Գրքեր

Հատուցեք յուրաքանչյուրին իրենց պարտքերը

- Հա՛յր, երբ մենք ինչ-որ բան ենք գնում վանքի համար, որոշ վաճառողներ հրաժարվում են ապրանքագիր դուրս գրել*: Ի՞նչ է պետք անել նման դեպքերում:

- Նրանք միշտ պետք է ապրանքագիր տան, սակայն, բացի այդ, ինքներդ էլ պետք է սահմանափակեք ձեր կարիքները: Սահմանափակվեք անհրաժեշտ բաներով, ավելորդ շինարարություն ու վերանորոգում մի սկսեք: Ես ձեր փոխարեն հենց այդպես կվարվեի: Իսկ ինչ որ պետք է՝ Աստված կուղարկի: Եթե մենք՝ վանականներս, ենք խնդրում, որպեսզի հաշիվ չգրեն, ապա դրանով ուրիշներին էլ ենք դրդում մեղք գործել, որոնք ասում են. «Դե, եթե վանքերն էլ են իրենց այդպես պահում…»: Գիտե՞ք, թե մենք, որ ձգտում ենք Աստծո պատվիրանները կատարել, ինչպես ենք գայթակղում ուրիշներին, եթե մեզ նման կերպ ենք պահում: «Հատուցեք յուրաքանչյուրին իրենց պարտքերը»,- ասում է Սուրբ Գիրքը: Երբ նամակը որևէ մեկի հետ եմ ուղարկում, այլ ոչ թե՝ փոստով, միևնույն է դրոշմանիշ եմ փակցնում ծրարի վրա: Աշխարհիկ մարդիկ արդարացումներ են գտնում իրենց համար նման դեպքերում, սակայն, եթե վանքերն էլ են իրենց նման կերպ դրսևորում, ապա դա նրանց կեղծավորության մասին է խոսում և այն բանի, որ Ավետարանը հետին պլան է մղվել նրանց մոտ: Նյութականը, իրեղենը չտալով (ինչպես Ավետարանն է պատվիրում. «Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող» (Մտթ. 5:40)), մենք վատ քարոզ ենք անում, և աշխարհիկ մարդիկ դրանով են արդարացնում իրենց անկումը, իրենց խիղճը հանգստացնելու համար փորձում են արդարացում գտնել: Մենք պետք է զգոն լինենք, որովհետև Ահեղ Դատաստանի օրն արդարացում չենք ունենալու: Մեր նպատակը, գլխավորապես, հոգևոր օգուտ ստանալն է, այլ ոչ միայն՝ նյութական: Եվ եթե ինչ-ինչ պատճառով ձեզ ապրանքագիր չեն տալիս, ապա պետք է համարեք, որ հոգևոր վնաս եք կրել:

- Հա՛յր երբեմն էլ պատահում է, որ մարդը մի փոքր գումար է նվիրաբերում վանքին և խնդրում է իրեն այնպիսի ստացական տալ, որում ավելի մեծ գումար է նշված: Ի՞նչ անել նման դեպքերում:

- Նրան ասացեք. «Ավելի մեծ գումարով ստացական չենք տալիս: Եթե չեք ուզում, ապա կարող ենք ետ վերադարձնել ձեր գումարը, հնարավոր է մի այլ տեղ կատարեն Ձեր ցանկությունը»: Չվարակվե՛ք նման հիվանդությամբ:

- Հա՛յր, մեր վարպետներից մեկը խնդրեց ազատել իրեն աշխատանքից, որպեսզի կարողանա աշխատազուրկների կենտրոնից նպաստ ստանալ, իսկ հետո կրկին մեզ մոտ աշխատանքի ընդունվել:

- Ո՛չ, եղբա՛յր, այդպես չի՛ լինի: Եթե մարդ գոնե մի քիչ խիղճ ունի, ապա նման բան չի անի: Վայել չէ վանքում նման բաներով զբաղվել: Չնայած վանքում ավել գումարներ չկան, բայց ավելի լավ է նրան կրկնակի վճարել՝ միայն թե նման խարդախությունների չդիմի, քանի որ դա ծանր մեղք է: Օրհնությունն օրհնություն է բերում, իսկ կեղծիքը՝ կործանում: Այս առումով շատ ուշադիր եղեք: Եվ մի սակարկեք վանքում աշխատողների հետ, որովհետև դրանից հետո հրդեհներ ու ավերածությունն են լինում վանքերում:

