Գրքեր

Համայնքի կողմից խրախուսվեց հայրենիքի նվիրյալ պաշտպանը

«Մանավանդ երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծո խոսքը և գործադրում այն» (Ղուկաս 11:28): Ճշմարիտ երանությունը, Փրկչի խոսքի համաձայն, կայանում է Աստծո խոսքը լսելու և գործադրելու մեջ: Առաջին դարից առ այսօր ճշմարիտ երանության ուրախությունն են ապրում Քրիստոսի Մարմինը կազմած եկեղեցական համայնքները: Հոգևոր ընտանիք կազմած համայնքի անդամներն այդ երանության ուրախարար պտուղները նախ վայելում են իրենց ընտանիքում՝ համայնքում՝ միմյանց նկատամբ ցուցաբերած իրենց ուշադրությամբ և հոգածությամբ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին ևս իր համայնքային կյանքով և գործունեությամբ մասնակից է դառնում ճշմարիտ երանությունից բխող այդ մնայուն ուրախությանը:

Մայիսի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասին և համայնքին ուրախություն էր պատճառել համայնքի երիտասարդ անդամ, ժամկետային զինծառայող Մարտիրոսյան Սահակի (19 տ.) այցը եկեղեցի: Ուրախությունը երկուստեք էր. Սահակն ընտանիքին տեսնելուց հետո, շտապել էր այցելել նաև իր հարազատ եկեղեցին: ԼՂՀ պաշտապանության բանակը, լավագույն ծառայության դիմաց որպես խրախուսում, Սահակին վեցօրյա հանգիստ էր տվել: Համայնքը ևս խրախուսեց իր երիտասարդ անդամին. եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սահակին փոխանցեց համայնքի անդամ Անուշ Նազարյանի կողմից տրամադրված գումարը (100 ԱՄՆ դոլար): «Ուրախության և հպարտության զգացումով ենք լցվում, տեսնելով մեր ընտանիքներից և եկեղեցուց ներս հայրենասիրական ոգով դաստիարակված մեր քաջարի տղաներին, ովքեր անձնվեր ծառայասիրությամբ լծված են հայրենիքի պաշտպանության սուրբ և նվիրական գործին»,- ասաց Տեր Հայրը: Մարտիրոսյան ընտանիքը բնակվում է Հակոբյանց 57/3 հասցեում, Սահակի հայրը հինգ տարի առաջ է մահացել, մայրը՝ Սվետլանա Մկրտչյանը (59 տ.), 2-րդ խմբի հաշմանդամություն ունի և անաշխատունակ է, ընտանիքում միակ աշխատողը Սահակի քույրն է: Տեր Գրիգորը, համայնքի անդամներն ու Սահակը միմյանց շնորհակալություն հայտնեցին: Եվ բոլորի մաղթանքն էր, որ Աստծո Աջը հովանի և պահապան լինի հայրենիքի նվիրյալ պաշտպաններին:

 

Կարինե Սուգիկյան

24.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․