Գրքեր

Հավատք

«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ,  Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2):

Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր ներկայացուցիչներին՝ վերին աստիճանից սկսած մինչև առաջին աստիճանը:

Տերը նրանց պատվիրում է, որ խոսեն համաձայն Եսայի մարգարեին ուղղված պատգամի: Իսկ ժողովրդին մխիթարելու կարիք կա, «որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ»:

Եվ իսկապես, Աստծու ժողովուրդը հոգևոր մխիթարության կարիք ունի, ու դա ոչ միայն այն բանի համար, որ աշխարհի բնական ու ամենօրյա փորձություններն ու բնական և անխուսափելի գայթակղությունները մշտապես առիթ ու պատճառ են դառնում, որ ժողովրդի միտքն ու սիրտը հարաժամ տագնապի աշխարհային պես-պես հոգսերով ու ցանկություններով, այլև քանի որ մարդկությունն անհուն ու հեղհեղուկ ծովի նման տարուբերվում է այս ու այն կողմ, երբեմն՝ դեպի աջ, երբեմն՝ դեպի ձախ:

Մանավանդ, որ Աստծու ժողովուրդը, մոռանալով կամ անտեսելով աստվածային սուրբ օրենքներն ու պատվերները, իր իսկ ազատ կամքով և հոժարությամբ մշտապես մեղանչում է ու սատանայի սադրանքներին և բազմահնար մեքենայություններին ու վնասակար թելադրանքներին անսալով՝ միտվում ու ջանքեր են գործադրում չարն իրագործելու համար, ինչի հետևանքով էլ մարդիկ սաստկապես տագնապում են՝ հոգեկան զանազան վշտակրությունների ու տառապանքների ենթարկվելով:

Այդ ամենից զերծ մնալու, խղճի ու մտքի անդորրություն և խաղաղություն վայելելու համար Աստծու ժողովուրդը կարիք ունի Ավետարանի սպասավորների հանապազօրյա, հոգեշահ խրատների և քարոզների, Աստծու կողմից ներշնչված առաքելական ու մարգարեական պատգամների մշտակա և անդադար ունկնդրության ու ուսուցման:

Այս իսկ պատճառով էլ, ահավասիկ, Աստված մարգարեի շուրթերով մխիթարության կոչումը հանձնում է Եկեղեցու սպասավորներին, որոնց ուսերին մեծ պատասխանատվություն է ծանրանում՝ համաձայն առաքյալի խոսքի, թե. «Վա՜յ է ինձ, եթե չավետարանեմ» (Ա Կորնթ. 9։16):

Ուրեմն վա՜յ այն սպասավորներին, որոնք չեն կատարի իրենց այդ նվիրական ու առաջնակարգ պարտականությունը՝ խոսելու, քարոզելու, մխիթարելու և սփոփելու, մեկ խոսքով ասած՝ Աստծու սեփական ժողովրդին ավետարանելու Հիսուսի փրկավետ և հրաշապատում Մատյանի՝ Ավետարանի երկնախոս պատգամների կենսաբեր ու կազդուրիչ վարդապետությունները:

Վա՜յ նրանց, եթե ժողովրդին ցույց չտան հավատքի միակ ու քաջ Առաջնորդի երկնագնաց և լուսաշավիղ ուղին, որով ընթանալով միայն Աստծու ժողովուրդը կարող կլինի հաղթահարել մարմնի, աշխարհի ու սատանայի պես-պես և բազմօրինակ փորձություններն ու որոգայթները:

Վա՜յ նրանց, եթե մատնացույց չանեն Հիսուսի սահմանած ու ընթացած, դեպի վեր ձգվող՝ Խաչի այն ճանապարհը, որո՛վ միայն քրիստոնյան կարող է բարձրանալ Երկինք՝ անդրշիրիմյան խաղաղ ու երջանկավետ կյանքի հանդարտ և անալեկոծ նավահանգիստը, դեպի ուր սիրահոժար և մտադրված ընթացել են առաքինի մարդկանց բոլոր դասերը՝ բարի պատերազմում մեղքի դեմ քաջապես մարտնչելուց հետո արիաբար անխախտ պահելով ավետարանական անսխալ վարդապետության վճիտ ու պայծառ հավատքը, որով և Զորությունների Տիրոջ ձեռքից ընդունել են հաղթանակի պսակը՝ որպես վարձատրություն իրենց լուսավոր հավատքի ու բազմապիսի ճգնությունների և առաքինի գործերի համար:

Այո՛, եղբայրնե՛ր, Աստծու ժողովուրդը պետք է պատերազմի այս ապիրատ, կարիքի մեջ գտնվող ու անցավոր աշխարհում և պետք է պատերազմի ընդդեմ երեք զորավոր թշնամիների, որոնք են՝ մարմինը, աշխարհն ու սատանան:

Այս պատերազմից հաղթականորեն դուրս գալու միակ միջոցն ու անխորտակելի զենքը Խաչի հավատքն է, հավատքը Խաչյալի հանդեպ, հավատքը միակ Փրկչի՝ Հիսուսի հանդեպ, առանց որի փրկություն չկա:

Չէ՞ որ առանց Խաչի փշոտ ու դժվարակոխ ճանապարհին ոտք դնելու հանձնառությունը ստանձնելու, առանց Խաչյալի հանդեպ անսասան ու անքակտելի հավատք և Աստծու հանդեպ հավիտենական, անկեղծ սեր ունենալու՝ փրկություն լինել չի կարող:

Առանց այդ ամենի չի կարող գոյություն ունենալ նաև հաղթություն ընդդեմ մեծագույն թշնամիների՝ մարմնի, աշխարհի ու սատանայի: Իսկապես, հարկ է ասել և հիշեցնել, որ հավատացյալը մեծ դժվարությամբ միայն կարող է մուտք գործել երկնային հանգստի մեջ, որում իսպառ բացակայում են և որից հավիտենապես վտարված են տառապանքն ու ցավերը, վիշտը և նեղությունները, հոգսերն ու աշխարհի տվայտանքները, ա՛յն աշխարհի, որում տառապած մարդկությունը, մանավանդ՝ ճշմարիտ քրիստոնյա հավատացյալը մշտապես կրողն է եղել ալեծուփ հորձանքների ու բազմատեսակ վշտերի և նեղությունների, քանի որ համաձայն մարգարեի բացատրության՝ «լի է եղել տառապանքով»:

Հիշեցե՛ք, եղբայրնե՛ր, հիշեցե՛ք, որ Պետրոսը՝ հավատքի «վեմ» կոչեցյալը, խիզախ ու ջերմ սիրո տեր այդ Բեթսայիդացին, որ Հիսուսի աշակերտն էր, ամենքից շատ դժվարությունների ու փորձությունների հանդիպեց:

Մերթ Տիբերական ծովում, երբ ծովի ալեկոծված ջրերի վրայով ցանկացավ քայլելով Փրկչի մոտ գնալ ու տատանվեց, մերթ Թաբոր սուրբ լեռան վրա, երբ կարծեց, որ առանց աշխարհային փորձությունները հաղթահարելու և առանց Գողգոթայի բարձունքին վեր խոյացող քառանկյուն Խաչի զոհասեղանի դժնդակ ու սարսռազդու վշտակրության բովի և զոհարանի միջով անցնելու՝ իր, իր ընկերների ու համայն մարդկության համար հնարավոր էր վայելել կամ լիաշուրթ ըմբոշխնել երկնային անճառելի խնդությունների և երանությունների զեղուն բաժակը...

Պետրոսը չկարողացավ ըմպել այդ բաժակը և հույժ տագնապեց ու տառապեց, երբ մեր Տիրոջ տիեզերասարսափ մատնության ահավոր գիշերվա ընթացքում ուրացավ իր ամենողորմ և բազմագութ Տիրոջն ու Վարդապետին:

Սակայն գթության անսպառ աղբյուրը՝ Հիսուսի ամենագորով սրտի սերը, Նրա պաղատագին հայացքն ու երկնավոր Հորն ուղղված աղաչանքը թույլ չտվեցին, որ իսպառ վերանային այդ մեծ առաքյալի, հավատքի «վեմ» կոչված Պետրոսի հավատքն ու ջերմագին սերը, որոնք որպես երկու անխորտակելի թիակներ ու բազկապաններ օգնում էին անցնել այս կյանքի հարաժամ ծփացող, ալեկոծված ծովի ամեհի ծփանքների և ահեղամռունչ կոհակների վրայով՝ անվտանգ ընթանալով դեպի հավիտենական կյանքի խաղաղ նավահանգիստը:

Հավատքն ու սերը անհրաժեշտ տարրեր են հավատացյալ քրիստոնյայի հոգու և մարմնի աստվածակերտ նավակի համար, դրանք երկու անդրդվելի ու հաստատուն սյուներ են «Աստծու տաճար» և «Աստծու տուն» կոչվող քրիստոնյաներիս համար, սյունե՛ր, որոնց վրա մշտապես պիտի կանգուն լինի քրիստոնեական Եկեղեցու շինությունն ու բարոյական մարմինը:

«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք, որովհետև նա լի է տառապանքով»։ Աստված ասում է՝ «մխիթարե՛ք Իմ ժողովրդին, ո՜վ քահանաներ, և Երուսաղեմի սրտով,- այսինքն՝ Երուսաղեմի սրտին համապատասխան խոսքե՛ր ասացեք, որովհետև նա մեղքերի տառապանքներով է լցված»:

Արդյոք ի՞նչ պիտի խոսեն քահանաները, արդյոք ո՞րն է Երուսաղեմի սրտով կամ սրտին համապատասխան խոսելը: Իմ եղբայրնե՛ր, Երուսաղեմը սկզբից ի վեր համարվել է սուրբ քաղաք՝ որպես մեծ արքայի քաղաքը, որպես ճշմարիտ հավատքի ու սուրբ օրենքների հավաքատեղի:

«Օրենքները Սիոնից են դուրս գալիս, քանի որ միայն Երուսաղեմն է այն վայրը, ուր արժան է երկրպագել Աստծուն» (Ես. 2:3, հմմտ. Հովհ. 4:20)՝ համաձայն հրեական բարեպաշտ ու այլամերժ կարծիքների: Մյուս կողմից էլ՝ Երուսաղեմը խորհրդանիշն ու օրինակն է վերին Երուսաղեմի, աստվածակերտ խորանի, անձեռակերտ քաղաքի, որը երանելիների բնակավայրն է, ու այդ քաղաքի Պահապանը և Իշխանն էլ մեր Փրկիչ Քրիստոս է՝ հավատի Զորագլուխն ու բոլոր փրկվածների Առաջնորդը:

Երկրային Երուսաղեմը, ինչպես գիտեք, այն քաղաքն է, ուր Հին և Նոր Ուխտերի միջնորդը՝ մեծ Առաքյալն ու հավիտենական Քահանայապետը, Իր փրկչական, մեղսաքավիչ Պատարագը մատուցեց և Իր հաշտարար զոհը վերընծայեց հավիտենական Հորը, և Հայր Աստված հոտոտեց այդ զոհի անուշ բույրն ու այն ամեն բանից առավել հաճելի համարեց, այդ զոհաբերության համար զվարճացավ, բերկրեց ու հրճվեց առավել, քան Հին Ուխտի արդարների, սրբերի ու առաքինիների մատուցած զոհաբերությունների ժամանակ:

Երուսաղեմն այն ցանկալի քաղաքն ու այն փափագելի վայրն է, որտեղ Աստված բնակվեց, և հավիտենական Հայր Աստծու մարմնացած անեղ Որդին մարդկանց մեջ շրջեց ու Իր մարդեղության տնօրինության աշխարհանորոգ, կենսաբեր առաքելությունն իրականացնելուց հետո փառքով համբարձվեց այնտեղ, որտեղից իջել էր:

Հետևաբար աստվածընկալ քաղաքի ու հյուրընկալ սուրբ երկրի բնակիչների սրտի առաջին և գլխավոր փափագն ու զգացումը որևէ այլ բան չէր կարող լինել, եթե ոչ՝ միայն հավատքն ու սերն Աստծու հանդեպ, «քանի որ,- ըստ Պողոս առաքյալի,- նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա» (Եբր. 11։6):

Այսինքն՝ այն մարդը, որը փափագում է մերձենալ Աստծուն, պետք է և անհրաժեշտ է, որ հավատք ունենա, հավատա, որ Աստված գոյություն ունի: Դեռևս հնում Երուսաղեմի բնակիչներից, որ Աստծու ժողովուրդն էին, հավատք ու սեր պահանջվեց, սակայն, ավա՜ղ, քաղաքի բնակիչներից շա՜տ շատերը զուրկ էին այդ զգացումներից:

Եվ երբ ըստ մարմնի իրենց ազգակից եղող Աստվածորդի Հիսուսին հրեաները կամ այլ կերպ ասած՝ «յուրայինները», հավատք ու սեր չընծայաբերեցին որպես պտուղ, չնայած որ դա էր պահանջվում նրանցից, այդժամ նրանք լքեցին Աստծուն, բարձիթողի վիճակում հայտնվեցին և հեռանալով Նրանից՝ նեղություններ կրեցին, տառապեցին և «տառապանքով լցվեցին»:

Արդարև, ի՞նչ արժեք ունի մարդն առանց հավատքի և առանց Աստծու հանդեպ սիրո, չէ՞ որ հավատքն ու սերը ստեղծված բանական էակի՝ Աստծու հետ միության և Արարչի հետ հարաբերության միակ կապող օղակն է:

«Երուսաղեմի սրտով կամ սրտի համեմա՛տ խոսեցեք, ո՜վ դուք՝ քահանաներդ, որ Ավետարանի սպասավորներն եք, որպեսզի այդպիսով կարողանաք մխիթարել Աստծու ժողովրդին»:

Ասել է թե՝ «զորացրե՛ք Աստծու ժողովրդի հավատքը, մերժե՛ք, վանե՛ք, հեռացրե՛ք, վտարե՛ք ու հեռո՛ւ հալածեք Աստծու ժողովրդի հոգուն, մտքին և սրտին սպառնացող անհավատության, անկրոնության, մեկ խոսքով ասած՝ անաստվածության ապականարար և թունավորիչ զգացումներն ու գաղափարները, մի՛ խնայեք, աչառություն մի՛ արեք, ով էլ որ լինի ձեր դիմացինը, այլ սաստե՛ք, հանդիմանե՛ք և խրատե՛ք, որպեսզի նա հեռու մնա անհավատության կործանարար ու հոգու և մարմնի համար կորստաբեր գաղափարներից:

Քանի որ թե՛ այս աշխարհում ու թե՛ անսպառ հավիտենականության մեջ անգամ հավա՛տքն է փրկարար, միայն հավա՛տքն է սփոփիչ, մխիթարիչ ու երջանկառիթ, անճառ խնդությունների ու երանությունների միակ պատճառը»:

Այո՛, արդարև, միայն հավատքն է քրիստոնյային կատարյալ հույս ընձեռող, բևեռային լուսատու աստղը, որին քրիստոնյան արիաբար ու զվարթադեմ պիտի ուղղի իր անթարթ հայացքը:

Երբ քրիստոնյայի հոգին մարմնի, աշխարհի ու սատանայի բյուրազան ցանկություններով և մեղանչական թելադրանքներով հանապազ ալեկոծվում է, երբ փորձությունների ու նեղությունների լեռնային կոհակներն, աշխարհային հոգսերի և մտատանջությունների ծովերը գալիս են ընկճելու նրան, ու հզորության և իշխանության, հարստության ու վաղանցիկ փառքի սին հրապույրները ցանկանում են ընկղմել հավատացյալի հոգին, այդժամ հավա՛տքն է ապավեն դառնում քրիստոնյայի հոգու համար:

Մարդը գնված է Քրիստոսի արյամբ, որսված է Խաչի ուռկանով, ամրացված է բարձրանիստ քառաթևի ամեն բան ձգող մագնիսով, կապված է տիեզերական սիրո ամենազորավոր, ոսկեղենիկ շղթայով, որ ավելի թանկագին ու մեծարժեք է, քան ամբողջ աշխարհը:

Ամեն բանի Արարիչը փնտրում է մարդուն, չէ՞ որ տիեզերքի այդ ամենակալ Ստեղծիչը հանձն առավ Իր անճառելի սիրո խորությամբ ու անսահման մեծությամբ երկինքների անհասանելի բարձրություններից խոնարհվել, իջնել այս ստորին աշխարհ՝ գտնելու, սրբելու, մաքրելու, վեր բարձրացնելու, Իր աստվածային ուսերի վրա դնելու մարդկային այդ հոգին, որը, համաձայն Ավետարանական առակի, նմանեցվում է եղծված ու ժանգոտած դրամի և մոլորյալ ոչխարի այնքա՜ն հուզիչ ու այնքա՜ն սրտաշարժ պատկերներին:

Այո՛, այնչա՜փ թանկագին ու մեծարժեք է մարդու հոգին, և այնքա՜ն պատվարժան՝ մարդու բովանդակ անձը, որ մեր Փրկիչն Իր ավետարանապատում վարդապետությամբ մեզ ազդարարում ու պատվիրում է չանարգել, չարհամարհել, չանպատվել ու քամահրանքով չվերաբերվել մարդկանց փոքրիկներից մեկին անգամ, «քանի որ,- ասում է,- երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 18։10):

Ահա այդչափ մեծ է մարդը, և այդքան թանկագին է մարդու հոգու արժեքն ու գինը, քանի որ այն Աստծու պատկերով է ստեղծված և թեև փառքով ու պատվով փոքր-ինչ ավելի ցածր է, քան հրեշտակները, սակայն մարդն է տեր և իշխան կարգված այն բոլոր արարածների վրա, որոնք կան ու երևում են այս հողագնդի վրա և այս տիեզերքի ծիրից ներս:

Ուրեմն, քահանանե՛ր, Աստծու Եկեղեցու սպասավորնե՛ր, ինչպիսի՜ գուրգուրանքով ու ինչպիսի՜ փափկասրտությամբ եք պարտավոր վերաբերվել յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյայի հոգու փրկությանը:

Եվ ուրիշ ինչպե՞ս կարելի է նպաստել որևէ քրիստոնյա հավատացյալի փրկությանը, եթե ոչ նրանց հետ Երուսաղեմի սրտով, սուրբ քաղաքի բնակիչների սրտով խոսելով: Ա՛յն քաղաքի, որում աստվածային փառքի հոյակերտ տաճարը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից էլ ավելի սքանչելի, Աստծու չքնաղակերտ, նյութեղեն տունն է կառուցվել գերահրաշ իմաստուն Սողոմոնի ձեռքով, որը հանճարեղ որդին էր հավատացյալ և հոգեկիր Դավիթ մարգարեի:

Եվ ահա այդ սրբանվեր տաճարում բյուրավոր բարեպաշտ ու ջերմեռանդ սրտերից վեր առաքված և ջերմագին հավատքի բուրվառով ընծայված աղոթքների մրմունջներն ու սրտաբուխ հառաչանքները և պաղատանքները բարձրանում էին դեպի զորությունների Տիրոջ՝ Ամենակարող Աստծու երկնային սրբարանը, և ահա՛ դարձյալ նույն այդ քաղաքում արդեն իսկ երկու հազար և ավելի տարիներ է, ինչ աստվածային հավիտենական փառքի ճառագայթը՝ Միածին Որդին, Հոր մարմնացյալ Բանը՝ Հիսուս, հավետ երկրպագելի է որպես աննման, երկնատիպ, հոյակերտ Տաճար, Որի փառքն ավելի մեծ է, քան սողոմոնյան ստվերակերպ տաճարի փառքը: 

Չէ որ այնտեղ՝ այդ լուսակերտ խորանում, այդ երկնանման տաճարում է գտնվում Աստծու անմահ Որդու գերեզմանը, Որն Իր տիեզերափրկիչ, սքանչելահրաշ հարությամբ մեզ համար բացեց անմահության ճանապարհը և այդ կույս գերեզմանից լույս ծագեցրեց արարածների վրա՝ լուսավորելով մարդկանց խավարած մտքերը, նորոգեց ապականված սրտերն ու տառապյալ մարդկությանը շնորհեց, պարգևեց անմահ և անեղծ կյանքի հույսն ու հանդերձյալ աշխարհի անճառելի բերկրությունները, և երանությունների երանավետ հույսի հետ մեզ հրամցրեց նաև անապական ու անվախճան վայելքները և ուրախությունները:

Այո՛, Աստվածորդու՝ Հարուցյալ Հիսուսի այս կենսատու գերեզմանից վերաբուսնեց Աստծու հանդեպ պայծառ հավատքի ու նորահրաշ սիրո ծաղիկը: Միայն Նրանո՛վ, Նրա՛ շնորհիվ էր, որ զվարթացան, նորոգվեցին, ճոխացան, նորափետուր զարդարվեցին ու նորահրաշ ծաղկումով պտղաբերեցին հավատի և սիրո բույսերը:

Միայն Նրա՝ Աստծու Որդու լուսափայլ Հարության շնորհիվ հաստատահիմն ցնծությամբ ցնծաց երկիրն ու բերկրացին հավատացյալները: Միայն Նրա՛ շնորհիվ ջախջախվեցին և կործանվեցին անհավատության վնասարար պատվարները, որոնք Աստծու և մարդկանց թշնամին՝ երկնքից ցած նետված փայլակը՝ ամենաչար սատանան, օր ու գիշեր, առավոտից երեկո ջանադրաբար ցանկանում է նորոգել, կանգնեցնել, կառուցել և վեր բարձրացնել, որպեսզի կորստյան մատնի հազարավոր, բյուրավոր մարդկանց հոգիները: Ա՛յն հոգիները, որոնք, ավա՜ղ, իրապես զուրկ են մնացել Ավետարանի լուսասփյուռ ու կենսանորոգ ճառագայթներից: Հոգինե՛ր, որոնք թեև վերածնվել են սուրբ Ավազանից և զորացել են Սուրբ Հոգու անսպառ պարգևներով, սակայն, ափսո՜ս, որ իրենց սրտերում կամովին խեղդել են Ավետարանի սպասավորների ձեռքով սերմանված ճշմարիտ հավատքի ու սուրբ սիրո գեղեցիկ և բազմաբեղուն սերմերը: Հոգինե՛ր, որոնք թույլ են տվել մարմնին, աշխարհին ու սատանային խլել, դուրս հանել, հեռու տանել այդ երկու աստվածանվեր առաքինությունները, այսինքն՝ հավատքն ու սերը, և փոխարենն այդ հոգիներում բնակություն են հաստատել Աստծու երդվյալ թշնամու՝ սատանայի, աշխարհի ու մարմնի ցանկությունները, որոնք կորստյան են առաջնորդում:

Քարոզիս սկզբում ասացի, որ աշխարհի բնական փորձությունները, դժնդակ ու սոսկալի պատահարները և աղետները բավական են մարդկությանը տառապանք պատճառելու համար, սակայն մեղանչական արարքները, որ մարդիկ գործում են՝ հակառակ գերագույն Օրենսդրի ու արդար Աստծու սուրբ և անփոփոխելի օրենքների, հավելյալ պատճառ են դառնում մարդկության հոգեկան ու բարոյական տառապանքների համար, որոնցով մշտապես լեցուն են եղել ու պիտի լինեն մարդիկ՝ համաձայն մարգարեի խոսքի՝ «լի է տառապանքով»:

Սակայն մարգարեն նաև ավելացնում է. «Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40։2):

Աստվածային արդարությունն, այո՛, մեղավոր մարդկությանը պատժում է արդեն իսկ այս աշխարհում՝ հանդերձյալ կյանքին վերապահված պատիժները հավիտենական աշխարհում հատուցելու անողոք ազդարարությունն անելով: Դա, իհարկե, այն պարագայում, եթե մարդիկ չապաշխարեն ու մնան, հարատևեն իրենց չարիքների և մեղքերի մեջ, եթե հավատքի ու սիրո աստվածանվեր, զույգ առաքինություններով չփութան դիմել, մերձենալ ամենողորմ և ամենագութ Աստծուն:

Մարդիկ իրենց մեղքերի հատուցումը կրկնակի են ստանում այս աշխարհում՝ Տիրոջ կողմից: Դա տեղի է ունենում, նախ և առաջ, ա՛յն ժամանակ, երբ մեղանչելուն պես խղճի դառը խայթոցների պատճառով տառապում են, և երկրորդ՝ երբ այդ մեղքերի անխուսափելի հետևանքներն են կրում իրենց, իրենց զավակների ու ապագա սերունդների վրա, ըստ այն խոսքի, թե՝ «Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, Ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից», և դարձյալ՝ «ողորմածություն եմ ցուցաբերում Ինձ սիրողների ու Իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ» (Բ Օր. 5։9-10):

Աստված, այո՛, արդար և միաժամանակ նաև ամենողորմ է, երբ, մի կողմից, անպատիժ չի թողնում մեղավորին և, մյուս կողմից էլ, ողորմում է արդարին՝ նրա զավակներով և հազարավոր սերունդներով հանդերձ՝ հանուն իրենց հայրերի ու նախահայրերի, և ներում է ի սրտե զղջացող մեղավորին իր անկեղծ դարձի ու ապաշխարության համար:

Սակայն երբ մարդը մեղանչում է, ե՞րբ է ի վիճակի լինում դարձի գալու, ե՞րբ է կարողանում ապաշխարել, եթե ոչ միայն Աստծու հանդեպ հավատք և սեր ունենալու դեպքում:

Այո՛, եղբայրներ, Աստծու հանդեպ հավատքն անհրաժեշտ է հանուն Հիսուս Քրիստոսի անվան մեղքերից մերկանալու համար: Հավատքը հույժ կարևոր է Փրկչի ողորմությանն ապավինելու համար: Իսկ ահա Աստծու հանդեպ սերն առաջին իսկ պատվիրանն է, որը մենք պարտավոր ենք գործադրել մեր ողջ էությամբ, մեր ամբողջ մտքով ու բովանդակ զորությամբ:

Այս ապրեցնող հավատքը և փրկարար սերն ունենալու համար, սակայն, անհրաժեշտ է զոհել մեր մտքի ամբարտավանությունը, որը հավակնում և հանդգնում է ամեն բան գիտենալ ու վերահասու լինել ամեն ինչի, և երբ ամբարտավան մարդն իր ուզածին չի կարողանում հասնել իր՝ միայն մի արարված էակ լինելու պատճառով, դժբախտաբար, անհավատության խորխորատն է ընկնում:

Եվ մի՞թե դա չէր նաև սկզբնաչարի մտահղացումը. «Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր... կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին» (հմմտ. Ես. 14։13-14): Սա էր ամբարտավան ու գոռոզացած Արուսյակի՝ Սադայել-Հրեշտակապետի առաջին և աններելի մեղքը:

Այդ մեղքն ամբարտավանությունն ու գոռոզությունն էր՝ հավետ պարսավելի և ատելի Բարձրյալ, Միակ Աստծու համար, Որը հույժ ատում է այդ մեղքը՝ առավել, քան մյուս մեղքերը, քանի որ համաձայն Առակացի՝ «Տերը հակառակ է ամբարտավաններին» (Առակ. 3։34):

Այո՛, հարկավոր է զոհաբերել մեր միտքն ու գաղափարները, մեր սիրտն ու հոժարությունները, մեր էությունն ու բովանդակ անձը՝ հանուն Միակ Աստծու, Որ և միայն Փառավորյալ ու Բարձրյալ է: Նա է արարված էակի համար որպես հավիտենական օրենք սահմանել զոհաբերումը, առանց որի փրկություն չկա:

Այդ զոհաբերությունը, սակայն, պետք չէ հասկանալ միայն որպես անբանական կենդանիների զոհաբերում, որն Աստված օրինադրել էր հնում՝ որպես նախօրինակ ճշմարիտ և միակ ընդունելի ու հաճոյական Զոհի, Որը մատուցվեց Գողգոթայի բարձունքում, ուր հավիտենական, ծոցածին Բանը՝ հավիտենական Հոր Միածին Որդին իբրև անմեղ Գառ պատարագվեց՝ մարմնապես վերցվելով մեր միջից հանուն մեղավոր մարդկության փրկության:

Իսկապես որ, միայն այդ Զոհով եղավ փրկությունը, որ Աստծու կողմից պարգևվեց մարդկությանը, որի համար և մարդիկ էլ առավել մեծ պարտավորություն ունեն Աստծուն զոհաբերելու այն ամենը, ինչ որ ունեն՝ միտք, սիրտ, գաղափար, զգացում և սեփական անձն իսկ, որոնց համեմատ նյութական ինչքերն ու հարստությունները, պերճանքը, ճոխությունը և փառավորությունը երկրորդական ու նվազ արժեքավոր զոհեր են:

Արդ բանական էակը հավատքի զոհն է պարտավոր ընծայել իր Արարչին: Իսկ սրտի ու զգացումների և մեր բովանդակ էության ու անձի զոհն Աստծու հանդեպ սերն է, որը մենք պարտավոր ենք կամովին և հոժարաբար նվիրել միայն Նրան:

Եվ երբ մենք դժկամում ենք այս երկու տեսակի հաճոյական զոհերը մատուցել ինքնաքո Է-ին ու ամեն բանի Արարչին, այդժամ ընդկնում ենք այն միևնույն մոլորության և մեղքի մեջ, ուր ընկավ և ուր այժմ էլ անդրդվելիորեն ու անդառնալիորեն գտնվում է սկզբնաչարը:

«Ի՞նչ է հավատը,- բացականչում է սրբազան առաքյալը,- եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11։1): Հավատը, ինչպես բնութագրում է առաքյալը, հուսացված բաների իրականացումն է և չերևացող բաների ակնհայտ, դեմ առ դեմ երևումը:

Արդարև, եղբայրնե՛ր, հուսացված բաների հաստատումն ու չերևացող երևույթների դեմ հանդիման հայտնության գաղափարի  ընդունելությունն է հավատքը, որից հրաժարվողն իր մտքի ամբարտավան գոռոզությունն ու հպարտ նկարագիրը ի ցույց դնելուց զատ հետևում է այն մոլոր և բոլորովին թյուր ճանապարհին, որով ընթացող առաջին ուղևորը եղավ բանսարկուն ու որով ընթացան և շարունակ ընթանում են այն պակասամիտ մարդիկ, որոնք, սուտանուն իմաստությամբ պարծենալով, իրենց անձի համար փառք ու պարծանք են կարծում ապահովել անհավատ կամ անկրոն երևալու միջոցով:

Սակայն համաձայն դարձյալ Պողոս առաքյալի գեղեցիկ ու վեհիմաստ բացատրության՝ այդպիսի անկրոն և անհավատ իմաստակներին Աստված զրկում է իրենց երևակայած խորագիտությունից ու հիմարացնում է իրենց կարծեցյալ իմաստության մեջ. «Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին» (Ա Կորնթ. 1։27):

Մինչդեռ խոնարհամիտ ու ճշմարիտ գիտնականները, որոնք հավատում են Աստծուն, բարձրանում են փառքով և պատվով ու իմաստության պանծալի լուսապսակով են զարդարվում թե՛ այստեղ, և թե՛ հանդերձյալ կյանքում:

Այդ խոնարհամտությունն ու իմաստությունն էր, որ Հիսուս գովեց ու բարձր գնահատանքի արժանացրեց: Այդ խոնարհամտությունն ու իմաստությունն են, անկասկած, ուսյալ և հավատացյալ քրիստոնյայի ճշմարիտ մեծության ու արժանիքների պատճառը:

Հավատքի առումով Աստված մեզնից պահանջում է մանկան անմեղ միամտությունը, և մանկական սրտի անխարդախ ու անկեղծ սերն է, որ մենք պարտավոր ենք ընծայել Հիսուսին, Որն ասաց. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին: Այո՛, Հա՛յր, քանի որ այսպես հաճելի եղավ քեզ» (Մատթ. 11։25-26):

«Թող նրա մեղքերին թողություն լինի...․»: Այո՛, թողություն պիտի տրվի, պիտի ներվեն Աստծու ժողովրդի բազում մեղքերը, եթե, իհարկե, ժողովուրդը սիրահոժար ու կամովին, հավատքով և սիրով լի դառնա դեպի Աստված, զղջա իր մեղքերի համար, որոնց կրկնակի հատուցումը ստացել է Տիրոջից:

Սակայն եթե մարդ արհամարհի այդ հավատքն ու սերը, եթե ծիծաղի այս երկու առաքինությունների գործած ու գործելիք հրաշալի գործերի վրա, եթե կեղծանուն գիտնական լինելու հովերով տարված՝ քամահրի և մերժի խոնարհամտությունն ու ճշմարիտ իմաստությունը, և համառելով՝ անդրդվելի մնա իր մտքի ամբարտավանության մեջ, և մանավանդ չճանաչի իր մեղավորությունն Աստծու առջև ու հետևաբար նաև չընդունի, որ ինքը մշտապես կարիք ունի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անհուն գթությանը, անբավ մարդասիրությանն ու ողորմությանը, ուրեմն, ցավալի է ասել, սակայն այդ մարդը, մեծապես մեղանչելով, իր մեղքերի պատճառով վրա հասած տառապանքներից փրկվելու հույսն էլ իսպառ կկորցնի:

Այն ժամանակ արդեն, ավա՜ղ, այդ մարդը սուգ ու տրտմություն պիտի պատճառի ոչ միայն Եկեղեցու սպասավորներին, որոնք, իբրև հովիվներ, մոլորված ոչխարների դարձն ապահովելու պարտավորությունն ունեն, այլև սաստիկ պիտի տխրեցնի հրեշտակներին ու արդարների հոգիներին, որոնք ուրախանում և հրճվում են, երբ մի մարդ, էլ ուր մնաց թե՝ մի ժողովուրդ, դարձի է գալիս ու ապաշխարում է:

Թող Աստծու ժողովրդի սպասավորները երբևէ չձանձրանան քարոզելուց, ուսուցանելուց և ժողովրդին հիշեցնելուց, որ այդ ժողովուրդը մշտապես կարիք ունի հավատքի և սիրո, որոնց շնորհիվ միայն կարող է մխիթարվել:

Թող Եկեղեցու հովիվները կամ քահանաները մխիթարեն Աստծու ժողովրդին այս անցավոր աշխարհի բազմապիսի ու բազմատագնապ փորձությունների, ցավերի և տառապանքների մեջ:

Թող խոսե՛ն ժողովրդի հետ Երուսաղեմի սրտի համեմատ, այսինքն՝ համաձայն աստվածային հայտնված վարդապետության, ներշնչված՝ Սուրբ Գրքի մատյանի ուսուցանած ճշմարիտ հավատքի և սիրո: Իսկ ժողովուրդն էլ ամեն բանից ավելի պինդ, առավել ամուր թող պահի իր սրտում հավատի սուրբ ավանդն ու աստվածանվեր սիրո անգին գանձը:

Ավանդ ու գանձ, որոնք խլելու, մեր սրտից հանելու և հեռու տանելու համար մշտապես ջանում, ճիգեր է գործադրում մեր ոսոխը՝ սատանան, որ Աստծու և մարդկանց երդվյալ թշնամին է:

Հիշեցե՛ք, ո՜վ Աստծու ժողովուրդ, Ավետարանի պարզ և միանգամայն սրտահույզ այն առակները, որոնք Աստծու հանդեպ մեր հավատքն ու սերն ամրապնդելու և մեր վստահությունը զորացնելու համար մեզ են պատմվել մեր գթառատ ու ամենողորմ Փրկչի կողմից:

«Անառակ որդու» առակն ի՜նչ սրտահույզ ձևով է նկարագրում զղջացող որդու հավատքն ու սերն իր հոր նկատմամբ. ինչպիսի՜ խոնարհամտություն, մտքի, սրտի, արժանապատվության և բովանդակ անձի ինչպիսի՜ զոհողություն. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ, այլևս արժանի չեմ Քո որդին կոչվելու...․ ինձ վերցրո՛ւ իբրև Քո աշխատավորներից մեկը» (Ղուկ. 15։21, 19):

Տեսնո՞ւմ եք անառակ որդու զորավոր հավատքն իր հոր ներողամտության, գթության և վեհանձն ու ազնվական բնավորության առջև: Տեսնո՞ւմ եք, թե ինչպե՛ս է զավակը, խորտակելով ամբարտավանության բոլոր պատնեշներն ու մարդկային սին և սնոտի, սխալ ըմբռնված արժանապատվության անօգուտ ու անշահ ջանքերը և թյուր սկզբունքները, խոնարհվում, զիջում ու ոտնատակ տալով կոխոտում է ամեն հպարտություն:

Անառակ որդին ընկնում ու ծնրադրում է իր հոր առջև և սրտագին, սրտաբուխ ապաշխարանք ու զղջում է արտահայտում: Նրա անկեղծ զղջումն ու ապաշխարանքն ընդունվում է, և նա արժանանում է իր նախկին պատվին ու փառքին: Ահավասի՛կ, խոնարհամտության և սրտագին զղջման ու ապաշխարության ինչպիսի՜ գեղեցիկ դրսևորում:

Դարձյալ, ուշադրությամբ դիտե՛ք ու մանրակրկտորեն նայե՛ք Երկնավոր Հոր անհիշաչարության և ազնվականության այնքա՜ն հայտնի ու վսեմագույն պատկերները. «Բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. 15։23-24): Օ՜հ, ինչպիսի՜ վսեմ օրինակ և հավաստիք...

Ահա՛, սիրելինե՜ր, հավատքի և Աստծու հանդեպ սիրո ու վստահության գեղեցիկ և հրաշալի մի արտահայտություն: Այս սրտահույզ առակի մեջ անառակ որդու անկեղծ դարձն ու զորավոր հավատքի նկարագրությունն արդյոք չի՞ քաջալերում, չի՞ մխիթարում, չի՞ սփոփում մեղավոր մարդկությանը, որպեսզի մարդ արարածը չվհատվի ու չընկճվի մեղքի ծանր բեռի տակ, այլ հավատքի և սիրո աստվածանվեր առաքինությունների զույգ, զորավոր թևերով դեպի վեր՝ դեպի Աստված վերաթևի հոգով, մտքով ու սրտով և այդպիսով հաղթանակ տանի մարմնի, աշխարհի և սատանայի նկատմամբ:

Չէ որ սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը, աշխարհին ցույց է տվել, որ մեղքին հաղթելու միակ միջոցը և աներկմիտ ու անխորտակելի միակ զենքը հավատքն է Աստծու և Նրա Որդու՝ Փրկիչ Հիսուսի հանդեպ. «Ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5։4):

Մի՞թե կարիք կա ձեզ հիշեցնելու, ո՜վ Աստծու ժողովուրդ, որ աստվածահաճո և աստվածամերձ բոլոր մարդիկ, Հին Ուխտի և Նոր Ուխտի սրբազան ու աստվածապաշտ բոլոր անձինք, այսինքն՝ նահապետները, մարգարեները, առաքյալները, մարտիրոսներն ու բոլոր սրբերը և արդարները, բոլորն էլ միայն հավատքով վեր բարձրացան, հավատքով զորացան ու կործանեցին, պարտության մատնեցին մարմնի, աշխարհի և սատանայի կառուցած մեղքի պատնեշներն ու հասան Երկնային ավետիսին, ինչպես որ գեղեցկաբար ու վսեմ եղանակով, մանրամասնորեն թվարկում և նկարագրում է մեզ «Եբրայեցիներին ուղղված նամակ»-ի ճարտարախոս հեղինակն ու սրբազան գրիչը:

Ուրեմն, եղբայրնե՛ր, հաղորդակի՛ց լինենք Աստծու՝ մարգարեի շուրթերով Իր ժողովրդին փոխանցած մխիթարությանը, մխիթարենք միմյանց ու մխիթարվենք իրարով. «Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք...․ որովհետև նա լի է տառապանքով»։

Այս աշխարհում մեղավոր մարդկության համար տառապանքներն անպակաս են լինելու: Եթե նույնիսկ մարդկությունը նյութական որևէ տառապանք չունենա, ինչն ինքնին անկարելի է, անշուշտ կրելու է բարոյական ու հոգեկան մեծամեծ տառապանքներ, քանի որ համայն մարդկությունը և այդ թվում նաև հավատացյալ քրիստոնյան աքսորյալն է ա՛յն փառակենցաղ դրախտից, որից նախաչարի խաբեության ու սադրանքի պատճառով վտարվելուց հետո բնակություն հաստատեց այս անիծյալ և փշաբեր աշխարհում՝ մտքի պայծառ լույսը խավարին զիջելով, սրտի բարի ցանկությունների փոխարեն մշտապես չարին միտվելով, կամ այլ կերպ ասած՝ սրտի ապականության մեջ ընկղմվելով, անմահական կյանքի փոխարեն զանազան տկարություններով «օժտված» ապականացու և ախտաժետ մարմնի ու վերջապես մահվան արժանանալով:

Մարդը ստացավ, այո՛, այս ախտակիր մարմինն ու ցավերով լեցուն կյանքը, երբ համաձայն աստվածային դատավճռի՝ ստիպված է չարքաշ ու տքնաջան աշխատանքով սնունդ հայթհայթել իր այս կյանքի օրերը երկարաձգելու համար:

Եվ դեռ ոչ միայն այդքանը, այլև, որ շատ ավելի անհանդուրժելի է, մարդ արարածը «ձեռք բերեց» իրենից անբաժան մտահոգություններ և սրտի ու հոգու բարոյական տառապանքներ, այնպես որ այս աշխարհի որևէ երևույթ չի կարող մխիթարիչ դեր ունենալ մարդկային հոգու վշտերի համար, փարատել նրա սրտի անձկությունն ու գոհացնել մարդ արարածի անվերջանալի բաղձանքները և ցանկությունները:

Այո՛, աշխարհային բարիքների պարգևած որևէ վայելք, որևէ պերճանք ու ճոխություն, ոչ անգամ որևէ պատիվ ու ավագություն անկարող եղան և բնավ չեն կարող այդ փափագելի երջանկությունը շնորհել աքսորյալ մարդուն, որն իր նախածնողից սկսած մշտապես ու հանապազ տենչում է վերադառնալ սերովբեական բոցավառ սրերով շրջափակված Եդեմական դրախտ:

Միայն այդ դրախտն է միակ երանավետ, երջանկառիթ ու մարդու սրտի ամենազանազան բաղձանքներին և տենչանքներին գոհացում տվող սրբավայր-կայանը, որի մուտքը, սակայն, փակ էր մեղավոր մարդու առաջ, մինչև որ Աստծու անմեղ Գառը՝ Հին և Նոր Ուխտի միակ ու ճշմարիտ Միջնորդը՝ Հիսուս Քրիստոս, Իր մեղսաքավիչ, հաշտարար Պատարագով վերստին բացեց այն՝ թույլ տալով այնտեղ մտնել նույնիսկ զղջացող աջակողմյան ավազակին, որը խաչակից էր Նրան:

Եվ այնուհետև Քրիստոս Իր խաչակիր հետևորդներին ուսուցանում է այնտեղ մտնել միայն ու միայն հավատով ու սիրով դեպի Աստված. «Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է» (Հովհ. 3։18):

Ուրեմն, Աստծու ժողովուրդնե՛ր և Քրիստոսի հավատացյալնե՛ր, Աստծու և մեր Փրկչի հանդեպ մշտապես այս աննենգ ու անկեղծավոր հավատքը և սերն ունենանք, որոնց շնորհիվ միայն ի վիճակի կլինենք հաղթահարելու մարմնի, աշխարհի ու սատանայի պես-պես և բազմօրինակ փորձություններն ու բազմահնար որոգայթները:

Աննկուն և անհողդողդ սիրով համբերենք մեզ պատահած հոգեկան զանազան նեղությունների ժամանակ: Առանց երկմտելու հավատանք, որ ամենողորմ ու անհունապես գթառատ է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս:

Մեր հավատքին արժանի սիրո, քրիստոնեական գթության ու կարեկցանքի, ինքնազոհումի և մարդասիրությանը պատշաճ առաքինի արարքնե՛ր գործենք մշտապես, և վստա՛հ լինենք, որ այդ ժամանակ պիտի մխիթարվենք ու հավիտենապես պիտի սփոփվենք և, որքան հնարավոր է, այս աշխարհում պիտի վայելենք խղճի ու հոգու անդորրություն և խաղաղություն, որը միայն մի չնչին մասն է հավիտենական անանց ու անճառելի երանությունների և անվախճան ուրախությունների, որոնց թող որ մեզ ամենքիս արժանի դարձնի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս՝ Երկնավոր Հոր ողորմությամբ ու Ամենասուրբ Հոգու շնորհներով, ըստ որում միասնական, եռյակ և անբաժանելի մեկ Աստվածությանը վայելում է հավերժ փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Մեսրոպ քհն Թորոսյան (Երզնկա), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար», Կ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

22.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․