Պետական ծառայողը երդվում է ազնվությամբ կատարել իր պարտականությունները**: Մենք՝ վանականներս, այդպիսի երդում չենք տալիս, այլ՝ կրկնակի մեծ. մենք հոգևոր ուխտ ենք կապում և եթե խախտում ենք այն, ապա մեր մեղքը կրկնակի է լինում: Փորձեք հավասարակշռությունը պահել, ինչ-որ այլ կարգի (ոչ աշխարհիկ) բան պահպանել վանականության մեջ: Ես տեսնում եմ, թե ինչպես է թարախապալարը հասունանում: Այն կպայթի, կմաքրվի: Հոգևոր ոչ ճիշտ վիճակում գտնվողներին Աստված Իր օրհնությունը չի տալիս, այլապես՝ սատանային օգնած կլիներ: Աշխատեք անկեղծ ու ազնիվ լինել: Այն, ինչ հիմա է կատարվում՝ նման է հարբած մարդու վիճակին, ով հազիվ է ոտքի վրա կանգնում: Մի՞թե դա կարող է երկար շարունակվել: Աստծո ցասումը կթափվի: Մենք քննություն պետք է հանձնենք: «Առաջին փուլում» պղինձը ոսկուց կանջատվի, երկրորդում կերևա, թե մեզանից յուրաքանչյուրի մեջ ինչ հարգի ոսկի կա:

Աշխարհը խաբեբա է դարձել: Մարդիկ ստախոս են դառնում, նրանք մեկ այլ խիղճ են հորինում իրենց համար: Բայց ես չեմ կարող ստախոս դառնալ, չեմ կարող իմ «ես»-ը հասարակության պահանջով փոխել: Ավելի լավ է տառապեմ: Այդ աշխարհիկ հունի մեջ չընկնելու համար աչալրջություն է պահանջվում: Սակայն այժմյան տնտեսական համակարգը բացարձակորեն չի նպաստում, որպեսզի մարդիկ ազնիվ լինեն: Նրանք ստիպված են հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվություններում նվազեցնել իրենց եկամուտները և նման այլ մեքենայությունների դիմել: Մի անգամ նախատեցի իմ ծանոթ հարկային տեսուչներին, որ հավատացյալ մարդիկ էին: «Այս ի՞նչ եք անում,- ասացի,- գոնե մի փոքր թթխմոր պահպանեք: Գիտե՞ք, թե որքան մարդիկ են բողոքում ձեզանից: Մարդը հարկային տեսչություն է գալիս ու ասում. «Եկամուտս մեկ միլիոն է», իսկ հարկային տեսուչը գրում է երեք միլիոն: Որոշ մարդիկ իրենց եկամուտի միայն մեկ երրորդն են հայտարարագրում և հարկային տեսուչները մյուսներին էլ են խաբեբա համարում, և բոլորին նույն արշինով են չափում: Սակայն, եթե ձեզ մոտ խիղճ ունեցող մեկը գա, նրա վրա երեք անգամ ավելի հարկ դնելով՝ նրան ստիպում եք գող դառնալ: Այսինքն ընդհանուր դրության վրա լավագույնս ազդել փորձելու փոխարեն՝ դուք ճիշտ հակառակն եք անում»: Ի պատասխան նրանք ասացին, որ չեն տարբերում, թե երբ են իրենց ճշմարտությունն ասում և երբ՝ ոչ: «Դուք կկարողանաք դա տարբերել, երբ սկսեք հոգևոր կյանքով ապրել: Այդ ժամանակ կկարողանաք ճշմարտությունը կեղծիքից տարբերել: Աստված կհայտնի ձեզ և դա ձեզ համար հասկանալի կդառնա,- ասացի ես»:

 

* Ապրանքագիր չգրելով՝ առևտրականներն իրականացված առևտրային գործարքները թաքցնում են հարկային մարմիններից և գնորդը չի վճարում սահմանված հարկը, որը շատ բարձր է Հունաստանում (ապրանքի արժեքի մինչև 25%-ը):

** Հունաստանում պետական ծառայողները երդում են տալիս իրենց պարտականությունները ազնվորեն կատարել:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

08.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․