Գրքեր

Հարության հույսով ապրող քրիստոնյայի ընթացքը

Հաճախ մարդը, խորհելով իր կյանքի նպատակի և իմաստի մասին, փորձում է փնտրել ու գտնել իր գոյության իմաստը, բայց դժվարանում է, քանի որ իր հարցի պատասխանը փնտրում է միայն արտաքին կյանքում: Այնինչ քրիստոնյան, ով կրում է Քրիստոսի անունը, Տիրոջ Հարությամբ լուսավորված բացահայտում է իր կյանքի նպատակը՝ որպես ուղենիշ ունենալով Քրիստոսի ի լուր աշխարհին հնչեցրած խոսքերը՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհ. 14:5-6) և «Ես եմ հարությունը և կյանքը: Ով որ հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի: Իսկ ով որ ողջ է և հավատում է Ինձ, երբեք չի մեռնի» (Հովհ. 11:25):

Հարության հույսով ապրող քրիստոնյան, հավատով, հույսով և սիրով կրելով իր խաչը, ընթանում է դեպի Քրիստոս տանող նեղ ճանապարհով և Տիրոջով զորանալով ու մխիթարվելով՝ միաժամանակ ուրախակից և ցավակից է դառնում ի Քրիստոս իր եղբայրներին և քույրերին: «Օրհնյա՜լ լինի Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հայրաբար գթում է և որպես Աստված մխիթարում և զորացնում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք Աստծուց մեր վայելած օգնությունն ու մխիթարությունը տալ նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան ավելի մեծ կլինի Նրա օգնությունն ու մխիթարությունը»,- ասել է Պողոս առաքյալը (Բ Կորնթ. 1:3-6):

Հինանց՝ Քրիստոսի Հարությանը նվիրված շրջանում՝ մայիսի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, հերթական անգամ աջակցեց այս տարի իր մայրիկին կորցրած Հատուկ Օլիմպիադայի աշխարհի խաղերի լողի երկակի չեմպիոն Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին: Տեր Հայրը արև Տիգրանին փոխանցեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ փոխանցել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել: Տիգրանն իր շնորհակալությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

07.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․