչում այրի կնոջ լումայի առակը. թոշակառուն իր թոշակն ու ողջ կյանքում խնայած գումարն է գցում հայրենիքի գանձանակը, երիտասարդներն իրենց կյանքն ու արյունն են տալիս, երեխաները գումար են հավաքում ոչ թե քաղցրավենիք կամ խաղալիք գնելու, այլ հայրենիքին օգնելու համար: Մեկն իր տունն ու ունեցածն է կիսում, մյուսը հոգու ուժերը տալիս՝ գիշերուզօր աղոթելով, երրորդը միտքն ու ֆիզիկական կարողություններն է դնում հայրենիքի զոհասեղանին և սա իսկապես ցնցող է, սիրելի՛ հավատացյալներ: Մի ողջ ազգ ապաշխարության ուղին է բռնել, ինչի համար փա՜ռք և գոհությո՜ւն Ամենակալին: Թող որ Տիրոջ առջև ընդունելի լինի մեր ազգի թեև ուշ, բայց ոչ ուշացած ապաշխարությունը: Թող որ այսուհետ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը որդեգրի ճշմարիտ քրիստոնեավայել ընթացքը, որպեսզի պատերազմներն ու արհավիրքները չհարկադրեն այդ անելու: Ես հավատում եմ, որ այսօր Երկինքը առանձնահատուկ սիրով ու գորովանքով է նայում Հայոց աշխարհին, և չի ուշացնում իր օգնությունը: Այսօր մեր ազգի առաջին հայրապետ սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես են իր ցանած սերմերն առատորեն պտղաբերում հայ ժողովրդի հոգում: Եվ թեև այսօր մեր խաչի ճանապարհի դժվարագույն հատվածում ենք գտնվում, սիրելինե՛ր, ես հավատում եմ ու վստահ եմ, որ մոտալուտ հաղթանակը մերն է, քանի որ մեր առյուծասիրտ զինվորի բազուկը զորացնողը, օգնության կարող բարեկամի սիրտը կակղեցնողը, թշնամու նենգ ծրագրերը խափանողն ու հարձակումը խորտակողը Զորությունների Տերն է՝ Խաչյալ ու Հարուցյալ Քրիստոսը:

Եվ խոսքս ուզում եմ ամրապնդել Հայ եկեղեցու սրբազան ավանդության մեջ հիշատակվող մի ավետիսով, որ տրվեց ի պատասխան սուրբ Գրիգոր Լուսավորչի թախանձագին աղոթքի. «Գրիգո՛ր Լուսավորիչ՝ հայ ազգի ու Հայաստանի սուրբ հայրապետ, Աստված լսեց քո խնդիրքը և իմ բերանով հայտնում եմ քեզ յուր կամքը՝ հայ ազգը երբեք չպետք է ջնջվի աշխարհիս երեսից, նա, իրավ է, շատ չարչարանք պիտի տեսնի, շատ նեղություն պետք է քաշի, շատ արյուն ու արտասուք պետք է թափի, բայց չպետք է ջնջվի: Ազգերը պետք է գան ու գնան, մինչ հայը յուր Աստծով ու քո անունով, յուր իջման տեղով, յուր խաչով, ժամով ու պատարագով անսասան պիտի մնա իբրև առաջին քրիստոնյա ազգ: Շատերը պետք է գան, երկպառակություն պետք է անեն, եղբորը եղբորից բաժանեն, բայց չարերը պետք է խափանվեն, աշխարհիս բոլոր կողմերը ցրված հայերը քո անունով պետք է միանան, իրենց հավատքն ու սուրբ կարգերը պետք է պահեն, և այդ բոլորը պետք է լինի: Ահա քեզ նշան, քո թափած արտասուքը լցված է մի կանթեղի մեջ, որ առանց շղթայի կախված է երկնքից: Կանթեղն անպատրույգ կվառվի երկնքի ու երկրի մեջտեղում: Դա է հայի ճրագը: Քանի այն վառ կմնա, այնքան ժամանակ հաստատ կլինի հայ ազգը և հայի Մայր Աթոռը: Այդ կանթեղը տեսանելի կլինի միայն հայերին, իսկ հայերից էլ՝ միայն արժանավորներին». ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

25.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․