Գրքեր

Հավատքն ու հույսը դատարկ են առանց սիրո շնչի

Հոկտեմբերի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սուվարյան Շողակաթին (52 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի երիտասարդ անդամներից մի կին, ով չցանկացավ իր անունը նշել: Տիկին Շողակաթն իր տարեց սկեսուրի (91 տ.), երկու չափահաս տղաների և դպրոցահասակ դստեր հետ, սոցիալական պայմաններից ելնելով, Թալինից տեղափոխվել է Երևան և վարձակալությամբ է բնակվում Վշտունի 5-րդ փ. 14 տ. հասցեում:

Ընտանիքի մայրը նշեց, որ իր տղաներից մեկը ժամկետային զինծառայող է, իսկ մյուս տղան և ինքը մշտական աշխատանք չունեն, ընտանիքի նվազագույն կարիքները հոգում են սկեսուրի թոշակով և այն չնչին գումարներով, որ վաստակում են ժամանակավոր աշխատանքով, ուստի իրենց ընտանիքը հայտնվել է վարկերի ու պարտքերի մեջ: Տիկին Շողակաթն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին և Տեր Գրիգորին՝ ուշադրության և աջակցության համար: Քրիստոնյայի՝ որպես քաջարի մարտիկի կարևորագույն կոչումներից է սիրո ջերմությամբ պայքարել աշխարհի ցրտի դեմ: «Հավատքն ու հույսը կդատարկվեն իմաստից, եթե նրանց մեջ չներգործի կենդանարար և ստեղծագործող շունչը սիրո»,- ասել է Գարեգին Ա հայրապետը, ով եկեղեցու նվիրական ծառայության մասին հետևյալ բնութագրումն է տվել. «Ինչպես Քրիստոս ծառայեց մարդկությանը գերագույն նվիրումով, ինքնազոհ մատուցմամբ, մղված դեպի մարդիկ Իր ունեցած անհուն և անխտրական սիրուց, այնպես և եկեղեցին ծառայում է նույն ուղղությամբ, նույն ոգով և միշտ առաջնորդված սիրո և զոհաբերության նույն սկզբունքից և մղումից»:

 

Կարինե Սուգիկյան

11.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․