Գրքեր

«Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ»

«Յիշեա՛ զիս Տէր՝ յորժամ գայցես արքայութեամբ Քով»։

«Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ» (Ղուկաս 23։42)։

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ խաչի երևման տոնը։ 351թ. Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը Երուսաղեմի երկնքում երևաց խաչի նշանը։ Խաչի երևումը ցույց է տալիս խաչի հաղթանակը։ Քրիստոսին խաչողները կարծեցին, թե հաղթեցին Նրան խաչելով, Նրան լռեցրին, ազատվեցին Նրանից։ Մինչդեռ այդ նույն խաչով Խաչյալը փառավորվեց, խաչի հաղթանակը եղավ։

Հաճախ մարդկանց անհրաժեշտ են լինում հրաշքներ, որպեսզի հավատան Աստծուն։ Միգուցե այդ օրվա խաչի երևումից հետո շատերը հավատացին, որ Հիսուս Քրիստոս սովորական մարդ չէր, այլ Աստծու Որդին։ Սակայն այդ երևույթները ոչ թե ինչ-որ գերբնական հրաշքներ են, այլ խորհուրդ ու իմաստ ունեցող ասելիք՝ ուղղված մարդկությանը։

Խաչի երևումը առաջին հերթին մարդկանց հիշեցնում է Աստծու մասին, որ մարդիկ երբեք չկարծեն, թե ինքնարարվել են, ստեղծվել են առանց Աստծու, կամ որ Աստված գոյություն չունի։ Աստված գոյություն ունի, և մարդկանց, աշխարհը, ողջ տիեզերքը ստեղծել է Նա, և երկնքից մարդկանց կյանքի հետևորդը չէ, այլ ամենուր է և ամենքի հետ։

Խաչի երևումը մարդկանց թմբիրից հանելու և արթնացնելու համար է, որ մարդիկ չապրեն աշխարհում միայն աշխարհի համար, այլ իրենց հայացքը դարձնեն դեպի երկինք և հիշեն Երկնային Արքայության մասին։  

Խաչի երևումը աչալրջության կոչ է բոլոր ժամանակների համար։ Այն հուշում է, որ Աստծու զորությունը անսահման է: Խաչի երևումը սովորեցնում է անգիտակցաբար կամ գիտակցաբար մեղք գործած մարդուն, աստվածատուր հավատքով, դառնալ ճշմարիտ քրիստոնյա:  

Խաչի երևումը հիշեցնում է մեզ, որ Քրիստոս խաչվել է մեզ համար, չարչարվել է, գերեզման դրվել և հարություն առել։ Հենց այնպես չի արել, այլ մարդկանց մեղքերի քավության համար է խաչվել, մարդկանց Աստծու հետ հաշտեցնելու համար։ Իսկ մեղքերի քավությունն ու թողությունը ի՞նչ են, եթե ոչ հանգստություն մարդու խղճի համար, խաղաղություն հոգում, հավասարակշռություն և անդորր, որովհետև մենք բոլորս էլ մեղավորներ ենք, և մեզ մեղքերից մաքրվել է պետք։ Այդ խաչը Աստծու սերն է մարդկանց հանդեպ։

Մարդիկ աշխարհում տարբեր խնդիրներ լուծելով են զբաղված, և անտեսում են իրենց հոգու փրկությունը։ Ահա այդ խաչը գալիս է մեզ հիշեցնելու մեր մեղքերը, նաև Քրիստոսի պարգևած փրկությունը, հիշեցնում է, որ ուզենք-չուզենք պետք է անդրադառնանք, առերեսվենք մեր մեղքերի հետ։ Թե չէ երբեմն մարդկանց թվում է, որ եթե իրենք հանցագործություն չեն կատարել և բանտում ազատազրկված չեն, ուրեմն անմեղ են և իրենց խիղճը հանգիստ է և իրենց չի դատապարտում, ինչպես փարիսեցու ու մաքսավորի առակում փարիսեցին։ Փարիսեցին իր խիղճը խաբող ու ինքն իրեն հանգստացնող մարդու օրինակ է։ Ամեն ինչ լավ է, իր խիղճը հանգիստ է, ինքը ամեն ինչ անում է, ինչպես որ հարկն է, ինքն օրինավոր մարդ է և Աստծու առաջ արդար, հավատացյալ մարդ, որ մաքսավորի նման ուրիշներին վնաս չի տալիս, տասանորդը վճարում է։ Իսկ մաքսավորը ընդամենը ընդունեց իր մեղքերը Աստծու առաջ և մաքրված դուրս եկավ տաճարից։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մարդ-Աստված և մարդ-մարդ հարաբերություններում մեղքը մոլախոտի նման ավելորդ և խանգարող երևույթ է, որից շուտափույթ ազատվել է հարկավոր։

