Գրքեր

Հաղթանակի նվիրական օրը

Հինանց՝ հաղթանակի և պայքարի խորհրդանիշը կրող Կարմիր կիրակիին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, մայիսի 9-ին՝ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի օրը, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Հաղթանակի նվիրական օրն ուխտավորների համար սկսվեց աղոթքով: Ուխտավորները Քրիստոսի հարության խորհուրդը կրող Արևագալի ժամերգության երգերով, քարոզներով և աղոթքներով խնդրեցին Սուրբ Հոգուն, որ զգալի արեգակի ծագելու հետ, լուսավորի իրենց հոգին իմանալի արեգակի՝ Քրիստոսի լույսով: Ճանապարհին նրանք առաքինությունների վերաբերյալ զրույց ունեցան, որի ընթացքում Վաչագան սարկավագը մատնանշեց, որ առաքինությունների աղբյուրը Աստված է, իսկ առաքինություններից զուրկ լինելը հատուկ է չարին, և առաքինի անձը ոչ թե դիմացինին, այլ իրեն է բարիք գործում ՝ փաստելով իր պատկանելությունն Աստծուն:

Քրիստոսի արյունով ծաղկած և հաստատված եկեղեցին քրիստոնյայի համար հավատի ամրոց է, ուր Քրիստոսով զորացած անձը կարողանում է քաջաբար պայքարել մեղքի դեմ՝ չտկարանալով իր առաքելության մեջ: Առաջին սրբավայրը, ուր Տիրոջով զորացան ուխտավորները, Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցին էր (13-րդ դար), որտեղ էլ նրանք մասնակից եղան Ս. Պատարագի՝ Արագածոտնի թեմի Տեղերի, Աղձքի, Օրգովի, Բյուրականի և Անտառուտ համայնքների հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի մատուցմամբ: Ս. Պատարագի ավարտին Տեր Հայրը ողջունեց ուխտավորներին, շնորհավորեց Հաղթանակի օրվա կապակցությամբ, և ներկաները միասնական աղոթք վերառաքեցին առ Տեր՝ Հայոց և Արցախ աշխարհների խաղաղության համար:

Սիրո ճաշից հետո ուխտավորները միասնական աղոթք ունեցան նաև Ս. Հովհաննես մատուռում, ապա ուղևորվեցին Աղձք, ուր այցելեցին Արշակունյաց թագավորների դամբարան (4-րդ դար) և հարևանությամբ գտնվող խոնարհված սրբավայր, որ հիմքերն են միայն մնացել:

Հաղթանակի օրը քրիստոնյայի համար նշանավորվում է նաև կյանքի հաղթանակով. որևէ հաղթանակ ենթադրում է պայքար. իսկ քրիստոնյայի համար Քրիստոսով հաղթանակը ենթադրում է մեղքի դեմ պայքար: Պողոս առաքյալը մեղքի դեմ պայքարողներին ոգևորում է՝ իր օրինակը վկայակոչելով. «Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը: Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն» (Բ Տիմոթ. 4:7-9):

 

Կարինե Սուգիկյան

09.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․