Գրքեր

Հայի խաչի տոնը երիտասարդների համար նշանավորվեց ուխտի ճանապարհով

Սեպտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հայի խաչի տոնը՝ Վարագա Ս. Խաչը: Արդեն հինգերորդ տարին է, որ խաչի այս տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ուխտի Ս. Պատարագին մասնակցելուց և Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի օրհնությանն ու զորությանը հաղորդակից դառնալուց հետո, եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի Կարենիս գյուղի Ս. Մատթեոս վանք (5-րդ դար): Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանը, գերեվարված և անհայտ կորած զինվորների վերադարձին էր նվիրված երիտասարդաց միության հերթական ուխտագնացությունը:

Հնագույն սրբավայրը, որ այցելեցին երիտասարդ ուխտավորները, Վարագա Ս. Խաչի տոնի նշանավոր ուխտավայրերից մեկն է և տոնի առթիվ մեծ թվով ուխտավորների էր իր սուրբ հարկից ներս հյուրընկալել: Ուխտավայրում երիտասարդաց միության անդամների հետ հանդիպեց և սրբավայրի պատմությունը ներկայացրեց Կարենիս գյուղի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը: Երիտասարդները տեղեկացան, որ սրբավայրն  ամբողջովին խոնարհված է եղել և համայնքի ջանքերով որոշակի աշխատանք է կատարվել և առ այսօր շարունակվում են վանքի վերականգնման ու ամրացման աշխատանքները, հայտնաբերվել են խաչքարեր, իսկ վանքում՝ խորանի տակ՝ խոռոչի մեջ պահվող սուրբ մասունքներ՝ Ս. Մատթեոս առաքյալի աջը և Ս. Անդրեաս առաքյալի գլուխը, որ տեղափոխվել են Ս. Էջմիածնի թանգարան: 

Այնուհետև երիտասարդները վանք այցելած մյուս ուխտավորների հետ միասին Տեր Վահանի գլխավորությամբ  միասնական աղոթք առաքեցին առ Տեր՝  Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված ու անհետ կորած մեր քաջորդիների համար։ Տեր Հայրը, ներկաներին ուղղելով իր խոսքն, ասաց. «Առանց աղոթքի բուժարար ազդեցության՝ դժվար է վերականգնվել, ապաքինվել, հուսադրվել, որովհետև այս աշխարհում և կյանքում մեզանից և մեր ուժերից վեր բազում չար ու խավարային իրողություններ կան, որոնք միայն աղոթքի զորությամբ են հաղթահարվում ու չքանում: Որովհետև մարդ կարող է նայել իր շուրջը եղած խավարին ու սարսափել, վախենալ, հենարաններ փնտրել ու չգտնել, օգնություն ակնկալել տարբեր տեղերից և չստանալ, բայց աղոթքը այն հրաշագործ ուժն է, որ նախ և առաջ մարդու հոգու ներսում գոտեպնդում է նրան, զորություն հաղորդում և ապա երկինքը իր ողջ զորությամբ մոտեցնում իրեն, մոտեցնում երկրին: Երբեմն մարդ կարող է աշխարհի արհավիրքներից, աղետներից, պատերազմներից, հիվանդություններից, փոթորկալից իրադարձություններից փոքրիկ երեխայի նման սարսափել և թաքնվելու անկյուն փնտրել: Եվ հենց այդ պահին է, որ աղոթքը օգնության է գալիս մարդուն և օգնության բերում Սուրբ Հոգու շնորհները՝ խաղաղությունը, անդորրը, վստահությունը, համբերությունը, մխիթարությունը, լույսն ու ապրելու ուժը և նրա ոտքերի տակ հողը դարձնում է անսասան»:  

Ուխտի ճանապարհներն ուխտավորների համար իմաստավորվում և բազմապտուղ են դառնում անսասան հավատի դեպքում, որին խորթ է որևէ կասկած: Քրիստոս Իր հետևորդներին բազմիցս է հիշեցնում կասկածները հաղթահարած հավատի ուժի մասին. «Ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկ. 11:24):

 

Կարինե Սուգիկյան

 

28.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․