Գրքեր

Հաջողության գաղտնիքը

Մի բրուտ, ինքն իր կյանքից դժգոհելով, գալիս է դարբնի մոտ ու հարցնում.

- Ամեն մեկս մեր գործի մեջ կատարյալ ենք, բայց ինչի՞մեջ է քո հաջողության գաղտնիքը. քեզ մոտ բազմաթիվ գնորդներ են գալիս, իսկ ինձ մոտ` շատ քիչ:

Դարբինը պատասխանում է.

- Երբ որևէ իր եմ պատրաստում և այն լավ չի ստացվում, կրկին վերցնում եմ այդ երկաթը, շիկացնում ու մուրճի բազմաթիվ հարվածներով սխալն ուղղում կամ էլ այդ երկաթից նոր իր եմ պատրաստում: Իսկ դու, երբ կավը ձեռքիցդ ընկնում է, կամ պատրաստած իրը լավ չի ստացվում, մի կողմ ես շպրտում և նոր կավ ես վերցնում պատրաստելու համար, իսկ երբ այդ ափսեն կամ կուժը լավ չի ստացվում, կոտրում ես ու մի կողմ գցում ու փորձում նորը պատրաստել: Դրա համար էլ շատ քիչ իրեր ես պատրաստի ունենում, ուստի շատ քիչ գնորդներ ես ունենում:

Այս առակի հոգևոր իմաստներից մեկն այն է.

Երբ մարդ մեղք է գործում, սատանան, երբեմն, մարդուն ցույց է տալիս այդ մեղքը և կատարած այդ արարքի Աստծուն ոչ հաճելի աստիճանը: Նա բացահայտում է ճշմարտությունը, բայց երբեք ճշմարտությունն ամբողջությամբ չի ասում... այս կերպով մարդուն ցույց տալով, որ մարդ անարժան է ունենալ Աստծո ներկայությունը և անխուսափելիորեն արժանի է պատժի ու մահվան: Աշխատում է մարդուն տանել հուսահատության, նույնիսկ ինքնասպանության... Այս գործելակերպը նման է առակի բրուտի գործելակերպին:

Երբ մարդ մեղք է գործում, Սբ. Հոգին ցույց է տալիս այդ մեղքը և կատարած այդ արարքի Աստծուն ոչ հաճելի աստիճանը (թեև մարդու տարբեր հոգեվիճակներում տարբեր կերպ է մոտենում այս հարցին): Սբ. Հոգին բացահայտում է ճշմարտությունը, բայց միշտ ճշմարտությունն ամբողջությամբ է ասում` ցույց տալով մարդու մեղքը, սակայն միևնույն ժամանակ ցույց տալով նաև փրկության ուղին Հիսուս Քրիստոսի միջոցով: Աշխատում է մարդուն տանել դեպի Քրիստոս, Աստծո Սերը: Եվ հաճախ էլ, երբ մարդ սխալվում է, Աստված, այդ սխալները վերցնելով, նորովի է կերտում մարդու հոգևոր էությունը, կամ էլ տարբեր ճանապարհներով ուղղում այդ սխալները: Այս գործելակերպը նման է առակի դարբնի գործելակերպին:

Ահա, թե ինչպես կարող ենք տարբերել մեր հոգում հնչող հոգևոր խրատները, պատգամները` արդյոք դա սատանայի ձայնն է, թե Սուրբ Հոգու...

 

Հովհաննես Մանուկյան

08.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․