Գրքեր

Հավատքի ոգով ամրապնդված սիրիահայ ուխտավորները

«Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք՝ ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց: Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ՝ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և Նա անտես արեց նրանց»,- կարդում ենք Սուրբ Գրքում (Սիրաքի Իմաստ. 2:11-13): Ի տարբերություն աշխարհի երեսից ջնջված բազմաթիվ հնագույն ազգերի՝ Հայոց ազգը Տիրոջ պահպանությամբ կա և գոյատևում է՝ չկորցնելով առ Աստված իր հավատի, հույսի և սիրո ոգին: Այդ ոգին է այսօր կրում յուրաքանչյուր սիրիահայ, ով Սիրիայում ծագած պատերազմի պատճառով տուն ու կարողություն կորցրած, այսօր թե՛ իր հայրենիքում և թե՛ նրա սահմանից դուրս ապրում է և ստեղծագործում՝ Տիրոջ օգնությամբ հաղթահարելով իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ:

Հոկտեմբերի 30-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ձևավորված սիրիահայ համայնքն ուխտի հերթական ուղին անցավ՝ առավել ամրապնդելով իր ինքնությունն ու գոյությունը պահպանած հավատի ոգին: Եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ նրանք այս անգամ ընդհանրական աղոթքի կանգնեցին Գոշավանքում (1188 թ.): Վաչագան սարկավագը թվով հարյուր չորս ուխտավորներին ներկայացրեց միջնադարյան սրբավայրի պատմությունը և մեծ վարդապետ Մխիթար Գոշի կենսագրությունը, ով քառորդ դար ապրել և գործել է Հայոց աշխարհի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկում՝ Նոր Գետիկ վանքում, որ վարդապետի մահից հետո վերանվանվել է Գոշավանք: Բարեշնորհ սարկավագը քարոզխոսեց ուխտավորներին «Երկինքը պատմում է Աստծու փառքը» (Սղմ. 18:2) բնաբանի շուրջ: Ապա, անդրադառնալով հայրենիքի փոքր, բայց գեղեցիկ լինելուն, մասնավորաբար նշեց. «Տա Աստված, որ մեր հարաժամ աղոթքը և ուխտը լինի, որ Տիրոջ օրհնությամբ արժանանանք ապրելու ծովից ծով Հայաստանում: Ամեն ինչ Աստծո ձեռքերում է, և Տերը պարգևում է անհրաժեշտը, միայն թե մարդն ապրի ուղղափառ և առաքինի կյանքով»: Այնուհետև «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության երգչախումբը շարականներ կատարեց: Սիրահայ ուխտավորներից յուրաքանչյուրի բաղձալի հույսն էր նաև՝ ուխտավորաբար լինելու մարդկության հավատքի և պատմության գլխավոր առանցքն ու կիզակետը համարվող Սուրբ Երկրում՝ Երուսաղեմում:

Հայրենիքի անասելի գեղեցկությունը, Աստծո հետ կենդանի հաղորդակցությունը և սիրո ճաշը վայելելուց հետո սիրիահայ ուխտավորները, իրենց հավատքի ոգին ամրապնդած, վերդարձան Երևան:

 

Կարինե Սուգիկյան

30.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․