Խաչի երևումը հենց բոլորի համար է, որ բոլորն էլ հիշեն իրենց մեղքերը, իրենց մեղավորությունը, անհոգ ու անտարբեր չապրեն, այլ խորհեն խաչի ու Խաչյալի մասին։

Այո՛, խաչի երևումը խորհելու համար է։ Այսօր էլ, երբ տարբեր վայրերում խաչի երևման դեպքեր են լինում, մարդիկ հիացմունքով պատմում են դրա մասին, սակայն չեն մտածում փորձել հասկանալ երևման խորհուրդն ու Աստծու ասելիքը։

Խաչի երևումը հոգիներում փոփոխություն բերելու համար է, փրկության համար է, ապրեցնելու համար է, լռեցնում է ամբարտավաններին, իսկ երկյուղածներին հաստատում է իրենց հավատքի մեջ։ Խաչեր այսօր էլ երևում են, սակայն ինչ է տեղի ունենում դրա արդյունքում։ Հավատացյալ մարդը մնում է հավատացյալ, իսկ անհավատին նույնիսկ դա չի ստիպում դարձի գալ։ Նա կարող է այդպես էլ շարունակել իր ճանապարհը անհավատության մեջ, և նրա հոգում ոչինչ չփոխվի։ Մի քանիսի համար էլ դա կարող է առիթ լինել՝ դարձի գալու համար։ Սակայն հետաքրքիրն այն է, որ խաչը երևում է մեզ ամեն օր։ Մենք տեսնում ենք մեր շուրջբոլորը կառուցված եկեղեցիները։ Ժամանակ չգտնելով՝ չենք այցելում եկեղեցիներ։ Իսկ եթե մտնում ենք եկեղեցի, զուտ միայն մոմավառության համար. փորձո՞ւմ ենք արդյոք հասկանալ ու ըմբռնել եկեղեցու խորհուրդը, որ խաչի ամենօրյա երևումն է։ Նա ամեն օր մեզ է հայտնում Աստծու պատգամները։ Չէ՞ որ եկեղեցին նույն խաչն է, նույնպես հիացմունքի արժանի, նույն ասելիքն ունի, ինչ որ երկնքում երևացած խաչը, մեզ է պատմում Աստծու փառքը, Աստծու գործերն է հռչակում, խաչի հաղթանակն է ավետում, հայտնում է Խաչյալի հարություն առնելու և երկինք համբառնալու մասին։ Ուստի Աստծու՝ մեզ ուղղված ասելիքը պետք չէ միայն հրաշքի հետ կապել, որովհետև մեր ամեն քայլափոխին Աստծու հրաշալից գործերն են ու առհասարակ Աստծու պարգևած հրաշալից կյանքը։ 

Հիշենք Քրիստոսի՝ խաչի վրա եղած ժամանակ յուրաքանչյուրի պահվածքը։ Հրեաներից նրանք, ովքեր խաչել էին տվել Քրիստոսին, ինքնագոհ կանգնել էին՝ կարծելով, թե պատժել են Աստծուն հայհոյողին։ Սուրբ Աստվածածինն ու Սուրբ Հովհաննես առաքյալը խաչի մոտ Տիրոջ չարչարանքների ու մահվան ականատեսն էին լինում, բայց ոչինչ փոխել չէին կարող։ Մյուս աշակերտները թաքնվել էին։ Պետրոսը ուրացել էր։ Հռոմեացի հարյուրապետը խոստովանեց, որ Աստծու Որդին է խաչի վրա։ Ձախակողմյան ավազակը ամբարտավանի կեցվածքով Հիսուսից պահանջում էր փրկել իրենց, իսկ աջակողմյան ավազակը խոնարհաբար խնդրեց հիշել իրեն Իր գալստան ժամանակ։ Մենք բոլորս կուզենայինք լինել աջակողմյան ավազակը, բայց ո՞վ ենք մենք։ Քննե՛նք մեր խիղճը։    

Սիրելինե՛ր, թող Տերը բացի մարդկանց աչքերը, որպեսզի կարողանան ամեն օր տեսնել խաչի երևումները և հարյուրապետի նման խոստովանել Աստծու Որդուն և աջակողմյան ավազակի նման խոնարհաբար խնդրել. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ» (Ղուկաս 23։42)։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն։   

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

02.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․